ԱՄՆ հովանու ներքո կապեր են հաստատվում հայ և թուրք ճարտարապետների միջև

PanARMENIAN.Net - Փետրվարի 21-ին հայ երիտասարդ ճարտարապետների և ճարտարագետների մի խումբ Հայաստանի Ամերիկյան համալսարանում ներկայացրեց իր փորձը և տպավորությունները 2011թ-ի դեկտեմբերին էներգախնայող ճարտարապետության և էներգիայի սպառման վերաբերյալ Ստամբուլում կայացած սեմինարի ընթացքում թուրք գործընկերների հետ մասնագիտական շփումների վերաբերյալ: Նման միջոցառումներ կկայանան 2012թ-ի փետրվարի 23–ին, ժամը` 16:00-ին, Երևանի ճարտարապետության և շինարարության պետական համալսարանում, ինչպես նաև մարտի 1-ին, ժամը`18:00-ին, Հայաստանի ճարտարապետների միությունում:

2011թ-ի դեկտեմբերի 12-18-ը Ստամբուլում կայացած սեմինարը առաջին նման հանդիպումն էր Հայաստանի և Թուրքիայի կառուցապատման ոլորտի մասնագետների միջև: Սեմինարին մասնակցել են երիտասարդ ճարտարապետներ, հատակագծողներ և ճարտարագետներ` 12-ը Հայաստանից, 12-ը Թուրքիայից: Սեմինարի նպատակն էր կապեր հաստատել երկու երկրների էներգախնայող ճարտարապետության ոլորտի ուսանողների, դասախոսների և երիտասարդ մասնագետների միջև:

Դասընթացը կազմակերպել էր Հայաստանում գործող «Քաղաքացիական ֆորում» հասարակական կազմակերպությունը` Եվրասիա համագործակցություն հիմնադրամի (Հայաստան), Ստամբուլի Յիլդիզ տեխնիկական համալսարանի և Թուրքիայում գտնվող մեկուսացնող նյութերի արտադրող «Իզոքամ» ընկերության հետ համատեղ: Այս նախաձեռնությունը հանդիսանում է ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (ԱՄՆ ՄԶԳ) կողմից ֆինանսավորվող «Աջակցություն Հայաստան-Թուրքիա հարաբերությունների բարելավմանը» ծրագրի մաս, ասվում է ՄԶԳ հաղորդագրության մեջ:

Կազմակերպիչները հուսով են, որ այս միջոցառումների ընթացքում էներգետիկ արդյունավետության և էներգախնայող ճարտարապետության վերաբերյալ ներկայացվող այն փորձը, որը ձեռք է բերվել մեկշաբաթյա սեմինարի ընթացքում, կնպաստի ճարտարապետության և շինարարության ոլորտում միջսահմանային մասնագիտական կապերի հաստատմանը, ինչպես նաև Հայաստանում, Թուրքիայում և այլ երկրներում համատեղ ծրագրերի իրականացմանը:

ԱՄՆ ՄԶԳ-ն և կոնսորցիումի անդամներն աջակցում են Հայաստան-Թուրքիա հարաբերությունների բարելավմանը՝ խթանելով քաղաքացիական հասարակության համագործակցությունը, հիմնելով գործարարների և պրոֆեսիոնալների ցանցեր և զարգացնելով եղած համագործակցության օրինակները, ինչպես նաև սատարելով երկու ժողովուրդների միջև փոխըմբռնման ձևավորմանը և խորացմանը, տարածաշրջանում խաղաղության և տնտեսական ինտեգրման հասնելու նպատակով:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
---