17 հուլիսի 2009 - 13:06 AMT
ԼՂՀ Քաշաթաղի շրջանում ծնելիութան մակարդակը 5 անգամ գերազանցում է մահացության մակարդակը
Ներկայումս Լեռնային Ղարաբաղի Քաշաթաղի շրջանի բնակչությունը կազմում է շուրջ 8000 մարդ: Ինչպես լրագրողներին հաղորդել է Քաշաթաղի շրջանային վարչության ղեկավար Կամո Մարտիրոսյանը, 2008 թվականի հոկտեմբերից բնակչության թվաքանակը մեծանում է: «Մեզ մոտ ծնելիութան մակարդակը 5 անգամ գերազանցում է մահացության մակարդակը: Բացի այդ, բնակչության թվաքանակը համալրվում է շրջանի վերաբնակեցման հաշվին», - հայտարարել է Քաշաթաղի շրջանային վարչության ղեկավարը:

Կամո Մարտիրոսյանի խոսքերով, ԼՂՀ իշխանություններն ամեն ինչ անում են նրանց սոցիալական վիճակի թեթեւացման համար: «Գյուղատնտեսական աշխատանքների իրականացման համար գյուղացիներին անտոկոս վարկեր են տրամադրվում: Արդեն հատկացվել է 260 մլն դրամ վարկ, իսկ ընթացիկ տարվա սեպտեմբերից նրանք կկարողանան վարկ ստանալ անասունների գնման համար», - հայտարարել է Կամո Մարտիրոսյանը:

Խոսելով գոյություն ունեցող խնդիրների մասին, շրջանային վարչության ղեկավարն ընդգծել է, որ դրանք հիմնականում վերաբերում են բնակարանի ապահովմանը, ենթակառույցների զարգացմանը, հաղորդակցության եւ ճանապարհների վերականգնմանը, ջրամատակարարման ապահովմանը: «Մենք ակտիվորեն համագործակցում ենք Հայաստանի Սյունիքի եւ Վայոց ձորի շրջանների հետ: Շրջանում գործում է 46 դպրոց, 33 բուժկետ», - հայտարարել է Կամո Մարտիրոսյանը, հաղորդում է PanARMENIAN.Net-ի թղթակիցը Քաշաթաղից: