Սեպտեմբերի 21-ին «Հերոսական բալլադ» համերգ-ներկայացման ընթացքում կներկայացվի Հայոց պատմությունը

Սեպտեմբերի 21-ին «Հերոսական բալլադ» համերգ-ներկայացման ընթացքում կներկայացվի Հայոց պատմությունը

PanARMENIAN.Net - Անկախության տոնին նվիրված «Հերոսական բալլադ» համերգ-ներկայացման ընթացքում հայ կոմպոզիտորների մեծարժեք դասական ստեղծագործություններից ընտրված հատվածների ուղեկցությամբ հանդիսատեսին կներկայացվեն հայոց պատմության առանցքային դրվագները: Այդ մասին լրագրողների հետ զրույցում ասաց համերգ-ներկայացման բեմադրող ռեժիսոր Արամ Սուքիասյանը:

Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախմբի (գեղ. ղեկավար արվեստի վաստակավոր գործիչ Էդուարդ Թոփչյան) կատարմամբ համերգը կսկսվի Երվանդ Երկանյանի «Հերոսական Ռապսոդիայով», որը գրվել է հատուկ այս համար կշարունակվի Ա. Տերտերյանի երրորդ սիմֆոնիայի հատվածով, Ալ. Աճեմյանի, Ղ. Սարյանի, Է. Հովհաննիսյանի, Ե. Երկանյանի, Ա. Խաչատրյանի, Մ. Եկմալյանի, Է.Միրզոյանի, Կոմիտասի, և այլ կոմպոզիտորների ստեղծագործություններով և կեզրափակվի Ռոբերտ Ամիրխանյանի` Անկախության 20-րդ տարեդարձի առթիվ գրված «Ծնրադիր երդվում եմ քեզ» երգով, որը կատարելու է Գևորգ Հակոբյանը:

Կենդանի հնչողությամբ ստեղծագործությունները կկատարեն Հայաստանի պետական ակադեմիական երգչախումբը (գեղ. ղեկավար ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Հովհաննես Չեքիջյան), Հայաստանի Հանրապետության նախագահի պատվո պահակախմբի փողային նվագախումբը (գեղ. ղեկավար Արմեն Պողոսյան), իսկ Հայաստանի պետական «Բարեկամություն» անսամբլը (գեղ. ղեկավար ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյան) և Թաթուլ Ալթունյանի անվան Հայաստանի երգի-պարի պետական անսամբլը (գեղ. ղեկավար ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Ժիրայր Ալթունյան) կկատարեն խորեոգրաֆիկ համարները:

Նախագծի իրականացման տնօրեն Արման Ծատուրյանն էլ իր հերթին նշեց, որ 100-ից ավելի մարդ է աշխատել, որից 52-ը Ֆրանսիայից:

Համերգ-ներկայացումը կուղեկցվի եռաչափ գրաֆիկայով: Հրապարակը եզերող շենքերը պարբերաբար կվերածվեն էկրանների և դասական երաժշտության հնչյունների ներքո կցուցադրվեն դրվագներ հայ ժողովրդի և անկախ պետականության 20 տարիների պատմությունից:

Համերգ-ներկայացումն ուղեկցվելու է նաև շատրվանների ցուցադրությամբ: Շատրվանները ծառայելու են որպես ջրային էկրաններ, տեղադրվելու են նոր, շարժական շատրվաններ:

4  20.09.11 - «Հերոսական բալլադ» համերգ-ներկայացմանը նվիրված մամլո ասուլիս
 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---