Գիա Կանչելի. Իմ վերաբերմունքը Հայաստանի հանդեպ մի փոքր թվաբանական է

PanARMENIAN.Net - «Իմ վերաբերմունքը Հայաստանի հանդեպ մի փոքր թվաբանական է: Ես 7 սիմֆոնիա ունեմ, որոնցից 6-ը ես գրել եմ Հայաստանի կոմպոզիտորների ստեղծագործական տանը` Դիլիջանում: Յուրաքանչյուր սիմֆոնիայի ստեղծմանը 2-3 տարի է գնացել: Այժմ բազմապատկեք եւ կստացվի, որ ես իմ կյանքի 15 տարին անց եմ կացրել Հայաստանում»,-ՀՀ մշակույթի նախարարությունում տեղի ունեցած մամլո ասուլիսում ասել է կոմպոզիտոր Գիա Կանչելին:



Հայտնի վրաց կոմպոզիտորն Երեւան է ժամանել «21-րդ դարի հեռանկարներ» միջազգային երաժշտական փառատոնին մասնակցելու կապակցությամբ, որի շրջանակներում մայիսի 6-9 հայտարարվել են Կանչելիի օրեր:



«Ես վստահ եմ, որ Գիա Կանչելիի օրերը նվեր կլինեն բոլոր նրանց համար, ով կարող է գնահատել մեր հայտնի ժամանակակցի անվիճելի տաղանդը, զգացմունքայնությունը ու նրա երաժշտության հոգեւոր բնույթը»,-ասել է ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը:



Անդրես Մուստոնենն իր հերթին ասել է.«Գիա Կանչելիի երաժշտությունը հագեցած է խորը հոգեւորականությամբ եւ լինելով ժողովրդին հասու, հասկանալի է բոլոր երկրներում: Ի տարբերություն այլ ժամանակակից կոմպոզիտորների Կանչելին ստեղծում է ներդաշնակ երաժշտություն, որը մեկ անգամ կատարելով, երաժիշտը դառնում է նրա երկրպագուն»:



Կանչելիի օրերի բացումը տեղի է ունեցել մայիսի 6-ին ֆիլհարմոնիայի Ա.Խաչատրյանի անվան համերգասրահում: Կամերային «Սերենադ» նվագախումբը Էդուարդ Թոփչյանի ղեկավարությամբ, թավջութակահար Գիեդրե Դիրվանաուսկայտեն եւ ալտահար Մաքսիմ Ռիզանովը կատարել են Կանչելիի «Silence Prayer» եւ «Litwurgy» սիմֆոնիկ կոմպոզիցիաները:



Երկրորդ օրը, մայիսի 8-ին Կամերային երաժշտության տանը Կանչելիի «Sio», «Ex Contranio» եւ «Broken chant» սիմֆոնիկ կոմպոզիցիաները կհնչեն «Հովեր» կամերային երգչախմբի, Գիդեոն Կրեմերի եւ Անդրեաս Մուստոնենի կատարմամբ: Գիա Կանչելիի օրերը կեզրափակվեն մայիսի 9-ին Ա.Խաչատրյանի անվան համերգասրահում Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախմբի եւ «Հովեր» երգչախմբի մասնակցությամբ: Կկատարվեն «Lone Stone», «Fingerprint» եւ «Styx» ստեղծագործությունները:



Գ.Կանչելին ծնվել է 1935թ. օգոստոսի 10-ին Թբիլիսիում: 1963թ. ավարտել է Թբիլիսիի կոնսերվատորիան: Ստեղծել է յոթ սիմֆոնիա, կամերային ստեղծագործություններ, որոնք թողարկվել են երեք խտասկավառակով, «Երաժշտություն ողջերի համար» օպերան: 1965թ. ի վեր նա շուրջ 40 կինոֆիլմերի եւ նույնքան թատերական ներկայացումների երաժշտության հեղինակ է: 1991թ. բնակվում է Արեւմտյան Եվրոպայում` սկզբում Բեռլինում, որտեղ նա ստացավ Արվեստների գերմանական ակադեմիայի կրթաթոշակը, իսկ 1995 թվականից` Ֆլամանդական թագավորական սիմֆոնիկ նվագախմբի հրավերով` Անտվերպենում: Կանչելին Վրաստանի ժողովրդական արտիստ է, ԽՍՀՄ Պետական մրցանակի դափնեկիր, Վրացական ԽՍՀ մրցանակի դափնեկիր, «Տրիումֆ» մրցանակի դափնեկիր:



1987թ. Կանչելին ստացել է «Նիկա» «Կին-ձա-ձա» ֆիլմի համար գրված լավագույն երաժշտության համար, որի մուլտիպլիկացիոն տարբերակի վրա նա աշխատել է ռեժիսոր Գեորգի Դանելիայի հետ: Այս առիթով նա կատակով ասել է, թե «ավելի դյուրին է սիմֆոնիա գրել, քան երաժշտություն ֆիլմի համար, իհարկե, եթե ֆիլմի ռեժիսորը Դանելիան է»:
 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---