Գերասիմ Ալավերդյան. Հայաստանում գյուղատնտեսական մթերքների գների թռիչքային աճ չի սպասվում

Գերասիմ Ալավերդյան. Հայաստանում գյուղատնտեսական մթերքների գների թռիչքային աճ չի սպասվում

PanARMENIAN.Net - Հայաստանի գյուղատնտեսության նախարարությունը դիտարկում է անցկացնում երկրի բոլոր մարզերում բնակլիմայական պայմանների հասցրած վնասի չափսերը որոշելու համար, որի արդյունքները ներկայացվելու են ՀՀ կառավարությանը և ձեռնարկվելու են համապատասխան միջոցներ: Այդ մասին հունիսի 2-ին Երևանում լրագրողներին հայտնել է Հայաստանի գյուղատնտեսության նախարար Գերասիմ Ալավերդյանը: Նրա խոսքերով, ցրտահարումները, բնական աղետները և առատ տեղումները, այդ թվում կարկուտը, բացասաբար են անդրադարձել երկրի գյուղատնտեսության ոլորտում իրագործվող աշխատանքների վրա, ինչպես հացահատիկային կուլտուրաների գծով, այնպես էլ` հատապտուղների և բանջարաբոստանային կուլտուրաների: Առավել շատ են տուժել Արմավիրի, Շիրակի, Լոռու, Վայոց Ձորի մարզերը: «Արդյունքում մենք մեկ ամսով ուշացրել ենք գարնանացանի աշխատանքները»,- ասել է նախարարը: Դրա հետ կապված նա նշել է, որ 2009-ին բնակլիմայական պայմանների հասցրած վնասը կազմել է 12 մլրդ դրամ, որոնցից միայն 6 մլրդ դրամը կարկուտի հասցրած վնասն է եղել:

Միաժամանակ նախարարը հաղորդեց, որ այսօր հացահատիկ է ցանվել է 87 731 հա վրա, ինչը 3000 հեկտարով ավելի է 2009-ի նույն ժամանակահատվածից: Բացի դրանից, եթե 2009-ին հավաքվել է 85 000 հազար տոննա ծիրան, ապա այս տարի այդ ցուցանիշը 30-40 տոկոսով պակաս է, հենց փետրվար-մարտ ամիսների ցրտահարումների պատճառով Հայաստանում այս տարի կլինի 30-40 հազաև տոննա ծիրան: Միաժամանակ նա նշեց, որ ընթացիկ տարում լինելու են ներքին շուկայի պահանջմունքները բավարարելու հետ կապված խնդիրներ: Սակայն, շուկայում գյուղատնտեսական մթերքների գների թռիչքային աճ չի սպասվում: «Երկրում գնաճ կա, բայց այն կառավարվում է իշխանությունների կողմից, ուստի Հայաստանում գյուղատնտեսական մթերքների գների թռիչքային բարձրացում չի սպասվում»,- նշել է նա, ավելացնելով, որ այնուամենայնիվ «գինը որոշում է շուկան»:

Գերասիմ Ալավերդյանը նաև հաղորդեց, որ այսօր կան բերքը պահպանելու հետ կապված խնդիրներ, քանի որ արդեն նկատվում են որոշ հիվանդությունների համաճարակներ, այդ թվում հացահատիկային կուլտուրաների մոտ` «ժանգի» հիվանդությունը: «Այդ ուղղությամբ ձեռնարկվում են համապատասխան քայլեր. բոլոր գյուղատնտեսական խանութներում կան անհրաժեշտ թունաքիմիկատներ, որոնք ժամանակին և պատճաշ կերպով կիրառելու դեպքում թույլ կտան պահպանել ստացված բերքը»,- նշել է նա:

 Ուշագրավ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին
Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով
---