Փորձագիտական գնահատականները վկայում են. Ղարաբաղում նոր պատերազմի հրահրումը կարող է Ադրբեջանի վերջին սխալը դառնալ

Փորձագիտական գնահատականները վկայում են. Ղարաբաղում նոր պատերազմի հրահրումը կարող է Ադրբեջանի վերջին սխալը դառնալ

PanARMENIAN.Net - Վերջին ժամանակներս միջազգային փորձագետներն ու տարբեր երկրների ԶԼՄ-ներ պարբերաբար հանդես են գալիս Հարավային Կովկասի երկրների Զինված ուժերի մարտական պատրաստվածության գնահատականով: Եվ այդ գնահատականները վկայում են. Ադրբեջանի բանակը, չնայած ադրբեջանական իշխող շրջանակների ներկայացուցիչների վստահեցումներին, այդպես էլ լիարժեք բանակ չի դարձել և կարող առավելության հասնել միայն իր քանակով: Ամերիկյան Jane’s Intelligence հետազոտական կենտրոնը նշում է Ադրբեջանի քանակական գերազանցությունը, բայց դրա հետ մեկտեղ կասկածում է, թե այն կվերաճի որակականի: Այստեղ հաշվի են առնվում Ղարաբաղի աշխարհագրական դիրքը, ՀՀ ռազմական դաշինքը Ռուսաստանի հետ, ներքաղաքական իրավիճակը:

Միջազգային ճգնաժամային խումբն իր հերթին, պնդելով, որ Ադրբեջանը լրջորեն պատրաստվում է Լեռնային Ղարաբաղի համար Հայաստանի հետ պատերազմի, հայտարարում է, որ հայկական ԶՈւ-ն մարտական պատրաստվածության տեսակետից գերազանցում է ադրբեջանական բանակին, որտեղ նախկինի նման տիրում է կոռուպցիան: Ավելին, չնայած Ադրբեջանի ակնհայտ առավելությանը` ռազմական ծախսերի իմաստով, պատերազմի դեպքում բազմաթիվ գործոններ կարող են հանդես գալ Հայաստանի օգտին:

Անգամ Ադրբեջանի համար բարեկամական Թուրքիայի առաջատար թերթերից մեկը` Zaman-ը խոստովանում է, որ անկախ փոքր տարածքից ու բնակչությունից, հայկական բանակը համարվում է տարածաշրջանի ամենապրոֆեսիոնալ, գրագետ ու հմուտ բանակը:

Եվ որքան էլ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարի, որ «Ադրբեջանի բանակն ամենահզորն է տարածաշրջանում», փորձագիտական գնահատականները վկայում են, որ Ղարաբաղում նոր պատերազմի հրահրումը կարող է Ադրբեջանի վերջին սխալը դառնալ: Ինչպես հայտարարել է ղարաբաղյան պատերազմի հերոս, Արցախի հերոս, գեներալ-մայոր Արկադի Տեր-Թադևոսյանը (Կոմանդոս), Ղարաբաղում պատերազմի վերսկսման դեպքում Հայաստանը կարող է կորուստներ կրել սկզբնական փուլում, սակայն հետո հավասարակշռություն կհաստատվի և հայկական կողմին կհաջողվի ոչ միայն ետ բերել կորցրածը, այլ ավելի մեծ տարածք գրավել:

 Ուշագրավ
Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ
Ծանուցումների պաշտոնական կայքում ծանուցագրի քաղվածքը տեղադրելու 10-րդ օրը քաղաքացին համարվում է պատշաճ ծանուցված
---