7 հուլիսի 2011 - 17:53 AMT
Փորձագետ. Հյուսիսային պողոտայի փոխարեն կառավարությունը պետք է զբաղվեր Երևանի շենքերի սեյսմազինմամբ

Հյուսիսային պողոտայում նոր շենքերի լայնածավալ շինարարության փոխարեն Հայաստանի կառավարությունը պետք է միջոցներ հատկացներ Երևանի շենքերի սեյսմազինման համար: Այդ մասին PanARMENIAN.Net-ի թղթակցի հետ զրույցում հայտարարել է Հայաստանի Սեյսմիկ պաշտպանության ազգային ծառայության ներկայացուցիչ Գուրգեն Նամալյանը:

Ըստ նրա, Երևանի շենքերի մեծամասնությունը կառուցվել է խորհրդային տարիներին և կարող է դիմանալ 7-8 բալ երկրաշարժի: «Սակայն, Սպիտակի երկրաշարժից հետո սեյսմիկ սպառնալիքի մակարդակը Հայաստանում փորձագետները գնահատում են 9 բալ, իսկ Երևանը գտնվում է 9 բալ սեյսմավտանգ գոտում»,-ասել է նա՝ հավելելով, որ մայրաքաղաքի շենքերի մեծ մասը չի դիմանա 9-բալանոց երկրաշարժի: Ըստ նրա, հիմնականում դրանք 111 շարքի շենքերներ են (9-հարկանի բարձրահարկերը) և 1A450 տիպի շենքերը (5-հարկանի քարե տները): «Նման շենքեր կան քաղաքի գրեթե բոլոր թաղամասերում»,-ասել է փորձագետը: Մասնագետը նշել է, որ 2000 թ. հետո կառուցված շենքերը կայուն են և կդիմանան ուժեղ երկրաշարժի:

Անդրադառնալով այն հարցին, թե մասնագետները ինչ կարող են առաջարկել շենքերի սեյսմակայունության ամրապնդման համար՝ Նամալյանն ասել է.«Եթե իրատեսորեն մոտենանք իրավիճակին, Երևանի շենքերի մեծ մասը իրենց դարն ապրել է և պետք է ապամոնտաժվի: Սակայն, տնտեսական վիճակը դա թույլ չի տալիս, ուստի մենք առաջարկում ենք հատուկ տեխնոլոգիաներ կիրառել շենքերի սեյսմակայունությունն ապահովելու համար»,-ասել է նա՝ հավելելով, որ նման փորձ արդեն կա, մասնավորապես, այդ կերպ ամրացվել են Վանաձորի և Շուշիի շենքերը: «Այդ մեթոդը շատ արդյունավետ է, սակայն մենք դեռևս ֆինանսական միջոցներ չունենք այն կյանքի կոչելու համար»,-ասել է նա: