Սերժ Սարգսյան. Հայաստանյան երաժշտասեր հասարակության կյանքում ձեր այցն իրադարձություն է

Սերժ Սարգսյան. Հայաստանյան երաժշտասեր հասարակության կյանքում ձեր այցն իրադարձություն է PanARMENIAN.Net - Հայաստանի նախագահն ընդունել է աշխարհահռչակ «Դիփ Փարփլ» ռոք խմբի անդամներ Իէն Գիլանին եւ Ջոն Դիին: Նախագահ Սարգսյանը ողջունել է հռչակավոր երաժիշտների այցը Հայաստանի Հանրապետություն, եւ նշել, որ հայաստանյան երաժշտասեր հասարակության կյանքում այն իրադարձություն է, տեղեկացնում է նախագահի մամլո ծառայությունը:



Դիմելով անվանի երաժիշտներին` Սերժ Սարգսյանն ասել է. «Ոչ ոք չի կասկածում, որ ձեր համերգներն ընթանում են լեփ-լեցուն դահլիճներում եւ ջերմ մթնոլորտում, բայց Հայաստանում դուք մեկ այլ ջերմության ականատես կլինեք. բացի տաղանդի նկատմամբ ջերմությունից, դա նաեւ երախտագիտության ջերմություն է: Մենք երախտապարտ ժողովուրդ ենք եւ շնորհակալությամբ ենք հիշում, որ 1988թ. ավերիչ երկրաշարժից հետո դուք մեր կողքին էիք»:



Նախագահը երախտագիտություն է հայտնել Ջոն Դիին` ով մեր ժողովրդի համար այդ ծանր պահին համախմբում էր աշխարհահռչակ երաժիշտներին` իրենց երաժշտության միջոցով օժանդակելու հայերին, Հայաստանին` բուժելու դաժան աղետի ծանր վերքերը: «Դուք այդ դժվարին գործը փայլուն կատարեցիք»,- շեշտել է նախագահը:



«Մենք երջանիկ ենք, որ կարողացել ենք մեր համեստ ներդրումն ունենալ»,-ասել են ռոքի աստղերը: Իէն Գիլանը հավելել է, որ երբեք չի մոռանա քսան տարի առաջ իր այցը Սպիտակ, եւ ուրախ է, որ այսօր կարող է իր երաժշտությունը բերել Հայաստանի բնակիչներին:



Հանրապետության նախագահն ու անվանի երաժիշտները խոսել են նաեւ «Ռոքը օգնում է Հայաստանին» ծրագրի շրջանակում կատարվող աշխատանքի մասին:



«Մենք մշտապես հպարտ եւ ուրախ կլինենք հյուրընկալել ձեզ մեր երկրում»,- ընդգծել է նախագահ Սարգսյանը:
 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---