ԱՄՀ ԴՐԱԿԱՆ Է ԳՆԱՀԱՏՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԵՏ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ

PanARMENIAN.Net - Հայաստանի վարչապետ Անդրանիկ Մարգարյանը հանդիպել է Արժույթի միջազգային հիմնադրամի կառավարիչ տնօրենի տեղակալ Ագուստին Կարստենսին, տեղեկացնում է ՀՀ կառավարության մամուլի ծառայությունը: Ընդգծելով ԱՄՀ-ի հետ ՀՀ կառավարության համագործակցության արդյունավետությունը` Ա.Մարգարյանը շնորհակալություն է հայտնել Արժույթի միջազգային հիմնադրամին` կառավարության Աղքատության հաղթահարման ռազմավարական ծրագրի մշակմանն ու դրա իրագործմանն ուղղված ջանքերին աջակցելու համար: Նա կարեւորել է Աղքատության հաղթահարման ծրագրի պատշաճ կատարումը, որպեսզի այն, իրոք, որակական ազդեցություն ունենա Հայաստանի տնտեսության եւ ժողովրդի կենսամակարդակի բարձրացման վրա: Այս առումով կողմերը քննարկել են Հայաստանի մակրոտնտեսությանն առնչվող հարցեր: Անդրանիկ Մարգարյանը նշել է, որ մակրոտնտեսական իրավիճակը համապատասխան ծրագրվածի է, ավելին` արձանագրված առաջընթացի պայմաններում կառավարությունն առաջիկայում ստիպված կլինի վերանայել ծրագրված ցուցանիշները: Իր հերթին, Կարստենսը ԱՄՀ կողմից պատրաստակամություն է հայտնել, հարկ եղած դեպքում, այդ հարցում մասնագիտական աջակցություն ցուցաբերել հանրապետության կառավարությանը: Նա նշել է, թե ուրախ է արձանագրել, որ Հայաստանում զգալի տեղաշարժեր են եղել տնտեսության մեջ: Նա նաեւ ողջունել է հարկային եւ մաքսային ոլորտներում բարեփոխումներ իրականացնելու` Հայաստանի կառավարության նախաձեռնությունը, որը, նրա խոսքերով, կարեւոր է տնտեսության մեջ թափանցիկության ապահովման, կառավարման արդյունավետության եւ ներդրումների միջավայրի բարելավման համար: Զրուցակիցները քննարկել են նաեւ Հայաստանի դրամավարկային եւ հարկային քաղաքականությանը, ազգային արժույթի արժեւորման, ֆինանսական հատվածի զարգացմանն առնչվող հարցեր:
 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---