Հայաստանում մեկնարկել են Ֆրանկոֆոնիայի օրերը

Հայաստանում մեկնարկել են Ֆրանկոֆոնիայի օրերը

PanARMENIAN.Net - Մարտի 17-ին ԱԳՆ-ում կայացած ընդունելությամբ մեկնարկեցին Հայաստանում Ֆրանկոֆոնիայի օրերի միջոցառումները: Ընդունելությանը ներկա էին Հայաստանի կառավարության անդամներ, Ազգային Ժողովի պատգամավորներ, Երեւանի քաղաքապետը, մարզպետներ, Հայաստանի երկու մոտ տասնյակ բնակավայրերի ղեկավարներ, Երեւանում հավատարմագրված դեսպաններ, ինչպես նաև հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ:

Իր ողջույնի խոսքում արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը նշեց, որ արդեն երրորդ տարին է, որ Հայաստանում մեծ թափով նշվում են Ֆրանկոֆոնիայի օրերը, որոնք տարեց տարի առավել ընդգրկուն են դառնում` ավելի շատ մասնակիցներ ներառելով:

«Ավելի քան մեկ ամիս տեղի կունենան ֆրանկոֆոնիային նվիրված միջոցառումներ մշակութային եւ կրթական օջախներում: Խոսքը գնում է աննախադեպ քանակի եւ ծավալի միջոցառումների մասին` հատկապես աշխարհագրական առումով՝ Հայաստանի գրեթե բոլոր մարզերը ներգրավված են այս ծրագրում: Եթե անցյալ տարի Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության գլխավոր քարտուղար Աբդու Դիուֆը հատուկ նշեց, որ Հայաստանը ֆրանկոֆոնիայի օրերին նվիրված միջոցառումների քանակով առաջին տեղն է զբաղեցնում կազմակերպության անդամ երկրների շարքում, ապա այս տարի նրանց քանակը պարզապես եռապատկվել է՝ շուրջ 150 միջոցառում» - ասաց Հայաստանի արտգործնախարարը:

Հայաստանում Ֆրանկոֆոնիայի շրջանակներում մարտի 18-ին Երեւանի մարզահամերգային համալիրում տեղի կունենա ֆրանսիացի հայտնի երգչուհի Լարա Ֆաբիանի մենահամերգը:

Ֆրանկոֆոնիայի օրերի կապակցությամբ մարտի 17-ից ապրիլի 21-ն ընկած ժամանակահատվածում Երեւանում եւ Հայաստանի մարզերում կկազմակերպվեն շուրջ հարյուր հիսուն մշակութային, գեղարվեստական եւ կրթական միջոցառումներ, որոնց մասնակցություն կունենան արվեստի գործիչներ Հայաստանից եւ ֆրանկոֆոն մի շարք երկրներից:

Հայաստանի Արտաքին գործերի նախարարության կողմից համակարգված այս ծրագիրը իրականացվել է ՀՀ տարածքային կառավարման, ՀՀ կրթության եւ գիտության ու մշակույթի, նախարարությունների, Երեւանի քաղաքապետարանի, Հայաստանում Ֆրանսիայի, Կանադայի, Լիբանանի, Լեհաստանի, Ռումինիայի եւ Շվեցարիայի Համադաշնության դեսպանությունների, Հայաստանի մի շարք համալսարանների եւ հասարակական կազմակերպությունների մասնակցությամբ եւ ներգրավմամբ, հայտնում է ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունը:

Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպությունն այսօրվա դրությամբ միավորում է 56 պետություն և անդամ-կառավարություններ, 14 դիտորդ-երկիր, որոնց բնակչությունը կազմում է ավելի քան 800 միլիոն մարդ:

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---