Ռազմիկ Աբրահամյան. Հայաստանում 100 000 նորածիններին 25-28 մահ է բաժին ընկնում

PanARMENIAN.Net - «Վերջին 20 տարիներին բնակչության շրջանում ծնելիության անկում է նկատվում, բայց վերջին տարիներին կրկին աճի միտում կա: 2007-08թթ. Հայաստանում նորածինների քանակը կազմեց 41 000, իսկ արդեն 2009-ին` 43 000»,- «Բնակչություն եւ զարգացում, ձեռքբերումներ եւ մարտահրավերներ, ICPD` 15 տարի անց» համաժողովում հայտնեց Պերինատոլոգիայի, մանկաբարձության եւ գինեկոլոգիայի ինստիտուտի տնօրեն, Գիտությունների Ազգային ակադեմիայի անդամ-թղթակից, Հայաստանի գլխավոր մանկաբարձ-գինեկոլոգ Ռազմիկ Աբրահամյանը:



Նա նշեց նաեւ, որ անհանգստություն են առաջացնում վերարտադրողական տարիքի կանանց մոտ այնպիսի տարածված հիվանդությունները, ինչպիսիք են սակավարյունությունը, հիպերտենզիան, միզածորանների եւ սեռական օրգանների, ինչպես նաեւ սեռական ճանապարհով փոխանցվող հիվանդությունները: Աբրահամյանի խոսքով, Հայաստանում մայրերի մահացությունն ավելի ցածր է, քան ԱՊՀ երկրներում, բայց ավելի բարձր է, քան Եվրոպայի երկրներում: Հիմնականում մահանում են 20-30 տարեկան կանայք, ովքեր բնակվում են գյուղերում, որտեղ հասանելի որակյալ բժշկական օգնություն չկա: Երեխաների մահացության առչնությամբ նա նշեց, որ 100 000 նորածիններին 25-28 մահ է բաժին ընկնում: Պրոֆեսորը նշեց նաեւ, որ զգալիորեն նվազել է աբորտների քանակը. այսօր Հայաստանում յուրաքանչյուր 4 ծնունդին բաժին է ընկնում մեկ հղիության ընդհատում:



Համաժողովին ներկա էին ՄԱԿ Մշտական համակարգող եւ UNICEF ծրագրի ներկայացուցիչ Լեյլի Մոշիրին, Հայաստանի առողջապահության փոխնախարար Թաթուլ Հակոբյանը, ՀՀ ԱԺ առողջապահության հարցերով Մշտական հանձնաժողովի նախագահ Արա Բաբլոյանը եւ այլ հյուրեր: Նրանք նշեցին, որ անցած 15 տարիների ընթացքում Հայստանում նկատելի դրական փոփոխություններ են կատարվել, սակայն դեռեւս բազմաթիվ չլուծված խնդիրներ կան:



Համաժողովը նվիրված է 1994թ. Կահիրեում կայացած «Ժառանգություն ու զարգացում» առաջին համաժողովի 15-րդ հոբելյանին: Այդ համաժողովի մասնակիցները հաստատեցին գործունեության ծրագիրը հաջորդ 20 տարիների համար` ուղղված մարդկանց սոցիալական դրության բարելավմանը, սեռական հավասարության հաստատմանը եւ պայքարին ՄԻԱՎ/ՁԻԱՀ դեմ եւ այլ գործողություններին:
 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
---