Եթե մեզանից մեկը մեդալ է նվաճում` այն բոլորինս է

Արմեն Նազարյան.

Եթե մեզանից մեկը մեդալ է նվաճում` այն բոլորինս է

PanARMENIAN.Net - Ձյուդոյի Եվրոպայի հայ առաջին չեմպիոն Արմեն Նազարյանի համար այս Օլիմպիական խաղերը կլինեն երրորդը: PanARMENIAN.Net-ի հետ զրույցում նա պատմել է, թե ինչու չէր ծնողներին տեղյակ պահել, որ ձյուդո է պարապում, ինչու է փոխել քաշային կարգը և ինչ պետք է անի, որպեսզի կարողանա նվաճել Օլիմպիական մեդալ:
Արմե'ն, դու առաջին հայ ձյուդոիստն ես, որին հաջողվել է դառնալ Եվրոպայի չեմպիոն: Ի՞նչ է դա քեզ համար և ինչպե՞ս ես վերաբերվում այդ փաստին:
2005-ին դարձա Եվրոպայի չեմպիոն, այդ հաջողությունը ինձ տրվեց տարիների աշխատանքի և ստաբիլ մարզումների շնորհիվ: Լինել առաջին հայ չեմպիոնը պարտավորեցնող է: Ես շատ եմ ցանկանում, որ փոքր երեխաները շարունակեն իմ հաջողությունները ու նաև գերազանցեն ինձ:

Այդքան շատ տիտղոսներ ես նվաճել թե աշխարհի և թե Եվրոպայի առաջնություններում: Ինչի՞ հաշվին ես կարողացել այդ ամենին հասնել:
Դժվարություններ շատ են եղել: Մեր մարզաձևը շատ զարգացած է, ու ամեն քաշային կարգում 80 ավելի մարզիկներ են մասնակցում: Մրցակցությունը մեծ է, ու առաջին եռյակում տեղ գտնելու համար շատ դժվարությունների ես հանդիպում: Բայց ասեմ, որ եթե մարզիկն ունի նպատակ, ապա կարողանում է հաղթահարել ցանկացած դժվարություն:

Դու սկզբում հանդես ես եկել 60 կգ քաշային կարգում, ապա տեղափոխվել ես 66: Ինչո՞վ էր դա պայմանավորված:

Սա զուտ քաշիս հետ էր կապված: Ես ամեն մրցաշարից առաջ 5-6 կիլոգրամ քաշ էի գցում ու դրա հետ էլ այդպես վարվեցի: Տեղափոխվելով մի քաշ բարձր` տարբեր խնդիրներ առաջացան: Փոխվեցին մրցակիցներս, մենամարտելու ձևը, ու կարծես ամեն ինչ նորից սկսած լինեի: Ինձնից պահանջվեց երկու տարի, որ լրիվ հարմարվեմ այս քաշում ու կրկին մեդալներ նվաճեմ:

Արմեն, ձյուդոն արագ մարզաձև է և վայրկյանն էլ կարող է որոշիչ լինել: Ինչպե՞ս է ձյուդոիստը կարողանում մտնել տատամի և հաղթել:
Իսկապես, մի քանի վայրկյանում պետք է կողմնորոշվես ու մտնես մարտի մեջ: Քեզնից է կախված մենամարտի ելքը, դրա համար պետք է տրամադրվել ու առաջին իսկ վայրկյանից պատրաստ մենամարտել:

Քեզ համար ի՞նչն է ամենաբարդը ձյուդոյում:
Մարզումները: Մրցումներն ավելի հեշտ են լինում ինձ համար:

Ամեն մարզիկ ունի մենամարտելու իր ոճը: Ո՞րն է քո նախընտրած հնարքը և ոճդ ինչպիսի՞ն է:
Ինչպես բոլորը` ես էլ ունեմ: Բայց բառերով չեմ կարող նկարագրել, պետք է ուղղակի տեսնեն մարդիկ, որ պատկերացում ունենան:

Ձյուդոն մի տեսակ «պատկանում» է ճապոնացիներին, և վերջիններս են համարվում մեդալների հիմնական հավակնորդներ: Ինչպե՞ս կմեկնաբանես այս տեսակետը և ինչպե՞ս ես կարողանում դիմակայել ու շատ հաճախ նաև հաղթել նրանց:
Մարզաձևը ճապոնական է, բայց չէի ասի, որ այն պատկանում է նրանց, քանի որ ձյուդոյով ամբողջ աշխարհում են զբաղվում ու հասնում են հաջողությունների: Մենք էլ հանդիպում ենք նրանց ու շատ հաճախ հաղթում ենք: Գիտեք, երևի մեր Հայաստանի բնակլիմայական պայմաններն են ստիպում լինել կռվող ու պայքարող, դա է նաև պատճառը, որ կարողանում ենք հաղթել:

Հե՞շտ է լինել տիտղոսակիր մարզիկ:
Այո: Դժվարն այն է, որ այդ տիտղոսները պետք է կարողանաս պահել:

Ո՞րն է եղել քո ամենաանմոռանալի մենամարտը:
2006-ի աշխարհի Գավաթի ժամանակ, երբ ես մենամարտեցի Օլիմպիական եռակի չեմպիոնի հետ: Մենամարտը հավասար էր ընթանում, բայց ես մեկ միավորով պարտվեցի:

