Հայաստանի սփյուռքի նախարարությունում կայացավ 10 անուն գրքի և ձայնասկավառակի շնորհանդես

PanARMENIAN.Net - Հունիսի 3-ին կայացավ 2010-2011թթ. Հայաստանի սփյուռքի նախարարութան նախաձեռնությամբ և պատվերով հրատարակված 10 անուն գրքի և ձայնասկավառակի շնորհանդեսը:

Շնորհանդեսին ներկայացվեցին Սփյուռքի հայկական համայնքների, Սփյուռքի գրական և լեզվաբանական ժառանգության, արտերկրում գտնվող հայկական պատմամշակութային ժառանգության իրավական կարգավիճակի վերաբերյալ գիտական աշխատություններ` «Հայկական համայնքները ԱՄՆ-ում», «Հայ համայնքների ինքնակազմակերպման խնդիրները Հարավային Ռուսաստանում», «Հետխորհրդային երկրների հայկական համայնքների ինքնության խնդիրները և տեղեկատվական ռեսուրսները», «Արտերկրում գտնվող հայկական պատմամշակութային ժառանգության իրավական կարգավիճակը», «Գրական Սփյուռք» տարեգիրք, «Ռուսաստանի հայկական Սփյուռքի մասին», «Հայկական համայնքները Խորհրդային Հանրապետություններում», «Արևմտահայերենի քերականության գործնական աշխատանքների ձեռնարկ», «Ռուբեն Սևակի հատընտիր>> բանաստեղծությունների ժողովածու և Ռուբեն Սևակի բանաստեղծությունների ձայնասկավառակը:

Միջոցառմանը ողջույնի խոսքով հանդես եկավ ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը` ընդգծելով իրականացված գիտական հետազոտությունների մեծ կարևորությունը Սփյուռքի հիմնախնդիրների լիարժեք իմացության և դրանց լուծման ուղիների որոնման առումով:

Ելույթ ունեցան «Նորավանք» գիտակրթական հիմնադրամի գործադիր տնօրեն Գ.Հարությունյանը, ԳԱԱ պատմության ինստիտուտի տնօրեն Ա.Մելքոնյանը, ԵՊՀ սփյուռքագիտության ամբիոնի վարիչ Յ.Ավետիսյանը, գրող-հրապարակախոս Ա.Թոփչյանը և այլք: Համառոտ ներկայացնելով աշխատությունները և դրանց նշանակությունը` նրանք ընդգծեցին ՀՀ սփյուռքի նախարարության կարևոր դերակատարությունը գիտական հետազոտությունների իրականացման և դրանց հրատարակման գործում:

Շնորհանդեսին ներկա էր նաև Մխիթար Հերացու անվան Երևանի պետական բժշկական համալսարանի սփյուռքահայ ուսանողուհի Ամի Լաչիկյանը, ում շնորհվել է Ռուբեն Սևակի անվան կրթաթոշակ, ինչպես նաև Ռուբեն Սևակի զարմիկ Հովհաննես Չիլինկիրյանի ներկայացուցիչ (դստեր ամուսին) Հակոբ Ավագյանը, հաղորդում է ՀՀ սփյուռքի նախարարութան տեղեկատվության և հեռահաղորդակցության վարչության մամլո ծառայությունը:

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---