Վրաստանից Հայաստան եկող ինտերնետ կապի խողովակները և մալուխները կրծել էին մկները՝ գործը փակված է

Վրաստանից Հայաստան եկող ինտերնետ կապի խողովակները և մալուխները կրծել էին մկները՝ գործը փակված է

PanARMENIAN.Net - 2011-ի մայիսի 20-ին Հայաստանի խոշոր ինտերնետ մատակարար «Ֆայբերնետ» ընկերության մալուխը վթարի էր ենթարկվել՝ զրկելով Հայաստանի զգալի մասն ինտերնետից։ Մի քանի օր անց ընկերության մամլո ծառայությունից հայտնել էին, որ Վրաստանից Հայաստան եկող ինտերնետ կապի արտաքին պաշտպանիչ խողովակը և երկրորդ պաշտպանիչ խողովակը մալուխի հետ միասին կտրվել էին, հավանաբար սղոցող գործիքի օգնությամբ։

Վրաստանից Հայաստան եկող, սահմանով անցնող ինտերնետ կապի խողովակների և մալուխների տարածքի անվտանգության համար պատասխանատու «Հարավկովկասյան երկաթուղին» (ՀԿԵ) կազմել էր արձանագրություն տեղի ունեցածի վերաբերյալ և սկսվել էր հետաքննություն։

«Ֆայբերնետ» ընկերությունը ընդհանրապես տեղյակ չէ հետաքննության ընթացքին։ Ինչպես այսօր հայտնեցին PanARMENIAN.Net ի թղթակցին ընկերությունից, նրանց կարծիքով, հավանաբար, գործը փակվել է։ Դե իսկ մալուխների տեխնիկական գծով պատասխանատուն հրաժարվեց մեկնաբանություններ տալ։

«Հիմք ընդունելով կատարված լուսանկարները, մենք հակված ենք ենթադրել, որ խողովակները և մալուխը կտրվել են սղոցող գործիքի օգնությամբ», - նշում էր «Ֆայբերնետ»-ը մայիսի 23-ին իր տարածած մամլո հաղորդագրության մեջ։

PanARMENIAN.Net ի թղթակցին «ՀԿԵ» մամլո ծառայության ղեկավար Վահե Դավթյանը տեղեկացրեց, որ հետաքննությունն ավարտված է և գործը փակված է։ Նրա խոսքով հետաքննության ընթացքում կատարվել է ուսումնասիրություն և հաստատվել է այն վարկածը, որ մալուխը կրծել են մկները։

Այն տարածքը, որով անցնում է մալուխը, «ՀԿԵ»-ից վարձակալում է «Ֆայբերնետ» ընկերությունը։ Տարածքի վերահսկողության և անվտանգության համար պատասխանատու է «ՀԿԵ»-ի մաս հանդիսացող մի առանձին կառույց։

Ինչպես նշեց Վահե Դավթյանը, այդ կառույցը վերահսկում է երկաթուղային բոլոր օբյեկտները՝ ներառյալ շարժակազմի և ենթակառուցվածքների անվտանգությունը։

Փաստորեն վերոհիշյալ կառույցը չի նկատել, թե ինչպես են մկները ներխուժել տարածք։ Եվ փաստորեն մկներն ունեն սղոց-ատամներ։ Արդյո՞ք տարածքում հայտնաբերել են սատկած մկներ, այս հարցի պատասխանհը Վահե Դավթյանը չգիտի։

«Ֆայբերնետ» ընկերությունից հայտնեցին նաև, որ ընկերությունն արդեն ձեռք է բերել Հայաստան մտնող 2-րդ մալուխը, որը պահուստային է։ Ըստ ընկերության՝ սա նոր քայլ է ինտերնետի անխափան մատակարարման համար։

 Ուշագրավ
Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին
Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը
Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից
Ըստ Քերոբյանի, առնվազն 20 մլրդ դրամ հարկ կհավաքվի
---