Ռուսաստանը մտադիր է Հայաստանի հետ միասնական ՀՕՊ-ի համակարգ ստեղծել

PanARMENIAN.Net - Ռուսաստանը մտադիր է Հայաստանի հետ միասնական հակաօդային պաշտպանության` ՀՕՊ-ի համակարգ ստեղծել: Այդ մասին Մոսկվայում մամլո ասուլիսի ժամանակ հայտարարել է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան: «Մենք կարծում ենք, որ նույնպիսի համատեղ համակարգ, ինչպիսին մենք ունենք Բելառուսի հետ, կստեղծվի նաեւ Ռուսաստանի ու Հայաստանի միջեւ»,-ասել է նա:



Նրա խոսքերով, այժմ նաեւ քննարկվում է ՀՕՊ-ի փոխանակային համակարգի ստեղծման հնարավորությունը Կենտրոնական Ասիայի տարածաշրջանում: Ն.Բորդյուժան ընդգծել է, որ կողմերը այժմ քննարկում են համապատասխան փաստաթղթերը: «Սա Արեւելյան Եվրոպայում, Կովկասում եւ Կենտրոնական Ասիայի տարածաշրջանում ՀՕՊ-ի երեք համակարգերի ստեղծման առաջին փուլն է, որից հետո մենք կանցնենք ավելի բարձր մակարդակի, երբ կսկսենք համակարգել բոլոր տարածաշրջանային համակարգերի գործունեությունը, մշակել մարտական հերթապահությունների միասնական կանոններ, մշակել տեղեկատվության փոխանակաման համակարգ եւ այն ամենն, ինչ կապված է նման համատեղ ՀՕՊ-ի ստեղծման անհրաժեշտության հետ: Սա իրոք աշխատանքի տարրերից մեկն է, որ մենք անց ենք կացնում ՀԱՊԿ ռազմական համագործակցության շրջանակներում»,-ասել է Ն.Բորդյուժան, հաղորդում է ՌԲԿ-ն:



ՀԱՊԿ-ին անդամակցում են Հայաստանը, Բելառուսը, Ղազախստանը, Ղրղզստանը, Ռուսաստանը, Տաջիկստանն ու Ուզբեկստանը:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---