Ես երբեք չեմ լսել մարդկանց կարծիքներն ու շարունակել եմ զբաղվել ծանրամարտով

Հռիփսիմե Խուրշուդյան.

Ես երբեք չեմ լսել մարդկանց կարծիքներն ու շարունակել եմ զբաղվել ծանրամարտով

PanARMENIAN.Net - Պեկինի Օլիմպիական խաղերում անհաջող ելույթից հետո Հռիփսիմե Խուրշուդյանը հույս ուներ, որ կկարողանա կրկին մեկնել Օլիմպիադա ու մեդալ նվաճել: Ձեռքի կոտրվածքից հետո նա կարողացավ ապաքինվել ու անհամբերությամբ է սպասում Լոնդոն մեկնելուն: Մարզուհին PanARMENIAN.Net-ին պատմել է, թե ինչու էին բոլորը դեմ, որ նա զբաղվի ծանրամարտով, ինչ է կրում հարթակ դուրս գալիս, ով է օգնում նրան պարտությունները հաղթահարել, թե ինչու է ուզում գիրանալ և երբ է պլանավորում ամուսնանալ:
Դու Հայաստանում առաջին աղջիկն էիր, ով սկսել է զբաղվել ծանրամարտով: Ինչպիսի՞ն էր մարդկանց վերաբերմունքը և դժվար չէր դիմակայել բոլոր կարծիքներին:
Շատ դժվար էր, քանի որ մարդիկ դեռ սովոր չէին, որ աղջիկները ևս կարող են զբաղվել ծանրամարտով: Եվ, բնականաբար, որոշ դժվարություններ հաղթահարել եմ ու երբեք չեմ լսել մարդկանց կարծիքները: Ինձ խորհուրդ էին տալիս մարմնամարզությամբ զբաղվել, որպեսզի ավելի գեղեցիկ կառուցվածք ունենամ, բայց ես անդրդվելի էի:

Իսկ ինչպե՞ս ես հայտնվել ծանրամարտի դահլիճում:
Սիրել եմ սպորտով զբաղվել, բայց պատահական է ստացվել, որ ծանրամարտն եմ ընտրել ու արդեն 14 տարի է , որ այս մարզաձով եմ զբաղվում: Առաջին մարզիչս Սուրեն Եսայանն է եղել, 2004 թվականից ինձ մարզում է Արման Ղազարյանը:
Կարծում ես ծանրամարտը չի՞ խանգարում կանացի լինել:
Մասնագիտությունը կապ չունի արտաքին տեսքի հետ, աղջիկը ամեն դեպքում պետք է հետևի իրեն և միշտ գեղեցիկ տեսք ունենա:

Ելույթների ժամանակ դու միշտ փորձում ես գեղեցիկ տեսք ունենալ: Իսկ կա՞ որևէ բան, որ միշտ պետք է կրես կամ ունենաս քեզ հետ պամոստ դուրս գալիս:
Այո, իմ նշանածի նվիրած խաչն է, որ միշտ կրում եմ ելույթ ունենալիս, և այն ինձ հաջողություն է բերում: Մինչև նշանվելն էլ կրել եմ մայրիկիս նվիրած խաչը:

Ասում են, որ մրցաշարերից առաջ ծանրորդները չպետք է անհանգստանան: Դու համաձա՞յն ես այս մտքի հետ:
Համաձայն եմ, որովհետև դա, իսկապես, շատ է խանգարում է: Բայց շատ կարևոր է նաև ներքին հանգստությունը, որը ժամանակի ընթացքում աստիճանաբար են պրոֆեսիոնալ մարզիկները ձեռք բերում:

Տարվա մեծ մասը դուք հավաքներ ենք անցկացնում,այսինքն անընդհատ մարզվում եք, ինչպե՞ս ես կարողանում այդքան ժամանակ բացակայել տնից:
Արդեն սովորել եմ, կատակով միշտ ասում եմ, որ բանակային ռեժիմով եմ ապրում: Դե 14 տարիների ընթացքում սովորել եմ, սակայն սկզբում շատ ծանր էի տանում տնից բացակայությունը: Շատ էի կարոտում ընտանիքիս անդամներին, ջերմություն էի ունենում: Առաջին հավաքին մասնակցել եմ 15 տարեկանում, թիմում ես ամենափոքրն էի: Այդ ժամանակ տանը չեմ եղել մոտ 3 ամիս, ու շատ դժվար էր:

Առաջին բանը, որ անում ես երկարատև մարզումներից տուն վերադառնալուց հետո:
Աշխատում եմ ժամանակիս մեծ մասն ընտանիքիս հետ անցկացնել:

Կին ծանրորդներն ուժի և հզորության խորհրդանիշ են, ըստ քեզ դա նշանակո՞ւմ է, որ դուք որոշ տղամարդկանցից ուժեղ եք:
Կին ծանրորդները միայն սպորտում են ուժեղ, օրինակ, առօրյա կյանքում ես այդքան էլ ուժեղ չեմ: Դեռ ուժս ցույց տալու առիթ չի եղել, բայց ընդունում եմ, որ սովորական աղջիկների և մարզուհիների միջև տարբերություններ կան:

