Արգենտինայում ներկայացվել է Յոհաննես Լեփսիուսի «Գերմանիա և Հայաստան 1914-1918» իսպաներեն թարգմանված գիրքը

PanARMENIAN.Net - Ապրիլի 27-ին Բուենոս Այրեսի «Միջազգային հարաբերությունների արգենտինյան կենտրոնում» (C.A.R.I.), Հայաստանի Հանրապետության դեսպանության և «Աքյան գրաֆիկա» հրատարակչության նախաձեռնությամբ կայացավ Յոհաննես Լեփսիուսի «Գերմանիա և Հայաստան 1914-1918. Դիվանագիտական փաստաթղթերի հավաքածու» իսպաներեն թարգմանությամբ գրքի շնորհանդեսը:

Պատմաբաններին քաջ հայտի դիվանագիտական փաստաթղթերի այդ հավաքածուի իսպաներեն լեզվով թարգմանության ու տպագրության նախաձեռնողն ու հովանավորն է 89-ամյա արգենտինահայ Անահիտ Բարիկյանը: Գերմաներենից գիրքը թարգմանել է ճանաչված թարգմանչուհի, իրավաբան Բեատրիս Էլբերտը, տպագրությունն իրականացվել է«Աքյան Գրաֆիկա» հրատարակչությունում:

Գրքի շնորհանդեսին բացման խոսքով հանդես եկավ Արգենտինայում Հայաստանի դեսպան Վլադիմիր Կարմիրշալյանը, հիմնական բանախոսներն էին Արգենտինայի Գերագույն դատարանի անդամ Ռաուլ Սաֆարոնին, Արգենտինայի Վերահսկիչ պալատի նախագահ Լեանդրո Դեսպույը, Արգենտինայի նախկին արդարադատության նախարար Լեոն Կարլոս Արսլանյանը, «Միջազգային հարաբերությունների արգենտինյան կենտրոնի» վարչության անդամ դեսպան Լուիս Մենդիոլան, Բուենոս Այրեսի համալսարանի միջազգային իրավունքի պրոֆեսոր Ռոբերտո Մալխասյանը:

Միջոցառմանը ներկա էին Արգենտինայում հավատարմագրված դեսպաններ, դիվանագետներ, Արգենտինայի ԱԳՆ-ի պաշտոնյաներ, գիտնականներ, քաղաքագետներ, լրագրողներ, համալսարանական դասախոսներ, ուսանողներ, արգենտինահայ համայնքային կառույցների ներկայացուցիչներ, հաղորդում է ՀՀ ԱԳՆ մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունը:

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---