Փողն ինձ չի հետաքրքրում, ես ցանկանում եմ կայանալ որպես լավ մարզիկ

Հաջիմուրադ Նուռմագոմեդով.

Փողն ինձ չի հետաքրքրում, ես ցանկանում եմ կայանալ որպես լավ մարզիկ

PanARMENIAN.Net - Հաջիմուրադ Նուռմագոմեդովը հույս ունի, որ հուսախաբ չի անի ըմբշամարտի հայ սիրահարներին ու կկարողանա Օլիմպիական խաղերում լավ ելույթ ունենալ: PanARMENIAN.Net-ին ըմբիշը պատմել է, թե ինչու է շնորհակալ հայերին, ինչ նմանություններ կան Երևանի ու Մախաչկալայի միջև, թե ում հետ են շփոթում իրեն և ինչու է որոշել հանդես գալ Հայաստանի հավաքականի կազմում:
Դու ծնվել ես Մախաչկալայում, որտեղ շատերն են զբաղվում ըմբշամարտով: Դա ազդե՞լ է քո որոշման վրա:
Ես փոքր տարիքից սիրել եմ այս մարզաձևն ու միշտ ցանկացել եմ ըմբիշ դառնալ: Երևի օգնել է նաև այն, որ շուրջս բազմաթիվ ըմբիշներ են եղել:

Ւնչպե՞ս ես սկսել քո մարզական ուղին և ինչպե՞ս ես հայտնվել ըմբշամարտի դահլիճում:
12 տարեկանից եմ սկսել մարզվել, բայց մինչև այդ գնացել եմ նաև բռնցքամարտի ու կարատեի խմբակներ: Առաջին քայլերս կատարել եմ Մախաչկալայի սպորտային բարձրագույն նվաճումների մարզադպրոցում:

Պատմիր քո հարազատ քաղաքի մասին, ի՞նչ ընդհանրություններ ունի այն Երևանի հետ:
Մախաչկալան էլ Երևանի պես լուսավոր ու արևոտ քաղաք է, իսկ մարդիկ հայերի պես հյուրընկալ ու բարի են: Հայաստանում ինձ շատ ջերմ են ընդունել, ինչի համար շատ շնորհակալ եմ:

Ինչպե՞ս ընդունեցիր Հայաստանում հանդես գալու որոշումը, դժվա՞ր չէր արդյոք քեզ համար:
Այդ պահին ես մտածում էի միայն Օլիմպիական խաղերի մասին, որպեսզի հնարավորություն ունենամ մեկնել Լոնդոն: Փողը կամ ֆինանսական պարգևատրումներն ինձ չէին հետաքրքրում, ես ցանկանում էի կայանալ որպես լավ մարզիկ: Ռուսաստանում շատ դժվար էր ընդգրկվել հավաքականում, քանի որ մրցակցությունը չափազանց ուժեղ է: Չնայած ես բազմիցս հաղթել եմ Եվրոպայի ու աշխարհի մեդալակիրներին, բայց հավաքական չէի հրավիրվում:

Ո՞ր մրցաշարի ժամանակ է քեզ նկատել Հայաստանի ֆեդերացիան ու ո՞վ է առաջարկել պաշտպանել Հայաստանի գույները:
Հայկական կողմն ինձ Մախաչկալայում կայացած միջազգային մրցաշարի ժամանակ է նկատել, ու Դաղստանի սպորտի փոխնախարարն ասել է, որ Հայաստանի ֆեդերացիայի կողմից հետաքրքրություն կա իմ նկատմամբ: Մենք միասին եկել ենք Հայաստան, ու այդպես ամեն ինչ սկսվել է:

Մինչ Հայաստանում հանդես գալը ի՞նչ հաջողություններ ես արձանագրել:
Քանի որ Ռուսաստանի հավաքականում ընդգրկված չէի, հիմնականում միջազգային մրցաշարերի եմ մասնակցել ու բազմիցս հաղթող եմ դարձել:

Իսկ այլ հավաքականներում ելույթ ունենալու հրավեր ունեցե՞լ ես:
Այո, ինձ առաջարկում էին նաև հանդես գալ Բելառուսի հավաքականում, սակայն որոշել եմ Հայաստանում հանդես գալ, քանի որ այն ինձ ավելի հոգեհարազատ է:

Դաղստանում մի քանի մարզիկներ կան Հաջիմուրադ Նուռմագոմեդով անունուվ: Չե՞ն շփոթում ձեզ:
Մի անգամ նման դեպք եղել է: Ուղիղ հեռարձակմամբ MMA-ի մարտ էր, ու ծանրքաշային կարգում հանդես էր գալիս Հաջիմուրադ Նուռմագոմեդովը: Ընկերներս ու բարեկամներս զանգում էին ինձ ու զարմացած հարցնում, թե երբվանից եմ սկսել MMA-ում հանդես գալ ու ինչու եմ փոխել քաշային կարգս:

