Ծանրամարտի շնորհիվ ես ծանոթացել եմ կնոջս հետ, ու հիմա մենք արդեն երկու երեխա ունենք

Արա Խաչատրյան.

Ծանրամարտի շնորհիվ ես ծանոթացել եմ կնոջս հետ, ու հիմա մենք արդեն երկու երեխա ունենք

PanARMENIAN.Net - Ծանրորդ Արա Խաչատրյանը երկրոդ անգամ է մասնակցելու Օլիմպիական խաղերին: PanARMENIAN.Net-ը զրուցել է նրա հետ և պարզել, թե ինչ է տվել ծանրամարտն իրեն, ինչու չի կարողանում միջազգային մրցաշարերում նվաճել ոսկե մեդալ և ինչ խորհուրդ է տվել Աշոտ Մխիթարյանն իրեն, որը մինչև այսօր հիշում է:
Արա՛, լոնդոնյան խաղերը քեզ համար լինելու են երկրորդը: Պեկինում դու վնասվածք ստացար ու չկարողացար շարունակել ելույթդ:
Պեկինում ծնկի վնասվածք ունեի, բայց դա մի կողմ էի դրել ու մեդալ նվաճելու էի գնացել: Եթե իմանամ, որ մեդալ չեմ բերելու, ես չեմ գնա մրցումների: Իսկ եթե զգում եմ, որ գնում եմ մրցում ու ձեռնունայն եմ հետ գալու` չեմ գնում: Այս անգամ իմ բախտը չբերեց, վնասվածք ստացա ու չկարողացա շարունակել պայքարը:

Կարևոր առաջնությունների ժամանակ, օրինակ Օլիմպիական խաղերի կամ էլ աշխարհի առաջնության, չգիտես ինչու դու վնասվածք ես ստանում: Ըստ քեզ, ինչի՞ց է սա գալիս` սպորտային բախտն է, թե ինչ-որ տեղ անհաջողակ ես:
Երևի սպորտային բախտ չունեմ: Ես միշտ դժվարությունների եմ հանդիպում: Չեմ ուզում ինձ գովաբանել, բայց ես ուժեղ եմ, մարզումների ժամանակ կարողացել եմ բարձրացնել իմ ուզած քաշը, բայց մրցման ժամանակ հաճախ չի ստացվել:

Բայց միևնույն ժամանակ դու նաև հաղթող ու կամային մարզիկ ես, որովհետև այդպիսի բարդ վնասվածքներից հետո կարողանում ես վերադառնալ ու մեդալներ նվաճել: Ինչպե՞ս ես հաղթահարում դժվարությունները:
Կամային մարդ եմ ես, բայց ինձ օգնում է նաև իմ ընտանիքը, ընկերներս ու նաև հայ ժողովուրդը, որն ինձնից սպասումներ ունի: Ես մտածում եմ, որ պետք է լավ ներկայանամ ու արդարացնեմ նրանց սպասելիքները: Իմ նպատակը` սպորտից հաղթանակած հեռանալն է և հուսամ, որ կկարողանամ դա անել:

Հիմա ինչպե՞ս ես քեզ զգում ու արդյո՞ք լիովին ապաքինվել ես:
Հիմա լավ եմ ու ամենակարևորը վնասվածքներ չունեմ:

Այդ ամենն արդեն անցյալում է, ու դու նախապատրաստվում ես լոնդոնյան խաղերին: Ինչպե՞ս են անցել ու անցնում մարզումները:

Տրամադրվում եմ Օլիմպիական խաղերին, գնում եմ միայն մեդալի հետևից: Այսքան փորձությունների միջով եմ անցել, ու Աստված տա, այս անգամ հաջող հանդես գամ:

Անցած Օլիմպիադայի հետ համեմատած` դու և Տիգրան Մարտիրոսյանն եք թիմում մնացել: Շա՞տ է զգացվում թիմի փոփոխությունը:
Ցավոք սրտի մեծ Տիգրանն ու Գևորգ Դավթյանը վնասվածքների պատճառով չկարողացան շարունակել սպորտը և հիմա հավաքականում չեն: Բայց այսօրվա տղաների հետ էլ մենք մի ընտանիքի պես ենք ու շատ լավ ընկերներ ենք:

Դու հանդես էիր գալիս մինչև 77 քաշային կարգում, հիմա արդեն 85-ում: Ո՞ր քաշային կարգում ես քեզ ավելի լավ զգում:
2010-ից փոխեցի քաշային կարգս: Ես բարձրահասակ եմ, ու ինձ պետք է ավելի բարձր քաշում հանդես գալ, բացի դա ես նաև քաշ էի գցում: Սրա պատճառով մեկ քաշային կարգ բարձրացա ու ավելի լավ եմ զգում 85 կգ-ում:

