Երևանը բարձր է գնահատում Ղարաբաղի շուրջ խաղաղ գործընթացն առաջ տանելու` ԵԱՀԿ ՄԽ համանախագահ երկրների նախագահների ցանկությունը

Երևանը բարձր է գնահատում Ղարաբաղի շուրջ խաղաղ գործընթացն առաջ տանելու` ԵԱՀԿ ՄԽ համանախագահ երկրների նախագահների ցանկությունը

PanARMENIAN.Net - Հայաստանը բարձր է գնահատում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների ղեկավարների` Ռուսաստանի, Միացյալ Նահանգների և Ֆրանսիայի նախագահների ցանկությունը և հետևողական ջանքերը աջակցելու հակամարտության կողմերին` մոտեցնելու դիրքորոշումները և առաջ ընթանալու հիմնախնդրի խաղաղ կարգավորման ուղղությամբ: Այս մասին հայտնել է ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը` մեկնաբանելով հունիսի 26-ին Կանադայում տեղի ունեցող Մեծ Ութնյակի գագաթաժողովի շրջանակներում ԱՄՆ, Ֆրանսիայի և Ռուսաստանի նախագահներ Բարաք Օբամայի, Նիկոլյա Սարկոզիի և Դմիտրի Մեդվևի ընդունած համատեղ հայտարարությունը` ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման վերաբերյալ: Նրա խոսքով, կարևոր է, որ Կանադայում Մեծ Ութնյակի գագաթաժողովի շրջանակներում արված հայտարարությունը, հղում կատարելով 2009 թ. հուլիսի 10 ի Լ'Աքվիլայի հայտարարությանը կից դրույթներին, կրկին վերահաստատում է այն սկզբունքները, որոնք Հայաստանը բազմիցս հայտարարել էր` որպես հիմնախնդրի կարգավորման հիմնարար սկզբունքներ: «Դրանք են` Ղարաբաղի վերջնական կարգավիճակը պետք է որոշվի իրավական պարտադիր ուժ ունեցող Լեռնային Ղարաբաղի ժողովրդի կամքի արտահայտմամբ, ինչը նշանակում է ԼՂ ժողովրդի ինքնորոշման իրավունքի իրացման ճանաչում; անխափան ցամաքային կապ պետք է լինի Հայաստանի և Արցախի միջև, և պետք է ապահովվեն անվտանգության միջազգային երաշխիքներ: Հայտարարության մեջ հիշատակված մադրիդյան առաջարկությունների տարրերը ևս մեկ անգամ հիշեցնում են Լ'Աքվիլայի հայտարարությանը կից մադրիդյան փաստաթղթի հրապարակված դրույթները: Իսկ Հայաստանը դեռ երկու տարի առաջ հայտարարել էր, որ ընդունում է, ճանաչում է մադրիդյան փաստաթուղթը որպես բանակցությունների հիմք»,- նշել է ՀՀ ԱԳ նախարարը:

Ըստ Էդվարդ Նալբանդյանի, համանախագահ երկրների ղեկավարները փաստում են, որ 2007 թ. մադրիդյան առաջարկությունների հիման վրա ընթացող բանակցություններում կարևոր քայլ է գրանցվել, հատկապես ուղիղ10 օր առաջ Սանկտ-Պետերբուրգում կայացած հանդիպմանը, որտեղ կողմերը արձանագրեցին այն, ինչին հասել են առ այսօր հանդիպումների արդյունքում և պայմանավորվեցին շարունակել բանակցությունները հենց դրա հիման վրա: «Գալիք օրերը ցույց կտան, թե արդյոք Ադրբեջանը պատրաստ է շարժվել այդ ուղիով, թե շարունակելու է իր ռազմատենչ կեցվածքը` փորձելով ձախողել խաղաղ գործընթացը նոր սադրիչ և ապակառուցողական քայլերով»,- ընդգծել է Հայաստանի արտգործնախարարը, հաղորդում է ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունը:

ԵԱՀԿ ՄԽ համանախագահ երկրների նախագահների ընդունած համատեղ համատեղ հայտարարության մեջ ասվում է. «Մենք`ԵԱՀԿ ՄԽ համանախագահ երկրների` Ռուսաստանի, ԱՄՆ և Ֆրանսիայի նախագահներս հաստատում ենք մեր աջակցությունը Հայաստանի ու Ադրբեջանի նախագահներին` Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման շուրջ հիմնարար սկզբունքների հիման վրա վերջնական համաձայնագրի մշակման հարցում: Մենք ողջունում ենք այն փաստի ճանաչումը, որ հստակ կարգավորումը պետք է հիմնված լինի Հելսինկյան եզրափակիչ ակտի և Ակվիլում 2009 թվականի հուլիսին մեր կատարած հայտարարության վրա, որոնք պարունակում են Լեռնային Ղարաբաղին կից տարածքների վերադարձը, Լեռնային Ղարաբաղի միջանկյալ կարգավիճակը` անվտանգության ու ինքնավարության երաշխիքով և Հայաստանի ու Լեռնային Ղարաբաղի միջև միջանցքը: Լեռնային Ղարաբաղի վերջնական իրավական կարգավիճակը պարզ կլինի ավելի ուշ` բնակչության կամքի արտահայտման ճանապարհով: Փախստականներն ու ներքին կարգով տեղափոխված անձինք պետք է միջազգային երաշխիքների պայմանով` ներառյալ խաղաղապահական օպերացիաները, վերադառնան մշտական բնակության վայրեր:

Հայաստանի ու Ադրբեջանի նախագահները պետք է կատարեն հաջորդ քայլն ու կարգավորման հիմնարար սկզբունքներով աշխատեն հաշտության պայմանագրի մշակման մեկնարկի համար: Մենք մեր նախարարներին ու համանախագահներին հանձնարարել ենք շարունակել աջակցություն ցուցաբերել երկու կողմերին` Ալմա-Աթայում ԵԱՀԿ ոչ պաշտոնական նախարարական գագաթաժողովի դաշտում համատեղ հանդիպման նախապատրաստության նպատակով առկա տարաձայնությունները հաղթահարելու համար», հաղորդում է Սպիտակ տան մամլո ծառայությունը:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---