Ցեղասպանության 100-ամյակին ընդառաջ Հայաստանը պետք է պաշտոնապես բարձրացնի սառեցված Հայկական հարցը

Ցեղասպանության 100-ամյակին ընդառաջ Հայաստանը պետք է պաշտոնապես բարձրացնի սառեցված Հայկական հարցը

PanARMENIAN.Net - Մինչ ՄԱԿ–ի անդամ 30–ից ավելի պետություններ ճանաչել եւ դատապարտել են մարդկության եւ մարդկայնության դեմ իրականացրած Հայոց Մեծ եղեռնը, ոճրագոծրը՝ Թուրքիան, փորձում է ժխտել ու կոծկել իր իրագործած հանցագործությունը: Ավելին, ԽՍՀՄ լուծարումից ի վեր գլխավորելով հանցակից ուժերին՝ շրջափակելով մեկուսացնում է Հայաստանի, Արցախի Հանրապետությունները եւ շարունակում է այս պետությունների բնիկ բնակչության դեմ ծրագրած հանցավոր գործողությունները: Այս մասին ասվում է «Ազատ Հայք» ՀԿ հայտարարության մեջ: Հայտարարության մեջ ասվում է նաև, որ այս իրողություններից ելնելով, ցեղասպանությունը ճանաչած ու դատապարտած երկրներին, պետություններին, հոգեւոր ու քաղաքական կառույցներին երախտագիտություն հայտնելով, Հայաստանի քաղաքական վերնախավին հիշեցնում ենք, որ մինչեւ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցը՝ 2015 թ., մնացել է 1485 օր»:

Ոստի հիմք ընդունելով, որ ի հակակշիռ Թուրքիայի ժխտողական կեցվածքի, Հայոց ցեղասպանությունը ճանաչած ու դատապարտած պետությունները եզրագծել են իրավական եւ քաղաքական փաստաթղթերի ամբողջական մի փաթեթ, որը ՀՀ իշխանությունները պարտավոր են ընդհանրացնել եւ բարձրացնել միջազգային ատյաններում, «Ազատ Հայքը» կոչ է անում. Հայոց Մեծ ցեղասպանության 100-րդ տարելիցին ընդառաջ օրերի հետհաշվարկ սկսել, ԱԺ օրակարգ մտցնել Հայոց ցեղասպանության հետեւանքների վերացմանն ուղղված հայեցակարգի ընդունումը : Առաջարկվում է նաև միջպետական խորհրդակցություններ սկսել Հայոց ցեղասպանությունը ճանաչած երկրների իշխանությունների հետ, մինչեւ սույն թվականի օգոստոսի 10– ը միջազգային ատյաններում պաշտոնապես բարձրացնել սառեցված Հայկական հարցը:

Հայոց ցեղասպանություն

Հայոց ցեղասպանությունը, որն իրագործվել է Օսմանյան կայսրությունում 1915-1923թթ., XX դարի առաջին ցեղասպանությունն էր, որի նախաձեռնողները երիտթուրքերն էին: Ցեղասպանության ժամանակ ոչնչացվեց վեց հայկական վիլայեթների բնակչությունը` մոտ 1,5 մլն հայ: Եվս կես միլիոնը սփռվեց աշխարհով մեկ` սկիզբ դնելով հայկական Սփյուռքին:

Դեռևս Ցեղասպանության իրագործման տարիներին` 1915-23թթ. տերությունները ընդունեցին հայերի կոտորածը դատապարտող բանաձևեր: ԱՄՆ-ն երեք անգամ (1916, 1919, 1920) նմանատիպ բանաձևեր է ընդունել, սակայն դա չկասեցրեց Օսմանյան կայսրության գործողությունները: 1915թ. Ֆրանսիան, Մեծ Բրիտանիան և Ռուսաստանը հանդես եկան համատեղ հռչակագրով` դատապարտելով հայերի բնաջնջումը:

Աշխարհի շատ երկրներ և ազդեցիկ միջազգային կազմակերպություններ ճանաչել և դատապարտել են Հայոց ցեղասպանությունը: Պաշտոնապես առաջինը Հայոց ցեղասպանությունն ընդունել և դատապարտել է Ուրուգվայը 1965թ-ին: Հայոց ցեղասպանությունը ճանաչել են նաև Եվրոպայի Խորհուրդը, Եվրախորհրդարանը, ՄԱԿ-ի խտրականության կասեցման և փոքրամասնությունների պաշտպանության կանխարգելման ենթահանձնաժողովը, ՄԱԿ-ի ռազմական հանցագործությունների գծով հանձնաժողովը, Եկեղեցիների համաշխարհային խորհուրդը: Հայերի ոչնչացումը պաշտոնապես ցեղասպանություն են ճանաչել Ֆրանսիան, Ավստրիան, Իտալիան, Գերմանիան, Բելգիան, Լյուքսեմբուրգը, Շվեդիան, Նիդերլանդները, Շվեյցարիան, Ռուսաստանը, Լեհաստանը, Լիտվան, Հունաստանը, Սլովակիան, Կիպրոսի Հանրապետությունը, Լիբանանը, Ուրուգվայը, Արգենտինան, Վենեսուելան, Չիլին, Բոլիվիան, Կանադան, Վատիկանը, Բրազիլիան, Լյուքսեմբուրգը, Գերմանիան, Պարագվայը, Սիրիան և ԱՄՆ-ի 45 նահանգ:

Բելգիայում և Շվեդիայում Հայոց ցեղասպանության ժխտման համար քրեական պատասխանատվություն է սահմանված (45 հազար եվրո տուգանքից մինչև 1 տարվա ազատազրկում): 2006թ. հոկտեմբերի 12-ին Ֆրանսիայի խորհրդարանն օրինագիծ ընդունեց, որի համաձայն Հայոց ցեղասպանության ժխտումը կքրեականացվի, ինչպես Հոլոքոսթը:

Ժամանակակից Թուրքիան ժխտում է Հայոց ցեղասպանության պատմական փաստը և վարում է այդ փաստի ժխտման ներքին և արտաքին քաղաքականություն: Թուրքական պետության գործողությունները ներկայացվում են որպես «բռնագաղթ»` հայերի անվտանգությունն ապահովելու նպատակով: Հայոց ցեղասպանության ճանաչման անհրաժեշտության մասին խոսում են միայն առանձին թուրք մտավորականներ, որոնց թվում են պատմաբան Թաներ Աքչամն ու Նոբելյան մրցանակի դափնեկիր Օրհան Փամուկը:

 Ուշագրավ
Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
---