Սոնա Մնացականյանի մահվան գործով դատավճիռը Վերաքննիչն անփոփոխ է թողել![]() 19 մայիսի 2026 - 12:03 AMT PanARMENIAN.Net - 29-ամյա հղի կնոջ՝ Սոնա Մնացականյանի մահվան գործով առաջին ատյանի դատարանի վճիռը մնացել է ուժի մեջ. Վերաքննիչը որոշել է անփոփոխ թողնել վարչապետ Նիկոլ Փաշինյանի ավտոշարասյան վարորդ Արամ Նավասարդյանին 1․5 տարվա ազատազրկման դատապարտելու վճիռը, հայտնում է Factor.am-ը: «Վճռաբեկ դատարան ենք դիմելու»,- որոշման հրապարակումից հետո լրագրողների հետ զրույցում ասել է տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ Րաֆֆի Ասլանյանը։ Պաշտպանական կողմը վերաքննիչ բողոքով պահանջել էր արդարացում, իսկ տուժող կողմը՝ ավելի խիստ պատիժ։ Ողբերգական դեպքից 4 տարի անց որևէ մեկն այդպես էլ չի պատժվել, վտանգ կա, որ վաղեմության ժամկետը կանցնի. քրեական վարույթը նախաձեռնվել է նախկին Քրեական օրենսգրքով, ինչը ենթադրում է, որ գործով վաղեմության ժամկետը 5 տարի է. 2027 թվականի ապրիլի 26-ին կլրանա գործով 5 տարին, ինչը կենթադրի քրեական հետապնդման դադարեցում, քրեական պատասխանատվությունից ազատում և գործի կարճում։ 2022 թվականի ապրիլի 26-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանի ավտոշարասյանի անցնելու համար հերթական անգամ փակվել էր Պարոնյան-Լեո փողոցների խաչմերուկը։ 31 շաբաթական հղի Սոնա Մնացականյանը հետիոտնային անցումը փորձել էր հատել հենց այն պահին, երբ արագությունը գերազանցելով՝ սլանում էր Փաշինյանին ուղեկցող շարասյանի մեքենաներից մեկը։ Ոստիկանության մայոր Արամ Նավասարդյանի վարած մեքենան մահացու վրաերթի էր ենթարկել Մնացականյանին։ Պատահարից հետո ո՛չ նա, ո՛չ ուղեկցող մյուս մեքենաների, ո՛չ էլ Փաշինյանի մեքենայի վարորդը չէին դադարեցրել ընթացքը։ Նավասարդյանը ավելի ուշ վերադարձել ու մասնակցել էր քննչական գործողություններին։ Գործով միակ մեղադրյալը նա է, սկզբում ձերբակալվել էր, հետո նրա նկատմամբ ընտրվել էր ստորագրություն չհեռանալու մասին խափանման միջոցը։ Մոտ 3 տարի տևած դատաքննությունից հետո անցած տարվա օգոստոսին դատարանը՝ դատավոր Կարեն Ֆարխոյանի նախագահությամբ, վճռել էր Արամ Նավասարդյանին 1․5 տարվա ազատազրկման դատապարտել և նույնչափ էլ մեքենա վարելու իրավունքից զրկել։ Դատավարական երկու կողմն էլ դատավճիռը բողոքարկել էր Վերաքննիչ դատարան։ Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |