Մադրիդյան սկզբունքների կետերից ոչ մեկը հայանպաստ չէ

PanARMENIAN.Net - Մադրիդյան սկզբունքների կետերից ոչ մեկը բարենպաստ չէ հայկական կողմի համար: Այդ մասին Երեւանում կայացած մամլո ասուլիսում հայտարարել է քաղաքագետ Լեւոն Շիրինյանը: «Ըստ մադրիդյան փաստաթղթի, պահանջվում է Ադրբեջանին փոխանցել որոշակի տարածքներ, ցամաքային միջանցք թողնելով Հայաստանի ու Լեռնային Ղարաբաղի միջեւ: Բացի այդ, չի որոշվում Ղարաբաղի կարգավիճակը, եւ այդ հարցը թողնվում է ապագային»,-ասել է քաղաքագետը:



Լեւոն Շիրինյանը նշել է, որ միջազգային հանրությունը բազմիցս է անվտանգության երաշխիքներ տվել Հայաստանին, սակայն պատմությունը ցույց է տալիս, որ այդ երաշխիքները ստանալուն պես հայ ժողովուրդը ենթարկվել է ջարդի ու կոտորածի: «Մենք չպետք է պատրանքներով ապրենք: Առաջին պատրանքն է այն, որ վստահում ենք անվտանգության միջազգային երաշխիքներին, երկրորդը, այն, որ վստահ ենք, թե հնարավոր չէ լուծել ղարաբաղյան հակամարտությունը Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ու ղեկավարության կամքին հակառակ: 1920-ականներին Ղարաբաղը հենց այդպես միացվեց Ադրբեջանին»,-ասել է քաղաքագետը: Նա հավելել է, որ այսօր ուղղակի անհրաժեշտ է տեղափոխել բանակցային գործընթացն այլ հարթություն: «Մենք պետք է բանակցենք միայն Լեռնային Ղարաբաղը որպես ինքնիշխան պետություն ամրագրելու ուղղությամբ: Եթե այս հարցը չի քննարկվում բանակցություններում, ապա ավելորդ է խոսել այլ հարցերի շուրջ»,-ասել է Շիրինյանը:
 Ուշագրավ
Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
---