“Շպիգել”. “Հայոց ցեղասպանության վերջին վկաներն արդեն մահվան շեմին են”

“Շպիգել”. “Հայոց ցեղասպանության վերջին վկաներն արդեն մահվան շեմին են”

PanARMENIAN.Net - Գերմանական ազդեցիկ “Շպիգել” հանդեսը վերջին` ապրիլի 3-ի համարում, “Անցյալի չարքերը” հրապարակմամբ, անդրադարձ է կատարել Հայոց ցեղասպանությանը` ներկայացնելով ծավալուն հրապարակում պատմական փաստի մասին, ինչպես նաև հարցազրույց` ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հետ:

Դանիել Շթայնվորթի, Բենջամին Բիդերի, Բեռնարդ Զանդի համահեղինակությամբ կազմված հոդվածում նկարագրվում է հարյուրամյա վաղեմության արհավիրքը` վկայաբերելով մեր օրերի վերապրածների վկայությունները:

”95 տարի է անցել այն ապրիլից, երբ սկսվեց Հայոց ցեղասպանությունը”,- գրում է “Շպիգելն” ու նախևառաջ ներկայացնում այդ արհավիրքը վերապրածներին, ավելի ճիշտ` նրանցից երկուսին: Մեկը երևանաբնակ 100-ամյա Տիգրանուհի Ասատրյանն է, ով արդեն երկու տարի է` կորցրել է համի զգացումը, մեկ տարի առաջ էլ դադարել է տեսնել:

”Մահվանս եմ սպասում”,- հանդեսը մեջ է բերում ահասարսուռ տառապանքներ տեսած կնոջն ու գրում. “92 տարի առաջ նա սպասում էր թուրքական այսօրվա սահմանի հակառակ կողմում գտնվող մի գյուղում` տներից մեկի նկուղում: Փողոցում մի հայ տղա էր պառկած` սպանված: Հարևան տներից մեկում կանանց էին բռնաբարել. (ութամյա աղջնակը լսում էր նրանց գոչյունները): Կան բարի ու չար թուրքեր”,- ասում է նա: Չար մարդիկ պատանիներին էին սպանում: Բարիները օգնեցին իրեն ու իր ընտանքին փախչել նահանջող ռուսական զորքի հետ”:

Ցեղասպանության մյուս ականատեսին “Շպիգելը” սահմանի մյուս կողմում է գտել: “Ֆերմեր Ավետիս Դեմիրչին 97 տարեկան է, և հավանաբար նա Թուրքիայում ցեղասպանությունը վերապրած վերջին հայն է”,- ներկայացնում է հանդեսն ու վերաշարադրում ծերունու պատմությունը.

”1915 թվականի հուլիսին թուրք ժանդարմները հասան գյուղին: Երբ մենք փախչում էինք, հայրս ինձ կապել էր մեջքին,- ասում է Դեմիրչին,- այդ մասին ծնողներս են պատմել”: Նրա ու շրջակայքի մյուս վեց գյուղերի բնակիչները` որսորդական հրացաններով ու ատրճանակներով ամրացան Մուսա լեռան` Մովսեսի սարի վրա: 18 տարի անց ավստրիացի գրող Ֆրանց Վերֆելը “Մուսա լեռան քառասուն օրը “ վեպում նկարագրում է զինվորականներին բնակիչների ցույց տված դիմադրության մասին”:

“Ժամանակակից Թուրքիայի արևելյան հատվածում 1915-ից մինչև 1918 թվականը կոտորվել կամ դեպի հյուսիսսիրիական անապատներ տանող բռնագաղթի ճանապարհին սպանվել է 800 000-ից մինչև 1,5 միլիոն մարդ: Դա 20-րդ դարի առաջին ցեղասպանությունն էր: Դրանից հետո այլ ցեղասպանություններ էլ են տեղի ունեցել` եվրոպական հրեաների, Կամբոջայում, Ռուանդայում”:

