Ինտերակտիվ արվեստի փառատոնը տեղի կունենա Հայաստանում սեպտեմբերի 22-26

PanARMENIAN.Net - Սեպտեմբերի 22-26-ը «Փոփոխությունների թատրոն» մշակութային հասարակական կազմակերպության նախաձեռնությամբ Հայաստանում առաջին անգամ կանցկացվի Ինտերակտիվ արվեստի փառատոն, որին կմասնակցեն Հայաստանի, Թուրքիայի եւ Վրաստանի ինտերակտիվ ֆորում թատրոնների պրոֆեսիոնալ դերասանները: Փառատոնի շրջանակներում կանցկացվի նաեւ երեքօրյա մասնագիտական վերապատրաստման դասընթաց` Մեծ Բրիտանիայից հրավիրված ինտերակտիվ ֆորում թատրոնի հանրահայտ մասնագետ Քարին Չափման Քլարքի կողմից:



Ինտերակտիվ «Ֆորում թատրոն» մեթոդը մշակվել է յոթանասունական թվականներին բրազիլացի հանրահայտ ռեժիսոր եւ քաղաքական գործիչ Ավգուստո Բոալի կողմից` նպատակ հետապնդելով խթանել հասարակական կարեւոր գործընթացներում քաղաքացիների ակտիվ մասնակցությանը: Ֆորում թատրոնն իր հանդիսականներին հնարավորություն է տալիս ընդհատել ներկայացումը, ինտերակտիվ կապ հաստատել կերպարների հետ եւ կենդանի խաղի միջոցով իրատեսական լուծումներ առաջարկել ներկայացված իրավիճակներում:



Փառատոնի նպատակը շարքային քաղաքացիներին հասարակական ոչ ֆորմալ քննարկումներին ներգրավելն է` ինտերակտիվ Ֆորում թատրոնի միջոցով ստեղծված անկաշկանդ եւ կառուցողական մթնոլորտում: Միաժամանակ նախագիծը նպատակ ունի խթանել Հայաստանում եւ մասնակից երկրներում «Ֆորում թատրոն» մեթոդի արմատավորումն ու տարածումը` փորձի փոխանակման, մասնագիտական վերապատրաստման, ինչպես նաեւ համագործացկության հեռանկարների ստեղծման ճանապարհով:



Փառատոնի շրջանակներում հանրությանը կցուցադրվեն չորս ինտերակտիվ ֆորում ներկայացումներ` նվիրված կանանց իրավունքներին, հանդուրժողականությանը, բազմակարծությանը եւ հակամարտությունների խաղաղ կարգավորմանը: Ինտերակտիվ արվեստի փառատոնն իրականացվում է Բաց հասարակության ինստիտուտի եւ Բրիտանական Խորհրդի աջակցությամբ:



Ինտերակտիվ Ֆորում թատրոնի մեթոդը ստեղծվել է յոթանասունականներին հայտնի բրազիլացի ռեժիսոր եւ քաղաքական գործիչ Ավգուստո Բոալիի կողմից: Նման արվեստի ստեղծման միակ նպատակը հասարակայնության ներգրավումն էր Բրազիլիայում տեղի ունեցող կարեւոր իրադարձությունների մեջ:
 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---