Ստեփան Սաֆարյան. ՀՀ նախագահի հանդիպումները սփյուռքում իմիտացիոն բնույթ են կրելու

PanARMENIAN.Net - «Հայ-թուրքական Արձանագրությունների ստորագրմամբ սպառնալիքի տակ է դրվում ոչ միայն Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումը, այլեւ ՀՀ-ին քաղաքական, ֆինանսական աջակցությունը հայկական սփյուռքի կողմից»,- այսօր Երեւանում կայացած մամլո ասուլիսին ընդգծել է «Ժառանգություն» կուսակցության խորհրդարանական խմբակցության ղեկավար Ստեփան Սաֆարյանը:



Սաֆարյանի խոսքով, Հայաստանի միակ ռազմավարական դաշնակիցը Սփյուռքն է: «Եթե հայ-թուրքական Արձանագրությունները ստորագրելիս մենք հաշվի չնստենք Սփյուռքի կարծիքի հետ, ապա ապագայում նաեւ չենք կարողանա նրանից որեւէ բան պահանջել»,- ընդգծել է նա:



Խոսելով ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի համահայկական ուղեւորության մասին` «Ժառանգություն» կուսակցության խորհրդարանական խմբակցության ղեկավարը նշել է, որ դա ուշացած քայլ է:



Լրագրողների հարցին այն մասին, թե ինչպես կարձագանքի հայկական սփյուռքն այդ այցերին, նա պատասխանել է, որ ՀՀ նախագահի հանդիպումները սփյուռքում առավել իմիտացիոն բնույթ են կրելու, քան արդեն տեղի ունեցած ներքին քննարկումները հայ-թուրքական Արձանագրությունների հարցի վերաբերյալ: «Մենք գիտենք, որ հայկական սփյուռքի հսկա մի մաս բացասաբար է վերաբերվում հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացին, ուստի Հայաստանի նախագահի հետ այդ հանդիպումներին հիմնականում ներկա են լինելու այն մարդիկ, ովքեր իրենց աջակցությունն են հայտնելու Սարգսյանին»,- ամփոփել է Սաֆարյանը:
 Ուշագրավ
Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ
Ծանուցումների պաշտոնական կայքում ծանուցագրի քաղվածքը տեղադրելու 10-րդ օրը քաղաքացին համարվում է պատշաճ ծանուցված
---