Հոդվածի հաջորդ հատվածում հեղինակներն անդրադառնում ու ներկայացնում են այն հանգամանքները, որոնք խանգարել են հայ ժողովրդին` բարձրացնել արդարացի պահանջ: ”Մինչ օրս ապրող ժողովրդի մի մասը կոտորված, մի մասն` աշխարհի տարբեր երկրներում ցրիվ եկած, և մի փոքր մասը` մեկուսացված երկրում, տասնամյակներ պահանջվեց սեփական աղետի պահանջը բարձարցնելու համար”,- գրում է “Շպիգելը” ու տեղեկացնում, որ միայն 20-րդ դարի վաթսունական թվականներին, այն էլ Մոսկվայի հետ տևական քննարկումներից հետո, հայերը համարձակվեցին հուշահամալիր կառուցել:

Պատմական փաստն անտեսելու այս դրսևորման պատճառների մասին գերմանացի հեղինակները լավագույնս տեղեկացված են. “Թուրքիան, որի տարածքում է տեղի ունեցել ոճրագործությունը, մինչ օրս հրաժարվում է ճանաչել Օսմանյան կայսրության իշխանությունների արարքները: Գերմանիան` Առաջին աշխարհամարտի տարիներին Օսմանյան կայսրության դաշնակիցը, ու Խորհրդային Միությունը` երիտասարդ Թուրքիայի Հանրապետության հետ բարեկամական իր կապերով, որևէ շահ չէին տեսնում Ցեղասպանության մասին հրապարակավ խոսելու մեջ”:

Այստեղ “Շպիգելը” զարմանք է արտահայտում, որ “մինչ օրս Գերմանիան պաշտոնապես չի ճանաչել Հայոց ցեղասպանությունը”, և տեղեկացնում է, որ “գերմանական բունդեսթագը 2005 թվականին Թուրքիային կոչ արեց ընդունել սեփական “պատմական պատասխանատվությունը”` սակայն չօգտագործելով “ցեղասպանություն” տերմինը”:

Քննարկումների բացակայությունն, ըստ հեղինակների, բացի արդարադատության հետաձգումից, մեկ այլ վնաս էլ էին ենթադրում` ժամանակի հետ դժվարանում է Հայոց ցեղասպանության դեպքերի վերականգնումը. «Հայկական աղետի մասին պատմող լուսա և տեսանյութերի սակավությունը` համեմատած Հոլոքոստի ու հետագա մյուս բոլոր ցեղասպանությունների հետ, լրացուցիչ բարդացնում էին տեղի ունեցածի վերականգնումը”:

Հանդեսը ներկայացնում է գերմանացի փաստագրող Էրիկ Ֆրիդլերի “Աղետ” (գերմաներենում օգտագործվել է “Aghet”) ֆիլմը, որը առաջիկա ուրբաթ օրը հեռարձակվելու է գերմանական ալիքներից մեկով: “Շպիգելի” ներկայացմամբ, ֆիլմը հիմնված է այդ օրերին Թուրքիայում գործունեություն ծավալած դիվանագետների, ճարտարագետների ու միսիոներների վկայությունների վրա, որոնց ուսումնասիրությունն, ըստ թերթի, զարմացրել է անգամ ֆիլմի համար խորհրդատվություն ապահոված պատմաբանին: Ըստ հեղինակների, արխիվներում հարուստ վկայություններ կան, որոնք անգամ արխիվագետներին են անծանոթ:

Դառնալով ֆիլմին` “Շպիգելը” գրում է, որ այն ոչ թե փաստագրական դրամայի ոճով է, այլ` չոր տեքստային. ժամանակակից դերասաններն ընդամենը մարմնավորում են Հայոց ցեղասպանության ականատեսներին ու ու առաջին դեմքով ներկայացնում նրանց վկայությունները` բնօրինակով:

