Սերժ Սարգսյանը չի մասնակցի Լիսաբոնում կայանալիք ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին

Սերժ Սարգսյանը չի մասնակցի Լիսաբոնում կայանալիք ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին

PanARMENIAN.Net - Նոյեմբերի 20-ին նախատեսված էր Հայաստանի Հանրապետության նախագահի մասնակցությունը ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի շրջանակներում անցկացվող` «Աֆղանստանում ՄԱԿ-ի մանդատով ՆԱՏՕ-ի ղեկավարած Միջազգային անվտանգության աջակցման ուժերին մասնակցող երկրների ղեկավարների հանդիպմանը»: Հայաստանը կարեւորում է ՆԱՏՕ-ի հետ իր համագործակցությունը, որն ընթանում է Եվրաատլանտյան գործընկերության խորհրդի շրջանակներում և անհատական գործընկերության գործողությունների ծրագրի հիման վրա: Այդ համագործակցության ծավալների ու ձևերի հետևողական աճ է արձանագրվում: Հայաստանն այսօր ակտիվ ներգրավվածություն ունի «Գործընկերություն հանուն խաղաղության» ծրագրի շրջանակներում անցկացվող բազմաթիվ վարժանքների, ուսումնական ծրագրերի, զորավարժությունների: Որպես գործընկեր երկիր` Հայաստանը վերջին տարիներին նաև նման զորավարժություններ հյուրընկալել է իր տարածքում: Մենք բարձր ենք գնահատում Հյուսիսատլանտյան դաշինքի ներդրումը ՀՀ զինված ուժերի բարեփոխման գործընթացին: Հայաստանի Հանրապետության մասնակցությունը ՆԱՏՕ-ի խաղաղապահ գործողություններին Կոսովոյում եւ Աֆղանստանում արդյունավետ փոխգործակցության լավագույն դրսևորումներից է:

Այդ համագործակցությունը, համաձայն մեր երկրի ազգային անվտանգության ռազմավարության, Հայաստանի անվտանգության մակարդակի բարձրացման բաղադրիչներից է: Այդ առումով հատկապես կարևորվում են Հայաստանի համար կենսական խնդիրների շուրջ ընդունվող փաստաթղթերի բովանդակությունն ու դրանցում տեղ գտնող ձևակերպումները, որոնք պետք է ուղղված լինեն տարածաշրջանում անվտանգության ամրապնդմանը:

Հայկական կողմը բազմիցս ընդգծել է հակամարտությունների լուծման ընդհանրական ձևակերպումների անընդունելիությունը: ՆԱՏՕ-ի Լիսաբոնյան համաժողովի հռչակագրի նախագծում հարավկովկասյան կոնֆլիկտների լուծման նախկին ընդհանրացված ձեւակերպման պահպանումը, որում հղում է կատարվում ԵԱՀԿ կողմից հռչակված սկզբունքներից միայն մեկին, վատ ազդակ կարող է դառնալ և լրացուցիչ բարդություններ ստեղծել ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորման բանակցային գործընթացում, հատկապես` վերջին շրջանում Ադրբեջանի ռազմական ծախսերի աննախադեպ աճի և նրա ղեկավարության հայատյաց հռետորաբանության ֆոնի վրա:

Ինչպես հայտնում է նախագահի մամլո ծառայությունը, հաշվի առնելով այս մտահոգությունը` Հայաստանի Հանրապետության նախագահը որոշում է կայացրել չմեկնել Լիսաբոն: Նշված հանդիպմանը կմասնակցեն Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի և պաշտպանության նախարարները:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---