Համաեվրոպական «Բաց դռների օրը պատմական հուշարձաններում» կնշվի նաև Հայաստանում

PanARMENIAN.Net - Սեպտեմբերի 18-ին «Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանը «ԻԿՕՄՕՍ/Հայաստան» հասարակական կազմակերպության, Տուրիզմի հայկական ինստիտուտի և Հայաստանի ազգային պարարվեստի միության գործընկերությամբ կմիանա համաեվրոպական «Բաց դռների օր պատմական հուշարձաններում» նախաձեռնությունը: Թանգարանը հանդես կգա եվրոպական ժողովուրդների պատմամշակութային ժառանգությունները ներկայացնող լուսանկարների ցուցահանդեսով` ընտրված «Հուշարձանների լուսանկարման միջազգային փորձ» նախագծի մասնակիցների աշխատանքներից:

Ցուցահանդեսը կկրի «Կտոր մը Եվրոպա. մեծ զբոսանք» խորագիրը, որի բացման շրջանակում կներկայացվի նաև Կատալոնիայի համակարգմամբ արդեն 15 տարի ընթացող «Հուշարձանների լուսանկարման միջազգային փորձ-2010» մրցույթի կատալոգը: Միջոցառումը կմեկնարկի Եվրոպայի ժողովուրդների ազգային պարերի բեմադրությամբ: Միջոցառման մասնակիցներին կողջունեն և օրվա խորհուրդը հիշեցնող խոսքով հանդես կգան հանրապետության մշակույթի, կրթության ու գիտության բնագավառի ներկայացուցիչներ, քաղաքական գործիչներ, ու պատասխանատուներ:

Ցուցահանդեսի դիտումից հետո հյուրերին և մասնակիցներին կառաջարկվի հատուկ ճանաչողական էքսկուրսիա «Էրեբունի. այստեղից է սկսում Երևանը» խորհրդանշական կարգախոսով, հայտնում է ՀՀ մշակույթի նախարարության մամլո ծառայությունը:-

1984-ին Ֆրանսիայում ծնունդ առած «Բաց դռների օր պատմական հուշարձաններում» նախաձեռնությունը 1991-ից դարձավ Եվրոպայի խորհրդի նախագիծ` կնքվելով «Եվրոպական ժառանգության օրեր» անվամբ: 1999-ից այն Եվրոպայի խորհրդի և Եվրոպական հանձնաժողովի համատեղ ձեռնարկ է և կրում է "Եվրոպա. ընդհանուր ժառանգություն" կարգախոսը: Հուշարձաններն ու տեսարժան վայրերը եվրոպական հանրության համար բաց ու հասանելի դարձնելու միջոցով Օրերը քարոզում են Եվրոպայի միասնությունը` համախմբելով Եվրոպական Մշակութային կոնվենցիային անդամակցող երկրներին: Այս տարի արդեն 25-րդ անգամ Եվրոպայի միլիոնավոր քաղաքացիներ իրենց համերաշխությունը կհայտնեն սպասված ու հաջողված նախագծին` հատուկ միջոցառումներով և այցելություններով նոր շունչ հաղորդելով պատմական վայրերին ու հուշարձաններին:

1997-ին վավերացնելով Եվրոպական մշակութային կոնվենցիան, իսկ 2001-ից դառնալով Եվրոպայի խորհրդի լիիրավ անդամ` Հայաստանը հաստատել է իր պատկանելությունը Եվրոպային:

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---