Ավետ Տերտերյանի տաղանդի երկրպագուներն այսօր հավաքվեցին Հայաստանի Ազգային գրադարանում

PanARMENIAN.Net - Այսօր Հայաստանի Ազգային գրադարանում անցավ միջոցառում նվիրված հանրահայտ հայ երգահան Ավետ Տերտերյանի հիշատակին: Միջոցառմանը ներկա էին նրա հարազատները, բարեկամները, երաժշտագետներ եւ ուղղակի նրա տաղանգի երկրպագուները:



Միջոցառման ժամանակ ելույթ ունեցան երաժշտագետներ, որոնք քննարկում էին նրա երաժշտությունը եւ հանճարեղ սիմֆոնիաները: Ցուցադրվեց ֆիլմ Ավետ Տերտերյանի կյանքի եւ ստեղծագործության մասին: Այնտեղ ներկա էին նաեւ Ավետ Տերտերյանի կինը, Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի դիրիժոր Ռուբեն Ասատրյանը, «Երկրաշարժ» օպերայի բեմադրող ռեժիսոր Լեւոն Իվանյանը, երաժշտագետ Գոհար Շաղոյանը եւ ուրիշներ:



«Ավետ Տերտերյանը Կոմիտասից եւ Արամ Խաչատուրյանից հետո մեծագույն կոմպոզիտորներից է», - այս խոսքերը բազմիցս կրկնվում էին միջոցառման ժամանակ:



Ինքն երգահանն ասում էր «Պետք չէ չափազանցնել յուր նշանակությունն այս աշխարհում»:



Ավետ Տերտերյանը համոզված սիմֆոնիստ է, միայն նվագախումբն էր, որ համապատասխանում էր նրա տիեզերքի հնչունային պատկերացմանը, իսկ միակ երաժշտական գործիքները, որոնք նա թույլ էր տալիս երկար մենակատարել` դա հնագույն քյամանչան եւ դուդուկն էր: Գրեթե իր ողջ երաժշտությունը Տերտերյանը գրել էի մենության մեջ Սեւանի ափին` Այրիվանքում: Նա չէր կարող ստեղծագործել իր քաղաքից եւ երկրից դուրս, միայն այստեղ` հայրենիքում նա ստանում էր եռանդ եւ ուժեր ստեղծագործելու համար:



Ավետ Տերտերյանը ծնվել է 1929 հուլիսի 29-ին Բաքվում: Սովորել է Երեւանի Կոմիտասի անվան կոնսերվատորիայում` կոմպոզիցիայի բաժնում: 19 տարեկանում նա գրեց իր առաջին «Օրորոցայինը»: Ստեղծեց 8 սիմֆոնիա, օպերա եւ խմբերգային ստեղծագործություններ: Նա մահացավ 1994թ. դեկտեմբերի 11 -ին:
 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---