Հովիկ Աբրահամյանն առաջարկում է ներկայացնել ԱԺ-ում վերջին հնագիտական գտածոները

Հովիկ Աբրահամյանն առաջարկում է ներկայացնել ԱԺ-ում վերջին հնագիտական գտածոները

PanARMENIAN.Net - Ապրիլի 14-ին ՀՀ Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանը մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանի ուղեկցությամբ այցելեց Հայաստանի պատմության թանգարա: ԱԺ նախագահը ծանոթացավ թանգարանում բացված` Հայաստանի բրոնզեդարյան դամբարաններից գտածոների ցուցադրությանը, Վերին նավեր (Ք. Ա. 22-14դդ.) եւ Ներքին նավեր (Ք.ա. 25-20-րդ եւ 7-6-րդ դդ. ) դամբարանադաշտերում կատարված պեղումների արդյունքներին:

Ինչպես ԱԺ նախագահին տեղեկացրեց ՀՀ մշակույթի նախարարության «Պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոն»-ի տնօրեն Հակոբ Սիմոնյանը, կենտրոնի արշավախումբը մասնավորապես Արագածոտնի մարզում, Աշտարակ քաղաքի մերձակա Ներքին Նավեր կոչվող հնավայրում արքայական դամբարաններից հայտնաբերել է կավաշեն անոթներ, բրոնզե զենքեր ու զարդեր, ոսկյա, ապակե ու կիսաթանկարժեք քարերից պատրաստված պերճանքի առարկաներ եւ այլ իրեր, որոնք ցուցադրված են թանգարանում: Հովիկ Աբրահամյանն առաջարկեց հայտնաբերված արժեքավոր գտածոների ցուցադրություն կազմակերպել նաեւ Ազգային ժողովում, որտեղ այցելող օտարերկրյա հյուրերն ու պատվիրակությունները հնարավորություն կունենան ծանոթանալ Հայաստանի պատմության հնագույն էջերին:

ԱԺ նախագահը շրջեց Հայաստանի պատմության թանգարանի սրահներով, որտեղ թանգարանի տնօրեն Անելկա Գրիգորյանի ներկայացմամբ ծանոթացավ նաեւ թանգարանի «Մշակույթ, արվեստ, հավատալիքներ. Հին քարե դարից մինչեւ բրոնզե դար» եւ «Ուրարտու. Վանի թագավորություն» խորագրերով ցուցադրություններում ներկայացված ցուցանմուշներին:

Հովիկ Աբրահամյանն այցելեց նաեւ Հայաստանի ազգային պատկերասրահ, դիտեց այնտեղ բացված ժամանակավոր ցուցադրության շրջանակներում ներկայացված Երվանդ Քոչարի եւ Ժանսեմի աշխատանքները:

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---