Կյուլունգսբորնի բնակիչներն արտաքսման ենթակա հայկական ընտանիքին թաքցնում են իշխանություններից

Կյուլունգսբորնի բնակիչներն արտաքսման ենթակա հայկական ընտանիքին  թաքցնում են իշխանություններից

PanARMENIAN.Net - Բալթիկ ծովի ափին գտնվող գերմանական ոչ մեծ հանգստյան քաղաք Կյուլունգսբորնի բնակիչներն իշխանություններից թաքցնում են 4 հոգուց բաղկացած մի հայկական ընտանիք, որպեսզի խոչընդոտեն նրանց արտաքսմանը հայրենիք: Ինչպես հաղորդում է Spiegel-ը, Արթուր և Քրիստինա Բավեյանները 13 տարի առաջ ժամանել են Գերմանիա` խնդրելով քաղաքական ապաստան: Այստեղ ծնվել են նրանց երկու երեխաները` Գևորգը, որն այժմ 12 տարեկան է, և Աննան (9 տարեկան): Երեխաները խոսում են գերմաներեն, հաճախում գերմանական դպրոց, զբաղվում սպորտով և, ընդհանուր առմամբ, մեծացել են գերմանական մշակույթի հիման վրա:

Ընտանիքն ինքն է ապահովում իրեն, ինչի համար էլ արժանացել է Կյուլունգսբորնի բնակիչների համակրանքին, որոնք մինչ այդ առանձնապես գործ չունեին միգրանտների հետ: Արթուր Բավեյանը դոներ-ճաշարան ունի, իսկ կինը խնամում է տարեց մարդկանց` օգնելով նրանց տան գործերում:

Այնուամենայնիվ, այս տարվա փետրվարին ներքին գործերի նախարարությունը հրաժարվել է երկարացնել Գերմանիայում ընտանիքի գտնվելու ժամկետը: Ճշգրիտ պատճառները չեն հրապարակվում: Որոշ տվյալների համաձայն, իշխանությունները կասկածներ ունեն Արթուր Բավեյանի առնչությամբ, որն ավելի վաղ, իբր, բազմիցս պատասխանատվության է ենթարկվել օրենքը խախտելու համար, հաղորդում է Lenta.ru-ն:

Ընտանիքին պետք է արտաքսեին օգոստոսի 9-ին, սակայն ընտանիքն անսպասելիորեն անհետացել է: Ինչպես պարզվել է, Բավեյաններին ոստիկանությունից և միգրացիոն ծառայություններից թաքցնում են Կյուլունգսբորնի բնակիչները: Բացի դրանից, նրանք փողոց են դուրս եկել` ի նշան նրանց արտաքսման դեմ բողոքի: Արթուր Բավեյանի ճաշարանի դիմաց տեղի ունեցած ցույցին մոտ 200 մարդ էր եկել, ինչը փոքր քաղաքի համար, ինչպես նշում է Spiegel-ը, բավական մեծ թիվ է:

Մեկլենբուրգում` Առաջավոր Պոմերանիայում, սեպտեմբերի 4-ին կայանալիք ընտրությունների նախաշեմին իրադարձությունները Կյուլունգսբորնում լայն արձագանք են ստացել: Վարչապետ Էրվին Զելլերինգն իր մամլո քարտուղարի միջոցով հաղորդել է, որ Բավեյանների գործը կրկին դիտարկման է ուղղվելու տեղի ներքին գործերի նախարարության հանձնաժողով:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---