”Առաջինը դերասան ու գրող Հանս Ցիշլերն է (“Ժամանակի վազքում”), ով ներկայացնում է արևելաանատոլիական Հարպուտ քաղաքում ԱՄՆ հյուպատոս Լեսլի Դեյվիսի տպավորությունները”,- նշվում է հոդվածում և տեղեկացվում, որ հիշյալ քաղաքից հազարավոր հայեր միաժամանակ տեղահանվել են ու մահվան երթերով ուղղարկվել հարավ-արևելք: Այս իրողության մասին Լեսլի Դեյվիսն արձանագրել է, իսկ ֆիլմում նրա դերակատարը կրկնել. “1915 թվականի հունիսի 28-ին hրապարակավ հայտարարվեց, որ բոլոր հայերը երկիրը պետք է հինգ օրում լքեն: Այնպիսի սարսափելի կոտորած եղավ, որ տեղահանումները դրա հետ համեմատած հումանիստական էին”:

Հաջորդ առանցքային վկայախոսը ԱՄՆ դեսպան Հենրի Մորգենթաուն է, ում դերը ֆիլմում խաղում է Ֆրիդրիխ ֆոն Թունը (վերջինս հայտնի է “Շինդլերի ցուցակը” հռչակավոր ֆիլմից):

Հանդեսը հակիրճ նկարագրում է դեսպան Մորգենթաուի մի քանի վկայություններ, որ տեղ են գտել նաև ֆիլմում. “Նա պատմում է ներքին գործերի նախարար Թալեաթ փաշայի հետ հանդիպումների մասին, ով նրան հայտնել է հայերին “վտանգազերծելու” հարցը “վերջնականապես լուծելու” օպերացիան սկսելու մասին: Ցեղասպանության ավարտից հետո նա հրավիրում է նրան ու հարց տալիս, որը Մորգենթաուի կարծիքով, “երբևէ լսած ամենազարմանալի բանն էր”` Թալեաթը պահանջում է ամերիկյան “Նյու Յորք ինշյուրենս” և “Նյու Յորք էքվիթեյբլ լայֆ” ապահովագրական ընկերությունների հայ հաճախորդների ցուցակը: Հայերն արդեն սպանված էին` առանց ժառանգ թողնելու: Այդպիսով ժառանգորդը դառնում էր կառավարությունը: Մորգենթաու. “Ես, բնականաբար, մերժեցի այդ առաջարկը”:

Այսպես ֆիլմում բազմաթիվ դերասաններ, ըստ հանդեսի, խոսում են ականատեսների անունից. “Մարթինա Գեդեկն ու Կատարինա Շյութլերը ներկայացնում են շվեդ ու շվեյցարացի միսիոներուհիների տպավորությունները. Հաննա Հերզշպրունգն ու Լյուդվիգ Տրեպտեն` երկու վերապրածների, Պետեր Լոմայերը` գերմանացի հյուպատոս Վիլհելմ Լիթենի օրագիրը` այդ օրերի ամենահուզիչ վկայագրերից մեկը: 1916 հունվարի 31-ին Լիթենը գտնվում է Դեյր Զորի ու Տիբնիի միջև` այսօրվա Սիրիայում, ու գրում է. “Կեսօրվա ժամը մեկն է: Ճանապարհին` ձախ կողմում երիտասարդ կին է ընկած` մերկ, հագին միայն դարչնագույն գուլպաներ են, գլուխն առնված է ձեռքերի մեջ: Կեսօրի ժամը 1.30, աջ ճամփեզրին սպիտակ մորուքով ծերունի է` մերկ, մեջքի վրա պառկած: Երկու քայլ հեռու պատանի է ընկած` մերկ, ամորձատված”:

Ըստ հանդեսի, ֆիլմում անդրադարձ է կատարվում նաև Թուրքիայի դաշնակիցների “արդարացումներին” ու գնահատական տրվում դրան. “Գերմանիայի այն ժամանակվա ռեյխսկանցլեր Թեոբալդ ֆոն Բեթման-Հոլվեգի ռեպլիկը` գերմանացի դեսպանի առաջարկի առթիվ, որ օսմանյան դաշնակիցները բացահայտ մեղադրվում են հանցագործության համար, սահմռկեցուցիչ է. “Մեր միակ նպատակն այն է, որ Թուրքիային մինչև պատերազմի ավարտը պահեինք մեր կողմում` անկախ նրանից հայերը կսպանվեն, թե ոչ”:

