Սերգո Կարապետյանն անձամբ է շրջել Արմավիրի մարզի խանութներում` ճշտելով պարարտանյութի գները

Սերգո Կարապետյանն անձամբ է շրջել Արմավիրի մարզի խանութներում` ճշտելով պարարտանյութի գները

PanARMENIAN.Net - «Տարիներ շարունակ գյուղացիներին խոստումներ են տվել, ներկայացրել ծրագրեր: Այսօր գյուղացին մեծ թերահավատությամբ է լցված: Մեր գլխավոր խնդիրը վստահության վերականգնումն է», - հանդիպելով Արմավիրի մարզի մի շարք համայնքների գյուղացիների հետ` նշել է Հայաստանի գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը` հավելելով, որ հանրապետության նախագահի կողմից կա հանձնարարական բարձրացվող խնդիրներին ժամանակին ու տեղում լուծում տալու: «Այն մարդիկ, ովքեր կխոչընդոտեն ծրագրերի իրականացմանը, կենթարկվեն պատասխանատվության», - նշել է նախարարը:

Սերգո Կարապետյանը նախարարության աշխատակիցների և ոլորտի այլ ներկայացուցիչների ուղեկցությամբ եղել է ՀՀ Արմավիրի մարզի Գրիբոյեդով, Ակնաշեն, Ապագա, Երասխահուն, Վարդաշեն, Արազափ, Մյասնիկյան և Բաղրամյան համայնքներում, որին էլ հաջորդել է խորհրդակցությունը Արմավիրի մարզպետարանում:

Գյուղացիների հիմնական դժգոհությունն ու անհանգստությունը ոռոգման ջրին է վերաբերել: Գրիբոյեդովի գյուղացիները նոր խորքային հոր կառուցելու անհրաժեշտության մասին են խոսել, դժգոհել ոռոգման ջրի բաշխման ուշացումներից: Գյուղացիների թերահավատությանն ի պատասխան` նախարարը հայտարարել է, որ հետևելու է, որպեսզի ջուրն այստեղ բաշխվի ապրիլի 10-ից, իսկ ՋՕ-ի կողմից խոստումը չկատարելու դեպքում պատասխանատու աշխատակիցը կհեռացվի աշխատանքից: Ավելին` գյուղացիների թերահավատությունը վերացնելու նպատակով Սերգո Կարապետյանն իր անձնական հեռախոսահամարն է փոխանցել գրիբոյեդովցի Մասիս Մուրադյանին:

Լսելով գյուղացիների բողոքը` կապված պարարտանյութերի գների հետ, Սերգո Կարապետյանը շրջայցի ընթացքում կանգ է առել ճանապարհի խանութներից մեկում ու որպես հաճախորդ` հետաքրքրվել վաճառվող պարարտանյութի գնով, որտեղ մեկ պարկի արժեքը հասնում է 8 հազար դրամի, մինչդեռ այն չպետք է անցնի 7.200 դրամը: Նախարարը համայնքների ղեկավարներին հանձնարարել է տեղերում հետևել գներին:

«Կա հանրապետության նախագահի հանձնարարականը, որպեսզի հետևենք գնագոյացմանը: Միջոցներ են ձեռնարկվում, որպեսզի ներկրողներն ու վաճառողները մեծ շահույթ չստանան գյուղացու հաշվին: Գյուղացին ինքը պետք է շահույթ ստանա իր աշխատանքից: Եթե չստացավ, նա չի մշակելու իր հողը», - նշել է Սերգո Կարապետյանը` անդրադառնալով նաև օրգանական պարարտանյութերի տրամադրմանը: Այն այս տարի անվճար կհատկացվի անապահով 225 համայնքների, հաղորդում է ՀՀ գյուղատնտեսության նախարարության մամլո ծառայությունը:

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---