Գյումրիում մեկնարկում է երաժիշտ-կատարողների «Վերածնունդ» միջազգային փառատոնը

Գյումրիում մեկնարկում է երաժիշտ-կատարողների «Վերածնունդ» միջազգային փառատոնը

PanARMENIAN.Net - Մայիսի 5-13-ը Գյումրիում տեղի կունենա «Վերածնունդ» 3-րդ միջազգային փառատոնը: Ինչպես լրագրողներին հաղորդեց փառատոնի տնօրեն Կարինե Ավդալյանը, 2010 թ-ին փառատոնին մասնակցում էին 590 կատարողներ 10 երկրներից, իսկ այս տարի մասնակցում են 22 երկրներից 1100-ից ավելի մասնակիցներ: Մրցույթը անց է կացվելու 1 փուլով 4 տարիքային խմբում (մինչև 13 տարեկան, 13-17 տարեկան, 18-25 տարեկան և 26 տարեկան և բարձր):

Մրցույթի հաղթողները որոշվելու են 7 անվանակարգերում` դաշնամուր, լարային գործիքներ, ակադեմիական երգեցողություն, ժողովրդական երգեցողություն, ժողովրդական գործիքներ, անսամբլ, փողային գործիքներ:

Մրցույթը կգնահատեն 7 հանձնաժողովները, որոնց կանդամակցեն հայ և արտասահմանցի երաժիշտներ: Մրցույթ-փառատոնի 7 անվանակարգերում Գրան Պրի մրցանակների հաղթողները կպարգևատրվեն գավաթով և դիպլոմով: Բացի Գրան պրիից, կլինեն առաջինից հինգերորդ տեղեր:

Մրցույթ-փառատոնը սկիզբ է առել 2007 թ-ին` Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի Գյումրու մասնաճյուղի տնօրեն` արվստագիտության դոտոր, պրոֆեսոր Կարինե Ավդալյանի մտահղացմամբ: 2009 թ-ից «Վերածնունդ» փառատոնը կրում է միջազգային բնույթ: Մրցույթ-փառատոնի հիմնական նպատակն է խթանել դասական երաժշտության պրոպագանդումը, երաժիշտ կատարողների միջև ստեղծել նոր ստեղծագործական և բեմական կապեր, ծանոթացնել օտարերկրացի երաժիշտներին հայ երաժշտության հետ:

Փառատոնի հովանավորներն են ՎիվաՍելլ- ՄՏՍ-ը, որը փառատոնին հատկացրել է 12 միլիոն դրամ, Մարդկային ռեսուրսների զարգացման «Փյունիկ» հիմնադրամը, Հայաստանի էլեկտարկան ցանցեր ՓԲԸ-ն, Հարավկովկասյան երկաթուղի ՓԲԸ-ն, Հայկական բարեգործական ընդհանուր միությունը:

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---