Ռուսաստանի էներգախնայողության մոդելը կկիրառվի նաեւ Հայաստանում

PanARMENIAN.Net - Ռուսաստանի էներգախնայման մոդելը կկիրառվի նաեւ Հայաստանում, PanARMENIAN.Net - ի թղթակցին հայտնել է Ռուսաստանի կայուն էներգիայի ծրագրի ղեկավար Մաքսիմ Տիտովը: Նրա խոսքերով` ինչպես Հայաստանում, այնպես էլ Ռուսաստանում ձեռներեցները թերագնահատում են էներգիայի արդյունավետության բարձրացման հնարավորություններն այն առումով, որ նրանք չեն համարում դա իրենց բիզնեսի կարեւոր մասը: «Ձեռներեցների համար առաջնային հետաքրքրություն է ներկայացնում արտադրության ծավալների մեծացումը, ապրանքի որակի բարձրացումը, բայց ծախսերի մասին նրանք դեռ չեն խորհում», - նշեց նա:



Միեւնույն ժամանակ, ըստ Տիտովի, էներգետիկ արդյունավետության բարձրացման հիմնական խնդիրներից մեկը հանդիսանում է տեղեկացվածության պակասը ինչպես այն մարդկանց մոտ, ովքեր կայացնում են որոշումներ (կազմակերպության ղեկավար կազմը), այնպես էլ տեխնիկական աշխատակիցերի մոտ: «Տեխնիկական աշխատողը, խոշոր հաշվով, պատասխանատու է միայն սարքավորումների անխափան աշխատանքի համար, որպեսզի գործարանը աշխատի եւ որպես արդյունք, չի մտածում շուկայի հետազոտման մասին», - ասաց կայուն էներգիայի ծրագրի ղեկավարը:



Ինչպես հաղորդեց Տիտովը, 2008թ. - ի ամռանը Հայաստանի բանկային համակարգի ներկայացուցիչներն այցելել են Մոսկվա, որտեղ նրանց ներկայացվել էր ռուսական բանկերում էներգախնայման ծրագրերի կիրառման փորձը: Նրա խոսքերով, այդ սեմինարի արդյունքում հայ բանկիրները նշել են, որ հանրապետությունում նման փորձի կիրառման բոլոր նախադրյալները կան, մասնավորապես թեթեւ եւ սննդի արդյունաբերության մեջ, շինանյութերի արտադրության մեջ: «Էներգախնայման տեսակետից Հայաստանի համար ամենակարեւոր ուղղություններից մեկը հանդիսանում են էներգիայի վերականգնվող աղբյուրները: Դա նման է երգի. արեւ, քամի եւ ջուր», - հավելեց նա: Սրա հետ կապված Տիտովը նշեց, որ Ռուսաստանում, որն ավանդաբար օգտագործում է նավթ եւ գազ, այս սեգմենտը զբաղեցնում է ոչ մեծ տեղ, իսկ Հայաստանի համար սա կարող է դառնալ առաջատար ուղղություն` «օգտագործել բնության բարիքները»:



Իսկ ինչ վերաբերում է էներգախնայման ծրագրի շրջանակներում իրականացվող ֆինանսավորմանը, ապա նույնիսկ ճգնաժամի պայմաններում, երբ բանկերը վարում են ռիսկերի գնահատման ավելի կոշտ քաղաքականություն, շատ կարեւոր դեր է խաղում էներգախնայման ծրագիրը, նկատեց Ռուսաստանի կայուն էներգիայի ծրագրի ղեկավարը: «Բանկիրեներն ավելի պահպանողական են, քան ձեռներեցները, քանի որ նրանք ռիսկի են ենթարկում գումարներ: Մեր ծրագրի շրջանակներում կարեւոր պահ է հանդիսանում հենց այն փաստը, որ ռիսկերը զգալիորեն կրճատվում են, եթե ծրագիրը էներգախնայող է 30 տոկոսի չափով», - նշեց նա: Այս կոնտեքստում Տիտովը հավելեց, որ բանկերին հարկավոր է վերանայել ռիսկերի գնահատման հետ կապված իրենց դիրքորոշումները :



Երեւանում անց կացվեց սեմինար «Էներգախնայումը` կայուն զարգացման ռեսուրս» թեմայով, որը կազմակերպվել էր Միջազգային ֆինանսական կորպորացիայի կողմից (ՄՖԿ): Զեկույցը պատրաստվել էր 2008թ. - ի ամռանը հայկական 100 ձեռնարկությունների ղեկավարների շրջանում անցկացրած հետազոտության հիման վրա:



ՄՖԿ-ն միջազգային կազմակերպություն է, որը մտնում է Համաշխարհային բանկի խմբի մեջ, որի նպատակն է աջակցել մասնավոր ներդրումների կայուն հոսքին զարգացող երկրներում, աղքատության կրճատմանը եւ բնակչության կենսապայմանների լավացմանը:



Հայաստանն անդամակցել է ՄՖԿ - ին 1995 թ.-ին: Կազմակերպությունը Հայաստանում ներդրումներ է կատարում 2000թ.-ից:
 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---