“Հրազդան-5”-ի շինարարական աշխատանքներն ընթանում են ժամանակացույցին համապատասխան

PanARMENIAN.Net - Ապրիլի 6-ին Հրազդանի ՋԷԿ-ի 5-րդ բլոկի վարչական տարածքում տեղի ունեցավ “ՀայՌուսգազարդ” ՓԲԸ Վարչության հերթական նիստը: Օրակարգում քննարկվել են Ընկերության 2010թ. Ֆինանսա-տնտեսական գործունեության, գազի տնտեսության վերականգնման և զարգացման, ներդրումային ծրագրերի վերաբերյալ նախագծերը:

“ՀայՌուսգազարդ” ՓԲԸ Վարչության անդամները և Ընկերության Վարչության նախագահ-գլխավոր տնօրեն Կարեն Կարապետյանն այսօր աշխատանքային այցով եղան Հրազդանի ՋԷԿ-ի 5-րդ էներգաբլոկի շինհրապարակում, ծանոթացան աշխատանքերի ընթացքին:

Ամփոփելով շրջայցի արդյունքները` “ՀայՌուսգազարդ” ՓԲԸ Վարչության նախագահի տեղակալ ("Գազպրոմ" ԲԲԸ Մերձավոր արտերկրների հետ աշխատանքի Վարչության պետ) Անատոլի Պոդմիշալսկին նշեց, որ Հրազդանի ՋԷԿ-ի 5-րդ էներգաբլոկի շինարարությունն ընթանում է ժամանակացույցի համաձայն եւ համոզմունք կա, որ այն շահագործման կհանձնվի նույնպես սահմանված ժամկետներում, եւ “այս տարի մենք կունենանք եզակի 5-րդ էներգաբլոկ, որը Հայաստանին հնարավորություն կընձեռի ստանալ մեծ քանակությամբ էժան էլեկտրաէներգիա, իսկ ներդրողներին՝ միջոցների փոխհատուցվելիություն”: Ֆինանսական ճգնաժամի պայմաններում “ՀայՌուսգազարդ” ՓԲԸ-ի “Հրազդան-5”-ի շինարարության տնօրինությունը շարունակում է 5-րդ էներգաբլոկի արդիականացման ծրագրի իրականացումը:

2006 թվականին Հայաստանի Հանրապետության կառավարության և “Գազպրոմ” ԲԲԸ-ի միջև կնքված Համաձայնագրի շրջանակում “ՀայՌուսգազարդ” ՓԲԸ-ն ստանձնեց բլոկի շինարարությունն ավարտելու և այն արդիականացնելու աշխատանքները: Ծրագիրը նախատեսում է ժամանակակից գազատուրբինների տեղադրում, ինչպես նաև շոգետուրբինային և գազատուրբինային տեխնոլոգիաների համակցում, ինչը նախագիծը դարձնում է եզակի և աննախադեպ ԱՊՀ երկրներում: էներգաբլոկի հզորությունը հասցնելով 480 ՄՎտ-ի և շահագործելով այն, “ՀայՌուսգազարդ” ՓԲԸ-ն ծրագրում է մասնաբաժին ապահովել էլեկտրաէներգիայի արտադրության շուկայում և ավելացնել էլեկտրաէներգիայի արտահանման ծավալները հարևան երկրներ:

”Հրազդան-5”-ի էներգաբլոկի թողարկման-կարգաբերման աշխատանքները նախատեսվում է ավարտել 2010թ. կեսերին: 2006-2009թթ. ընթացքում Հրազդանի ՋԷԿ-ի 5-րդ էներգաբլոկի շինարարության ավարտի և արդիականացման նպատակով ներդրվել է շուրջ 393,5 մլն ԱՄՆ դոլար, որից 248,8 մլն ԱՄՆ դոլարը` գույքային համալիրի ձեռքբերման նպատակով: Ներդրումները կատարվել են ինչպես սեփական, այնպես էլ փոխառու միջոցների հաշվին: Փոխառու միջոցների ներգրավման հարցում “ՀայՌուսգազարդ” ՓԲԸ համագործակցում է մի շարք տեղական և արտասահմանյան ֆինանսական հաստատությունների հետ` երկարաժամկետ վարկեր ստանալու ուղղությամբ:

Ծրագրի շրջանակում “Հրազդան-5”-ի տնօրինությունը շուրջ 109 պայմանագրեր ունի կնքած տեղական 49 և արտասահմանյան 60 կազմակերպությունների հետ` նախագծային, մատակարարման, շինմոնտաժային, կարգաբերման-թողարկման և այլ աշխատանքներ կատարելու համար:

Աշխատանքներն ընթանում են սահմանված ժամանակացույցի համաձայն: 60 օբյեկտներում միաժամանակ կատարվող շինմոնտաժային աշխատանքներում ներգրավված են ավելի քան 900 մասնագետ:

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---