Հայ ժողովրդին ընդվզելուց բացի ուրիշ ոչինչ չի մնում, կարծում է Լևոն Զուրաբյանը

Հայ ժողովրդին ընդվզելուց բացի ուրիշ ոչինչ չի մնում, կարծում է Լևոն Զուրաբյանը

PanARMENIAN.Net - Հայ ազգային կոնգրեսի և իշխանությունների միջև քաղաքական երկխոսությունը մղվել է երկրորդ պլան և այլևս չի կարող լինել երկրի առջև ծառացած խնդիրների լուծման միջոց: Այդ մասին Երևանում մամլո ասուլիսում հայտարարել է ՀԱԿ համակարգող Լևոն Զուրաբյանը: Նրա խոսքով, իշխանությունների վարքագիծը վկայում է այն մասին, որ նրանք արդեն բոլոր զիջումները կատարել են և հազիվ թե գնան նորերի, մասնավորապես ձերբակալված ՀԱԿ ակտիվիստ Տիգրան Առաքելյանին ազատ արձակելուն: «Հազիվ թե իշխանությունները գնան նոր զիջումների; Նոր զիջումներ չեն լինի, քանի դեռ ժողովուրդն իր ճնշմամբ չի ստիպի գնալ նման գործողությունների»,- ասել է Զուրաբյանը և հավելել, որ ժողովրդին ոչինչ չի մնում, քան ընդվզել, և «երկխոսության ճանապարհով խնդիրներ լուծելուն քիչ ժամանակ է մնացել»:

ՀԱԿ-ի ու կոալիցիոն ուժերի ներկայացուցիչների առաջին հանդիպումը տեղի է ունեցել հուլիսի 18-ին: Խմբերն ընդունել են առաջիկա բանակցությունների օրակարգը, որը բաղկացած է երկու հարցերից: ՀԱԿ-ն առաջադրել է արտահերթ ընտրությունների պահանջը, իսկ իշխող կոալիցիան` քաղաքական մրցակցության ապահովման կանոնների մշակման հարցը: Որոշ բարդություններ առաջացան, երբ օգոստոսի 9-ին ոստիկանությունը բռնություն կիրառեց Կոնգրեսի համակիրների նկատմամբ: Ըստ ՀԱԿ-ի տեղեկատվության, օգոտոսի 9-ին ոստիկանությունը բռնություն է կիրառել Կոնգրեսի համակիրներ Տիգրան Առաքելյանի և Արտակ Կարապետյանի նկատմամբ: «Երբ միջադեպի վայր հասած Կոնգրեսի համակիրներ Արեգ Գևորգյանը, Սահակ Մուրադյանը, Վահագն Գևորգյանը, Սարգիս Գևորգյանը, Դավիթ Քիրամիջյանը փորձել են հարթել միջադեպը, ոստիկանությունը դաժան բռնություն է կիրառել նաև նրանց նկատմամբ: Նրանք բոլորը բերման են ենթարկվել ոստիկանություն»,-ասվում է ՀԱԿ հաղորդագրության մեջ: Ոստիկանությունն իր հերթին մեղադրում է ՀԱԿ ակտիվիստներին ոստիկանների վրա հարձակվելու մեջ: Ներկայումս Տիգրան Առաքելյանը, Արտակ Կարապետյանը, Սարգիս Գևորգյանը հսկողության տակ են, մնացածներն ազատ են արձակվել: ՀԱԿ-ը հայտարարեց իշխանությունների հետ բանակցությունների հնարավոր դադարեցման մասին, սակայն օգոստոսի 23-ին Հայաստանի կառավարության Ընդունելությունների տանը կայացած հանդիպումից հետո ՀԱԿ աշխատանքային խմբի ղեկավար Լևոն Զուրաբյանը հայտնեց իր համոզմունքի մասին, որ առաջիկայում Տիգրան Առաքելյանի համար խափանման միջոցը կփոխվի: Իշխանության և ՀԱԿ-ի աշխատանքային խմբերի հաջորդ հանդիպումը պետք է կայանար օգոստոսի 26-ին, սակայն այդ օրը ՀԱԿ-ը հայտարարեց իշխանության հետ քաղաքական երկխոսության գործընթացին իր մասնակցության դադարեցման մասին, մինչև որ Տիգրան Առաքելյանը ազատ արձակվի: ՀԱԿ-ի ներկայացուցիչների խոսքով, իրենք Տիգրան Առաքելյանին «քաղբանտարկյալ» են համարում:

 Ուշագրավ
Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ
Ծանուցումների պաշտոնական կայքում ծանուցագրի քաղվածքը տեղադրելու 10-րդ օրը քաղաքացին համարվում է պատշաճ ծանուցված
---