Սերժ Սարգսյան. Տոնինո Գուերան Հայաստանի ու հայ ժողովրդի մեծ բարեկամն էր

Սերժ Սարգսյան. Տոնինո Գուերան Հայաստանի ու հայ ժողովրդի մեծ բարեկամն էր

PanARMENIAN.Net - Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ցավակցական հեռագիր է հղել իտալացի աշխարհահռչակ արվեստագետ Տոնինո Գուերայի մահվան կապակցությամբ: Այդ մասին հաղորդում է ՀՀ նախագահի մամլո գրասենյակը: «Ցավով ընդունեցի Տոնինո Գուերայի մահվան լուրը: Մենք կորցրեցինք համաշխարհային կինոյի հսկայական կաղնու զորեղ ճյուղերից մեկը: Կորցրեցինք մի արվեստագետի, որի ստեղծագործությունները ուրախություն, բերկրանք ու բարություն էին պարգևում ոչ միայն հայրենի Իտալիային, այլև ողջ աշխարհին»,- ասվում է նախագահի` Տոնինո Գուերայի ընտանիքին ուղղված ցավակցական հեռագրում:

Սերժ Սարգյանն անդրադարձել է նաև Գուերայի` Հայաստան կատարած այցելություններին, նրա և հայ ժողովրդի փոխադարձ կապերին: «Հանճարեղ ու հրաշագործ այս իտալացին Հայաստանի ու հայ ժողովրդի մեծ բարեկամն էր»,- ընդգծել է նա:

«Հայ ժողովրդի անունից խորին ցավակցություն եմ հայտնում ձեզ և ձեր բարեկամներին, Իտալիայի ողջ ժողովրդին:

Կորուստը մեծ է ու ցավալի: Մեր միակ մխիթարանքն այս պահին Տոնինո Գուերայի հանճարեղ ստեղծագործություններն են, որ մեզ հետ են և ուղղված են Հավերժին»,- ասվում է Հայաստանի նախագահի ուղերձում:

Այսօր` մարտի 21-ին, 92 տարեկան հասակում իր մահկանացուն է կնքել իտալացի ականավոր գրող և սցենարիստ Տոնինո Գուերան:

Գուերան աշխատել է այնպիսի հանրահայտ կինոռեժիսորների հետ, ինչպիսիք են Ֆելինին, Անտոնիոնին, Տարկովսկին և այլոք: Սցենարիստի հուղարկավորության մանրամասների մասին ոչինչ առայժմ հայտնի չէ:

Նրա աշխատանքները բազում անգամներ առաջադրվել են աշխարհի հեղինակավոր մրցանակաբաշխություններում: «Ոսկե ծիրան» երրորդ կինոփառատոնի ընթացքում համաշխարհային կինոյում ունեցած վաստակի համար նրան հանձնվել է «Փարաջանովյան թալեր» մրցանակը:

Բացի դրանից, նրա «Մեղրը» պոեմի հիման վրա Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում բեմադրվել է ներկայացում:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
---