ՀՀ ղեկավար. Հայ հասարակայնության ընկալումն ու վարքի կանոնները պետք է փոխել

PanARMENIAN.Net - Դեկտեմբերի 12-ին «Օրինաց Երկիր» կուսակցության 9-րդ համագումարում ողջույնի խոսքով հանդես եկավ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը: Իր խոսքում նախագահը նկատեց, որ «Օրինաց Երկիր» կուսակցությունը, որը կառավարող կոալիցիայի կազմում է, հստակ դիրք է զբաղեցնում երկրի քաղաքական կյանքում:



Պետության ղեկավարը Հայաստանի Հանրապետական կուսակցության անունից գոհունակություն հայտնեց արգասաբեր համագործակցության հարցում եւ նշեց, որ «մեր համագործակցությունը «Օրինաց Երկիր» կուսակցության հետ ուղղված է Հայաստանի զարգացմանը»: Նա ավելացրեց նաեւ, որ իրավական պետության ձեւավորման գործում Հայաստանը հաջողության կհասնի միայն հանդուրժողականության, սոլիդարության եւ պլյուրալիզմի բարձր մակարդակի առկայության դեպքում: «Այդ ուղղությամբ որոշակի փոփոխություններ են նկատվում, բայց, ըստ իս, դրանք բավական չեն»,- նկատեց նախագահը:



Սարգսյանն ընդգծեց, որ հաճախ ՀՀ ղեկավարության գաափարները` ուղղված արդար ու հզոր հասարակայնության ձեւավորմանը, նպատակաուղղված կերպով խեղաթյուրվում են կոնկրետ անձանց կողմից, երբեմն միայն այն բանի համար, որպեսզի մեկ ուրիշը հաջողության չհասնի: «Իհարկե, անհնար է մեկ հարվածով արմատախիլ անել այդ ամենը: Դա աստիճանական գործընթաց է, որի ընթացքում հարկավոր է փոխել հասարակայնության միջավայրն ու մթնոլորտը, ընկալումն ու վարքի կանոնները: Եւ այստեղ շատ անելիք ունեն բոլոր նրանք, ովքեր գտնում են, որ այդպես այլեւս չի կարող շարունակվել»,- նշեց Սերժ Սարգսյանը:



Խոսելով երկրի սոցիալական խնդիրների մասին` նախագահը նշեց, որ չնայած բազմաթիվ արտաքին մարտահրավերներին ու տնտեսական ճգնաժամին, գալիք տարվա համար նախատեսված բոլոր սոցիալական ծրագրերը պարտադիր իրականացվելու են:



Իր ելույթի վերջում նախագահը հաջողություն մաղթեց «Օրինաց Երկիր» կուսակցությանը բոլոր հետագա նախաձեռնություններում:
 Ուշագրավ
Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ
Ծանուցումների պաշտոնական կայքում ծանուցագրի քաղվածքը տեղադրելու 10-րդ օրը քաղաքացին համարվում է պատշաճ ծանուցված
---