”Տասնամյակներ շարունակ Ցեղասպանությունից հետո ծնված հայերը տառապում են և գրգռվում. “Ողբերգությունը,- ասում է Հայկ Դեմոյանը, Երևանի Ցեղասպանության ինստիտուտի տնօրենը,- դարձավ մեր ազգային նույնացման հիմքը”: Նաև նախագահ Սերժ Սարգսյանն է կարծում. “Ոճրագործությունը չկրկնվելու լավագույն ճանապարհն այն միանշանակ դատապարտելն է:

Դրանից հետո ծնված թուրքերը հանգիստ քնել են: Մուստաֆա Քեմալ Աթաթուրքը` հանրապետության հիմնադիրը` արմատապես խզեց Օսմանյան կայսրության ու Թալեաթի, Էնվերի, Ջեմալի` Ցեղասպանության երեք հիմնական պատասխանատուների հետ եղած կապը: Նա ընդունեց այդ “ամոթը”, որն իր հետևորդները մինչ օրս ժխտում են, բայց նա իր թիմ վերցրեց այն պետական ծառայողներին ու զինվորականներին, ովքեր անմիջական մասնակցություն են ունեցել դրան”:

Հոդվածագիրները նկատում են, որ այսօր, առաջին հերթին, հայկական սփյուռքի ճնշումների ներքո են “անցյալի չարքերը կրկին զարթնում”: Ըստ հանդեսի, ամեն գարուն` ապրիլի 24-ն ազդանշան է դառնում, որպեսզի “տարբեր խորհրդարաններ բանաձև ընդունեն Ցեղասպանության փաստը ճանաչելու մասին. 2001-ին` Ֆրանսիան, 2003-ին` Շվեյցարիան, այս տարի` ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովն ու Շվեդիայի խորհրդարանը”:

Ամփոփելով` հոդվածը` “Շպիգելը” ներկայացնում է Ֆաթհ Չեթինի աներևակայելի պատմությունը. “Ստամբուլցի փաստաբան Ֆաթիհ Չեթինը ութսունականների սկզբին հայտնեց, որ “ինքը հայկական արմատներ ունի”: Նրա Սեհեր տատը իրեն վստահել էր իր տառապալից տասնամյակների մասին պատմությունը: Երեխա ժամանակ Սեհերը` հայկական անունը Հրանուշ, 1915-ին ականատես է եղել, թե ինչպես են իրենց գյուղի տղամարդկանց կոկորդները կտրել: Նա ինքն էլ վերապրել է դա, որդեգրվել է մի թուրք սպայի ընտանիքում, մեծացել որպես մահմեդական աղջիկ ու ամուսնացել թուրքի հետ: Նա տասնյակ հազարավոր “քողարկված հայերից” մեկն էր, ովքեր փախան մարդասպաններից ու “թուրքացվեցին”: Տատիկի այդ անկեղծությունը շոկ առաջացրեց թոռնիկի մոտ, և նա սկսեց շրջապատին այլ աչքերով նայել: 2004 թվականին Չեթինը գրեց իր ընտանիքի պատմության մասին: “Իմ տատիկը” գիրքը դարձավ բեսթսելեր, ընթերցողների մեծ մասը Չեթինին երախտագիտության խոսքեր էին հղում: Ոմանք նրան վիրավորում էին` “դավաճան” անվանելով: Բայց տաբուն կոտրվեց»:

Նկատենք, որ ծավալուն հոդվածում “Շպիգելը” զետեղել է նաև Հայոց ցեղասպանությանը վերաբերող բազմաթիվ լուսանկարներ, ինչպես նաև տեղահանությունների ու համակենտրոնացման ճամբարների սխեմատիկ քարտեզ: Հանդեսը նույն հոդվածի հետ մեկտեղ հրապարակել է նաև ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հետ հարցազրույց, որտեղ հանրապետության ղեկավարը բացի Հայոց ցեղասպանության ու դրա միջազգային ճանաչման անհրաժեշտության մասին հարցերից, խոսել է նաև հարևանների հետ Հայաստանի հարաբերությունների ու տարածաշրջանային խնդիրների լուծման հրամայականի մասին:

 Ուշագրավ
Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
---