Արմե'ն, դու երկար տարիներ հանդես ես գալիս Հայաստանի հավաքականի կազմում: Այս ընթացքում փոփոխություններ են տեղի ունեցել թիմում և մարզչական շտաբում: Ինչպիսի՞ն է թիմի մթնոլորտը:
Ես 22 տարի է մարզվում եմ ձյուդոյով, ու այս ընթացքում փոփոխությունները շատ են եղել: Իմ սերնդակիցներից շատերը հիմա էլ չեն մարզվում ու երիտասարդներ են եկել: Բայց ես շատ հարմարվող մարդ եմ, ու կարողանում եմ մարզիչների ու թիմակիցների, բոլորի հետ էլ լեզու գտնել: Միշտ էլ ու հիմա էլ տղաներով շատ ենք իրար կապված, բոլորս բոլորիս համար ենք անում ու աշխատում: Կարևորը, որ մենք ընկերներ ենք, ու եթե մեզանից մեկը մեդալ է նվաճում, ապա այն բոլորինս է:

Լավ, արի խոսենք նաև քո մարզական առաջին քայլերից: Ինչո՞ւ հենց ձյուդո:
7 տարեկանից մարզվում եմ: Ես ծնվել եմ Հրազդան քաղաքում, ու այնտեղ այդ ժամանակ միայն ձյուդոյի ու խոտի հոկեյի խմբակներ կային: Ես էլ ընտրեցի ձյուդոն: Ասեմ, որ ծնողներս տեղյակ չէին: Այն ժամանակ բժշկական թղթեր էին պետք, որպեսզի ներկայացնեինք սպորտդպրոց: Ես էլ վախենում էի, որ ծնողներիս ասեմ, նրանք կարգելեն ինձ մարզվել: Բայց մի քանի ամիս հետո տեղյակ պահեցի, ու նրանք հասկացան, որ ձյուդոն իմ ամեն ինչն է:

Ի՞նչ երազանքներ կամ նպատակներ է ունենում պատանին, ով որոշում է իր ապագան կապել սպորտի հետ:
Հենց այդ տարիքից ես երազում էի Օլիմպիական խաղերում հաղթելու մասին:

Քեզ համար առաջին Օլիմպիական խաղերը Աթենքում էին: Կհիշե՞ս քո առաջին ելույթն Աթենքում:
Մարզիկներին ամենաշատը վնասվածքներն են խանգարում, ու դրանից վատ բան չի կարող լինել: Այդ Օլիմպիադայում Իրանի մարզիկի հետ գոտեմարտում ձեռքի վնասվածք ստացա ու չկարողացա շարունակել ելույթս:

Արդեն չորս տարի անց դու Պեկինում էիր ու ավելի փորձառու:
Այստեղ էլ չստացվեց: Եգիպտացու հետ մենամարտը հավասար վերջացավ, բայց դատավորները որոշեցին հաղթանակը շնորհել նրան, ու ես դուրս մնացի հետագա պայքարից:

Լոնդոնյան խաղերը քեզ համար թվով 3-րդն են լինելու: Ավելի փորձառու ես լինելու և ավելի պատրաստված: Այդուամենայնիվ լարվածություն կա՞ քո մեջ:
Ոչ, տարիների ընթացքում լարվածությունը, հուզմունքը անցել են: Հիմա ես ավելի հանգիստ եմ ու հավասարակշռված: Նպատակ ունեմ իմ առջև դրած, ու անելու եմ ամեն ինչ, որ հասնեմ դրան:

Օլիմպիական խաղերը քառամյակի ամենակարևոր իրադարձությունն են: Դու այդքան մեդալներ ունես քո ակտիվում, իսկ ի՞նչ է քեզ պետք, որպեսզի ունենաս նաև Օլիմպիական մեդալ:
Պետք է տակտիկական խնդիրների վրա աշխատեմ: Ես ուսումնասիրել եմ մրցակիցներիս, նրանք թվով 32-ն են: Շատերին ճանաչում եմ, քանի որ տարբեր մրցաշարերի ժամանակ հանդիպել եմ նրանց ու ծանոթ եմ նրանց ոճին:

Գոհար Նալբանդյան / PanARMENIAN News
Արմեն Նազարյան

Արմեն Նազարյանը ծնվել է 1982 թվականի հունիսի 20-ին Հրազդան քաղաքում: Հայ ամենահայտնի և տիտղոսակիր ձյուդոիստներից է և երկար տարիներ հանդես է գալիս Հայաստանի հավաքականի կազմում:
Արմեն Նազարյանն առաջին հայ ձյուդոիստն է, որը հռչակվել է Եվրոպայի չեմպիոն:
Արմենը 2003 և 2004 թվականներին Եվրոպայի առաջնությունում գրավել է երրորդ հորիզոնականը` նվաճելով բրոնզե մեդալներ: 2005 թվականի Ռոտերդամում կայացած առաջնության ժամանակ հռչակվում է Եվրոպայի չեմպիոն, իսկ մեկ տարի անց` արծաթե մեդալակիր:
Նազարյանը հաջողություններ է գրանցել նաև աշխարհի Գավաթի խաղարկությունում: 2003, 2006 և 2008 տիրացել է բրոնզե մեդալների, 2003, 3004 և 2006-ին` արծաթե: 2005, 2008, 2010 և 2011 թվականներին Արմենը աշխարհի Գավաթի խաղարկությունում նվաճել է ոսկե մեդալներ:
Նազարյանը մասնակցել է նաև 2004 թվականի Աթենքի և 2008 թվականի Պեկինի Օլիմպիական խաղերին: Լոնդոնի Օլիմպիական խաղերում նա հանդես կգա մինչև 66 կգ քաշային կարգում:

---