Արա՛, այս ամբողջ ընթացքում դու միշտ արժանացել ես արծաթե մեդալների: Ի՞նչն է քեզ խանգարել նվաճել ոսկե մեդալ:
Բան չի խանգարել, ուղղակի բախտս չի բերել ու վնասվածքներ եմ ունեցել:

Իսկ մինչ այս, քո նվաճած մեդալներից ո՞րն է առանձնանում իր կարևորությամբ քեզ համար:
Ստրասբուրգում նվաճած Եվրոպայի արծաթե մեդալը: Այդ տարի Գևորգը ոսկե մեդալ տարավ, ես արծաթե, իսկ թուրք մարզիկը` բրոնզե: Շատ ուժեղ պայքար էր ու անմոռանալի մեդալ է այն ինձ համար:

Իսկ ինչպե՞ս պատահեց, որ սկսեցիր զբաղվել ծանրամարտով:
13 տարեկան էի, ընկերս գնում էր ծանրամարտի, ու ես էլ խնդրեցի, որ ինձ հետը տանի, որ նայեմ: Հետո սիրեցի ու որոշեցի մարզվել: Շատ ազարտով մարզաձև է, ծանր քաշ ես հանում ու դրանից էլ մեծ հաճույք ես ստանում:

Արա՛, խոսենք նաև հավաքականի նախկին գլխավոր մարզիչ Աշոտ Մխիթարյանից, որը ցավոք այսօր այլևս չկա: Ինչպե՞ս էիք համագործակցում ու զգո՞ւմ եք նրա պակասը:
Հիմա էլ թիմը` Պողոս Պողոսյանի գլխավորությամբ լավ տեսք ունի: Ցավոք սրտի, ընկեր Աշոտը մեր կողքին չէ, նա հոյակապ մարզիչ էր, լավ հոգեբան ու մանկավարժ: Նա այնպես էր տրամադրում, որ այդ ծանր կիլոգրամները մեր աչքին չէին երևում, գնում ու բարձրացնում էինք:

Իսկ ի՞նչ խորհուրդ է նա տվել, որ մինչև այսօր հիշում ես:
Ընկեր Աշոտը մայրիկիս ասել էր. «Ծառը պետք է ջրես, որ աճի»: Մայրս ինձ ասաց, ու այդ ժամանակից շատ եմ աշխատել ինձ վրա, այդ խոսքերից ավելի ոգևորվել: Ընկեր Աշոտը ինձ դժվարության մեջից քաշեց ու հանեց: Իմ հաջողությունների մեծ մասը նրա շնորհիվ է:

Ծանրամարտը բառիս բուն իմաստով ծանր մարզաձև է: Ինչպե՞ս ես կարողանում հաղթահարել թե հոգեբանական և թե ֆիզիկական ծանրությունը:
Հոգեբանականը ընկեր Աշոտն է մեր մեջ սերմանել ու մինչև այսօր ես պատրաստ եմ: Իսկ ֆիզիկապես` այդ կիլոգրամները մեզ համար սովորական բան են դարձել:

Ի՞նչ է տվել ծանրամարտը քեզ:
Ես մրցումների էի գնացել Սամարա ու այնտեղ կնոջս հետ ծանոթացա ու հիմա արդեն երկու երեխա ունենք:

Եվ վերջում, Օլիմպիական խաղերին շատ քիչ ժամանակ է մնացել: Ի՞նչ սպասելիքներ ունես տղամարդկանց ծանրամարտի հավաքականից:
Բոլոր տղաներն էլ լավ պատրաստված են ու բոլորս էլ գնում ենք մեդալի հետևից:

Գոհար Նալբանդյան / PanARMENIAN News
Արա Խաչատրյան

Արա Խաչատրյանը ծնվել է 1982 թվականի սեպտեմբերի 13-ին Լենինականում (Գյումրի): Հանդես է եկել մինչև 77 կգ քաշային կարգում: 2006 թվականին Սանտո Դոմինգոյի աշխարհի առաջնությունում 357 կգ արդյունքով արժանացել է բրոնզե մեդալի:

2007 թվականի Ստրասբուրգի, 2008 թվականի Լինյանոյի և 2010-ի Մինսկի Եվրոպայի առաջնություններում արժանացել է արծաթե մեդալների: 2010-ին Ստամբուլի աշխարհի առաջնության ժամանակ պոկում վարժությունում տիրացել է ոսկե մեդալի: 2009-ից հանդես է գալիս մինչև 85 կգ քաշային կարգում:

Արայի համար Լոնդոնի խաղերը կլինեն երկրորդը: 2008-ին նա մասնակցել է նաև Պեկինի խաղերին, բայց վնասվածքի պատճառով դուրս է մնացել պայքարից:

---