Ե՞րբ եղավ առաջին անգամ, երբ զգացիր, որ քեզ այս մարզաձևում մեծ հաջողություններ են սպասվում:
2001 թվականից ես միջազգային ասպարեզ եմ դուրս եկել, սակայն այդ ժամանակ դեռ չէի սիրում ծանրամարտը և համարում էի, որ սիրողական եմ մարզվում: 2003 թվականից եմ սկսել սիրել իմ գործն ու ավելի պրոֆեսիոնալ մոտեցում ցուցաբերել: Իմ առաջին մարզիչը միշտ ասել է, որ ես բարձրակարգ մարզիկ եմ դառնալու, սակայն ես դեռ չէի հավատում իմ ուժերին: Առաջին հաջողությունների հետ եկան նաև ներքին հավատն ու վստահությունը:

Շատ մարզիկներ խոստովանում են, որ սովորաբար խոշոր մրցաշարերից առաջ փորձում են մտածել կողմնակի բաների մասին` այդպիսով տրամադրելով իրենց, ոմանք ելույթից առաջ ուսումնասիրում են դահլիճը, հարթակը: Քեզ մոտ այդ գործընթացն ինչպե՞ս է արվում:
Ես արդեն 11 տարի է այդ հարթակը զգում եմ, և տարբերություն չկա, թե որ երկրում է այն գտնվում: Կարծում եմ, եթե մարզիկը ուժեղ է, կբարձրացնի այն:

Ինչպե՞ս ես սովորաբար անհաջողությունները հաղթահարում և ո՞վ է օգնում քեզ:
Միշտ շատ ծանր եմ տանում, և մոտ մեկ ամիս է տևում այդ սթրեսը: Բռնցքամարտիկի պես նոկաուտ եմ ստանում: Միայն մարզչիս եմ հարցնում, թե արդյոք լավ կլինի հաջորդ մրցաշարի ժամանակ: Նա միշտ ասում է, եթե վստահ լինեմ իմ ուժերին, հաջողությունների կհասնեմ: Նա ինձ հիշեցնում է, որ այդ անհաջողությունն արդեն անցյալում է, և պետք է պատրաստվել առաջիկա փորձություններին: Նրա հետ զրույցն ինձ միշտ օգնում է: Արմանը գիտի ինչպես ինձ տրամադրել, ասելով, որ լավագույնը դեռ առջևում է:

Դու մեկ անգամ արդեն մասնակցել ես Օլիմպիական խաղերի, սակայն այն ժամանակ ամեն ինչ հապճեպ էր ստացվել: Այս անգամ ի՞նչ կարող են ակնկալել հայ մարզասերները քեզանից:
Այս անգամ վնասվածքից հետո ես առաջին անգամ պետք է դուրս գամ հարթակ: Արդեն 7 ամիս է անցել ձեռքիս վիրահատությունից հետո: Ես գնում եմ Լոնդոն մեդալի համար, որովհետև նման վնասվածքից հետո մեդալ վերցնելը քաջություն կլինի: Վնասվածքից հետո էլ շատ դժվար էր վերականգնվել, երբ առաջին անգամ մոտեցա ծանրաձողին ու պետք է բարձրացնեի այն քաշը, որի ժամանակ վնասվաք եմ ստացել, շատ դժվար էր: Բայց հենց այսօր այդ քաշը արդեն “ենթարկեցի ինձ” ու մեծ վստահություն ձեռք բերեցի:

Երբ վնասվածք ես ստանում, բնականաբար, ցավ է լինում, բայց մարզիկը երևի նաև վախենո՞ւմ է, որ զրկվում է մեդալների համար պայքարել:
Այդ ժամանակ երկու ցավ իրար են խառնվում: Դու ողջ ժամանակդ անցկացնում ես մարզադահլիճում, ծանր մարզումներ ես անցկացնում, և մի քանի վայրկյանի ընթացքում ամբողջ աշխատանքդ ջուրն է ընկնում: Շատ ծանր է, բայց կարևոր է, որ դրանից հետո կարողանաս վերականգնվել ու կրկին դուրս գալ հարթակ:

2008-ի Օլիմպիական խաղերից ի՞նչ դասեր ես քաղել ու ի՞նչ ես սովորել:
Երբ այն ժամանակ իմացա, որ ես պետք է Մելինե Դալուզյանին փոխարինեմ, չէի հասկանում, թե ինչ է կատարվել: Ավելի ուշ իմացա նրա հիվանդության մասին, և արդեն պարզ էր, որ էլ փոխարինող չկա: Նազիկն էլ այդ ժամանակ վնասվածք ուներ, ու ստիպված ես մեկնեցի Օլիմպիական խաղեր: Մինչ այդ իմ վերջին մրցաշարում ես 0 էի ստացել, ու շատ դժվար էր նման արդյունքով մասնակցել Օլիմպիադայի: Եվ պեկինյան խաղերն ինձ համար այդքան էլ հաջող չէին, բայց ես հույս ունեի, որ ինձ դեռ հնարավորություն կնձեռնվի մասնակցել Օլիմպիադայի:

Դու հիմա ծանրքաշային կարգում ես հանդես գալիս և մրցում ես քեզանից ավելի ծանր մարզուհիների հետ: Ինչո՞ւ որոշեցիր այս քաշ տեղափոխվել:
Շատ դժվար է, որովհետև անձնական քաշով ես շատ եմ թեթև նրանցից: Իմ մրցակիցները 100 և ավելի կգ են, իսկ ես դեռ 87 կգ եմ, դե արի ու նրանց հետ պայքարի (ծիծաղում է): 75 կգ քաշային կարգում ես 7-8 կգ քաշ էի կորցնում, այդ պատճառով էլ որոշեցի փոխել քաշային կարգս:

Իսկ դժվա՞ր չէ միշտ անհրաժեշտ քաշը պահել: Ի՞նչ ես դու դրա համար անում:
Շատ մեծ ջանքեր եմ գործադրում: Օր ու գիշեր սնվում եմ, բայց միևնույն է քաշս էլի չի բարձրանում: Փորձում եմ գոնե 100 կգ կշռել: Հետո ես շատ հեշտ եմ նաև կգ-ներ կորցնում, այդ պատճառով էլ չեմ վախենում գիրանալուց: Բոլորն էլ զարմանում են, որ գիրանում եմ, քանի որ հիմա բոլորը ցանկանում են նիհարել:

Ինչպե՞ս ես գնահատում Հայաստանի Օլիմպիական հավաքականի հնարավորությունները և ըստ քեզ ովքե՞ր կկարողանան մեդալներով վերադառնալ:
Բոլոր մարզիկներն էլ մեծ ջանքեր են գործադրում և պատրաստվում են խաղերին, հուսով եմ, որ մեդալներով պետք է վերադառնանք, բայց չեմ կարող ասել, ում կհաջողվի նվաճել դրանք: Թող բոլորն էլ կարողանան կանգնել պատվոհարթակին:

Խոսենք նաև քո անձնական կյանքից: Դու նշանված ես, ե՞րբ եք պլանավորում ամուսնանալ և ինչպե՞ս ես պատկերացնում քո կարիերան դրանից հետո:
Օլիմպիական խաղերից հետո ենք ամուսնանալու, բայց դեռ կոնկրետ օր չենք որոշել: Էլի շարունակելու եմ մարզվել, նշանածս էլ է ծանրորդ, նա հասկանում և աջակցում է ինձ:

Ինչպե՞ս ես սիրում անցկացնել արձակուրդդ և կարողանո՞ւմ ես երկար ժամանակ մարզադահլիճ չմտնել:
Մարզադահլիճը իմ տունն է, 2-3 օրից հետո չեմ կարողանում չգնալ մարզվելու: Պասիվ հանգիստ եմ սիրում:

Գոհար Նալբանդյան, Հասմիկ Բաբայան / PanARMENIAN News
Հռիփսիմե Խուշուդյան

Ծանրորդ Հռիփսիմե Խուշուդյանը ծնվել է 1987 թվականի հուլիսի 27-ին Քասախում: Ծանրամարտով սկսել է զբաղվել 1999 թվականից` Հայաստանի վաստակավոր մարզիչ Սարմեն Եսայանի գլխավորությամբ: 2006 թվականի Եվրոպայի առաջնությունում նա 3-րդն էր, սակայն ռուս Վալենտինա Պոպովայի որակազրկումից հետո նվաճեց արծաթե մեդալ:

2007 թվականին Խուրշուդյանը 3 ոսկե մեդալ է նվաճել Եվրոպայի երիտասարդական և մեծահասակների առաջնություններում և աշխարհի երիտասարդական առաջնությունում: 2008 թվականին մասնակցել է Պեկինի Օլիմպիական խաղերին: Հայաստանի կանանց ծանրամարտի հավաքականի մարզչական շտաբը որոշել էր խաղերին հայտավորել Մելինե Դալուզյանին, սակայն նա առողջական խնդիրներ ուներ և վերջին պահին որոշվել էր Պեկին ուղարկել ոչ այդքան պատրաստի մարզավիճակում գտնվող Խուրշուդյանին: Արդյունքում նա զբաղեցրել է ընդամենը 11-րդ տեղը:

2009 թվականին մարզուհին Եվրոպայի առաջնությունում դարձել է արծաթե, իսկ աշխարհի առաջնությունում` բրոնզե մեդալակիր:

2004 թվականից միջազգային կարգի սպորտի վարպետ է:

---