Հայաստանի ԱԺ ղեկավարը հրավիրել է իր իրաքցի գործընկերոջը Հայաստան

Հայաստանի ԱԺ ղեկավարը հրավիրել է իր իրաքցի գործընկերոջը Հայաստան

PanARMENIAN.Net - Ապրիլի վերջին շաբաթվա ընթացքում Իրաքում Հայաստանի դեսպան Մուրադ Մուրադյանն ունեցավ մի շարք հանդիպումներ:

Նախևառաջ, Մուրադ Մուրադյանը հանդիպեց Իրաքի Հանրապետության խորհրդարանի նախագահ Օսամա Ա. Ալ-Նաջայիֆի հետ: Զրույցի ընթացքում կողմերը նշեցին երկու երկրների ժողովուրդների միջև գոյություն ունեցող դարավոր բարեկամությունը: Քննարկվեցին երկու երկրների միջեւ միջխորհրդարանական կապերը, դրանք զարգացնելու և նոր մակարդակի բարձրացնելու անհրաժեշտությունը:

Խորհրդարանի նախագահը բարձր գնահատեց Իրաքում ապրող հայերի դերը երկրի կյանքում, նրանց ակտիվ մասնակցությունը գիտության, բժշկության, մշակույթի, կրթության, տնտեսության և այլ բնագավառներում, ինչը լավ հիմք է Իրաքի և Հայաստանի միջև քաղաքական, տնտեսական ու մշակութային կապերի զարգացման ու խորացման համար:

Դեսպան Մուրադյանը, փոխանցելով Իրաքի խորհրդարանի նախագահին Հայաստանի Ազգային Ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանի Հայաստան այցելելու հրավերը, հույս հայտնեց, որ փոխադարձ այցելությունները նոր լիցք կհաղորդեն հարաբերությունների զարգացմանը: Նա տեղեկացրեց, որ Հայաստանի Ազգային Ժողովն արդեն ձևավորել է հայ-իրաքյան միջխորհրդարանական խումբ և հույս հայտնեց, որ մոտ ապագայում Իրաքի խորհրդարանում նույնպես կստեղծվի նման խումբ:

Դեսպան Մուրադյանը հանդիպում ունեցավ նաև Իրաքի Բարձրագույն կրթության նախարար Ալի Մ. Ալ-Ադիբի հետ: Հանդիպման ընթացքում կողմերը քննարկեցին երկու երկրների միջև բարձրագույն կրթության բնագավառում հարաբերությունների զարգացման հնարավոր ուղիները, ինչպես նաև Իրաքի բարձրագույն կրթության նախարարությունում առկա որոշ խնդիրները:

Դեսպանը նշեց Իրաքի ուսանողների` Հայաստանի համալսարաններում բարձրագույն կրթություն ստանալու հնարավորությունը, մասնավորապես` այն հաստատություններում, որտեղ դասավանդումը կազմակերպված է անգլերեն:

Դեսպան Մուրադյանը Իրաքի թեմի առաջնորդ Տ. Ավագ Արք. Ասատուրյանի ներկայությամբ հանդիպեց Բաղդադում գործող Հայ ազգային կենտրոնական վարչությունների ղեկավարների և ներկայացուցիչների հետ: Դեսպանը ներկայացրեց Հայաստանի ներքին և արտաքին քաղաքականության հիմնական հարցերը, անդրադարձավ Հայաստան-Սփյուռք փոխհարաբերություններին, Արցախյան հիմնախնդրին, հայ-թուրքական հարաբերություններին:

Նա հույս հայտնեց, որ իրաքահայությունը դեսպանության աջակցությամբ ակտիվորեն կմասնակցի տարվա ընթացքում Հայաստանում կազմակերպվելիք միջոցառումներին, հաղորդում է ԱԳՆ մամլո ծառայությունը:

 Ուշագրավ
Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
---