6  16.11.11 - ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը ընդունեց ԵՄ արտաքին գործերի եւ անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Քեթրին Էշթոնին

Քեթրին Էշթոն. Շնորհակալ եմ նրանցից, ով նպաստում է Հայաստան-ԵՄ հարաբերությունների զարգացմանը

Քեթրին  Էշթոն. Շնորհակալ եմ նրանցից, ով նպաստում է  Հայաստան-ԵՄ հարաբերությունների զարգացմանը

PanARMENIAN.Net - ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է տարածաշրջանային այցով Հայաստան ժամանած Եվրոպական միության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Քեթրին Էշթոնին:

Հանրապետության ղեկավարը ողջունել է Քեթրին Էշթոնին և նշել, որ Հայաստանը կարևորում է Եվրամիության հետ հարաբերությունների ամրապնդումն ու շարունակական խորացումը: Նախագահը գոհունակությամբ է նշել, որ վերջին շրջանում զգալիորեն ակտիվացել է երկխոսությունը ԵՄ գործընկերների հետ ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ ձևաչափերում:

Սերժ Սարգսյանի խոսքով, Վարշավայում կայացած Արևելյան գործընկերության երկրորդ գագաթնաժողովի ընթացքում Քեթրին Էշթոնի հետ կայացած հանդիպումը լավ առիթ էր առաջիկա անելիքների շուրջ մտքեր փոխանակելու և համագործակցության ոլորտները ուղենշելու համար: Ընդգծելով, որ Հայաստան-ԵՄ հարաբերությունների զարգացումը համընդհանուր արժեքների վրա հիմնված համագործակցության ընդլայնման գործընթաց է, նախագահն ասել է. «Մեր նպատակը շատ հստակ է, և բազմաթիվ անգամ հայտարարել ենք, որ Հայաստանի ապագան տեսնում ենք որպես եվրոպական չափանիշներով կառուցված բարեկեցիկ երկիր և հաստատուն գնալու ենք այդ ճանապարհով»:

Քեթրին Էշթոնը նշել է, որ ուրախությամբ է արձանագրում այն առաջընթացը, որ նկատելի է Հայաստան-Եվրամիություն երկկողմ հարաբերություններում: ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչը կարևորել է Հայաստան-ԵՄ ամրապնդվող հարաբերությունները և բարձր գնահատել այն աշխատանքը, որ կատարվում է ի նպաստ երկկողմ համագործակցության զարգացման. «Ուզում եմ գովասանքի խոսք հայտնել և շնորհակալություն հայտնել բոլոր նրանց, ում եռանդի շնորհիվ այդ առաջընթացը հնարավոր է դարձել»,-ասել է Քեթրին Էշթոնը:

Հանդիպման մասնակիցներն անդրադարձել են նաև Հայաստանում իրականացվող բարեփոխումներին՝ այն դիտարկելով որպես Եվրամիության հետ ծավալվող համագործակցության մաս:

Սերժ Սարգսյանը և Քեթրին Էշթոնը քննարկել են տարածաշրջանային խնդիրներին վերաբերող հարցեր ևս:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---