Երեւանում կկայանա «Սիրելի եղբայրս. հայերը Թուրքիայում 100 տարի առաջ» ցուցահանդեսը

PanARMENIAN.Net - Սեպտեմբերի 15-28-ը Սիվիլիթաս հիմնադրամը եւ «Բիրզամանլար» հրատարակչությունը հրավիրում են «Սիրելի եղբայրս. հայերը Թուրքիայում 100 տարի առաջ» ցուցահանդեսին: Ցուցահանդեսի պաշտոնական հովանավորն է «Հայփոստ» փակ բաժնետիրական ընկերությունը:



Ցուցահանդեսին կներկայացվի Օսմանյան կայսրությունում 1900-1910 թթ. հայ համայնքների կյանքի մասին պատմող Օռլանդո Կալումենոյի հարյուրավոր բացիկների հավաքածուն: Բացիկները հրատարակվել են անցյալ դարասկզբին Օսմանյան կայսրությունում, հայ եւ ոչ միայն հայ հրատարակիչների կողմից եւ պատմում են Օսմանյան կայսրությունում այդ տարիներին ապրող հայերի կյանքի, հայկական եկեղեցիների, դպրոցների, հայերին պատկանող բազմաթիվ գործարանների, ճաշարանների, հյուրանոցների եւ այլ հաստատությունների մասին: Այնթապում, Մարաշում, Զեյթունում, Կեսարիայում, Մուշում, Վանում, Էրզրումում, Կարսում, բազմաթիվ այլ քաղաքներում, գյուղերում ու գյուղաքաղաքներում բնակվող հայերի կենցաղի, զբաղմունքի, ինչպես նաեւ միջազգային կազմակերպությունների առաքելությունների կողմից հայկական թաղամասերում իրականացված բարեգործական աշխատանքների եւ պատմական տարբեր վայրերի ու իրադարձությունների մասին պատմող ավելի քան 4000 փոստային բացիկների ու ծրարների հավաքածուն պատկանում է իտալացի Օռլանդո Կալումենոյին, որի մայրը հայ էր:



Բացիկներից 500-ը թուրք պատմաբան եւ հրատարակիչ Օսման Քյոքերի ջանքերով առաջին անգամ ցուցադրվել է 2005 թ. հունվարին, Ստամբուլում, «Սիրելի եղբայրս» խորագրով ցուցահանդեսում: Օսման Քյոքերըհրատարակել է 400 էջանոց գիրք` նվիրված բացիկների հավաքածուին: Ինքը` հեղինակը, բազմիցս խոսել է այն մասին, որ գրքի հրատարակությունը բարդ է եղել, քանի որ որեւէ հրատարակչություն չէր ուզում ստանձնել Օսմանյան կայսրությունում հայերի` նման զգալի ներկայության, թուրքական պետության մեջ նրանց ունեցած մշակութային, տնտեսական մեծ ավանդի մասին պատմող բացիկների վերաբերյալ գիրքը: Օսման Քյոքերը ստիպված է եղել հիմնել սեփական «Բիրզամանլար» հրատարակչությունը` գիրքը հրատարակելու համար:



Առաջինանգամերեւանցիները հնարավորություն կունենան ծանոթանալու Թուրքիայում անցյալ դարասկզբին հայկական զգալի ներկայության մասին պատմող այս բացառիկ հավաքածուին:



Ցուցահանդեսի բացմանը, որը տեղի կունենա սեպտեմբերի 15-ին Մոսկվա կինոթատրոնում, ներկա կլինի նաեւ Օսման Քյոքերը, հաղորդում է Սիվիլիթաս հիմնադրամը:
 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---