Հայաստանի հավաքականի կազմում դու լեգիոներ ես, իսկ դա նշանակո՞ւմ է, որ դու ավելի լավ պետք է հանդես գաս:
Ինձ համար շատ մեծ պատասխանատվություն է, քանի որ ինձ հրավիրել են այլ երկրից, և ես պետք է արդարացնեմ սպասելիքները: Հայաստանի ֆեդերացիան ինձ հետ հույսեր է կապել, ու ես չպետք է հուսախաբ անեմ նրանց: Այդ տեսանկյունից, իհարկե, դժվար է ինձ համար:

Դու Օլիմպիական ուղեգիր նվաճել ես առաջին վարկանշային մրցաշարի ժամանակ: Հոգեբանական առումով քեզ համար կարևո՞ր էր հենց առաջին փորձի ժամանակ հաջող ելույթ ունենալ:
Աշխարհի առաջնությունում չկարողացա ուղեգիր վերցնել, քանի որ վիճակահանությունն այդքան էլ բարեհաջող չէր ինձ համար: Ելույթիցս էլ այդքան գոհ չեմ, քանի որ չէի կարողանում լավ շնչել: Ու ես հասկանում էի, որ վարկանշային առաջին իսկ մրցաշարում պետք է նվաճել ուղեգիր, քանի որ հետո շատ դժվար կլինի: Անհաջողության դեպքում պետք էր մեկնել Չինաստան, հետո վերադառնալ Ֆինլյանդիա, նորից քաշ գցել ու ցանկացած մրցակցի էլ կարող էի զիջել: Շատ տիտղոսակիր մարզիկներ կորցրին Օլիմպիադա մեկնելու հնարավորությունը, քանի որ առաջին մրցաշարում լավ չմասնակցեցին ու կորցրին զգոնությունը:

Մինչ Օլիմպիադայի մեկնարկը շատ քիչ ժամանակ է մնացել, հիմնականում ինչի՞ վրա ես աշխատելու այս ընթացքում:
Ինձ համար շատ կարևոր է, որ շնչառությունս նորմալ լինի և ֆունկցիոնալ առումով պատրաստ լինեմ: Գրեթե բոլոր մրցակիցների հետ էլ հանդիպել եմ տարբեր մրցաշարերի ժամանակ և իմ հաշվին գրանցել եմ և հաղթանակներ և պարտություններ: Եվ ով այդ պահին ավելի պատրաստ կլինի, ում բախտը կբերի, նա էլ կդառնա հաղթող:

Ի՞նչ ակնկալիքներ ունես Օլիմպիական խաղերից:

Բնականաբար բոլորս էլ մեր առջև նույն նպատակն ենք դրել` դառնալ Օլիմպիական չեմպիոն: Կարող եմ ասել, որ կանեմ հնարավորը լավ հանդես գալու համար: Անհնարին ոչինչ չկա:

Ովքե՞ր են լինելու քո հիմնական մրցակիցները:
Գրեթե բոլորս էլ նույն մակարդակի ըմբիշներ ենք: Կարող եմ առանձնացնել Ռուսաստանի և Վրաստանի ներկայացուցիչներին:

Երկրպագուների հավաստմամբ ազատ ոճն ավելի դիտարժան է, քան հունահռոմեականը: Համամի՞տ ես նրանց հետ:
Ի տարբերություն հունահռոմեական ըմբշամարտի, մենք շատ ենք շարժվում, մեր բռնվածքներն ավելի շատ են: Իհարկե, նրանք էլ գեղեցիկ նետումներ են անում, բայց ամեն գոտեմարտի ժամանակ չէ, որ նման բան կարող ես տեսնել:

Ո՞ր մրցաշրջանն ես համարում ամենահաջողը քո կարիերայում:
2008 թվականը, քանի որ ես հաղթել եմ բոլոր մրցաշարերում, որոնց մասնակցել եմ: Այդ տարի նաև պայքարել եմ Օլիմպիադա մեկնելու համար, սակայն վճռական գոտեմարտում զիջել եմ Գեորգի Կիտոևին, նա այդ պահին իսկապես ուժեղ էր ու Օլիմպիադայում էլ նվաճեց բրոնզե մեդալ:

Դու մարզվում ես Մախաչկալայում և Հայաստանում և երկու մարզիչ ունես, իսկ ինչպե՞ս են նրանք համագործակցում:
Հավաքականի մարզիչ Արայիկ Բաղդադյանն ու իմ անձնական մարզիչ Կնյազբեկ Ամինովիչն իրար ճանաչում են, Հայաստանի ազատ ոճի հավաքականը միշտ մասնակցում է Մախաչկալայում անցկացվող Ալի Ալիևի մրցաշարին, այդտեղ էլ նրանք ծանոթացել են: Նրանք մշտապես հեռախոսազանգեր են ունենում և միշտ խորհրդակցում են:

Անհաջող ելույթից հետո ցանկություն առաջացե՞լ է թողնել սպորտը:
Պարտություններից հետո երբեմն նման մտքեր ունենում եմ: 2011-ին էլ, երբ աշխարհի առաջնությունում տեսա, թե ինչպես են անարդար կերպով մարտեր անցկացնում` մրցավարներին կաշառելով, որոշեցի, որ այլևս չեմ ցանկանում զբաղվել ըմբշամարտով: Բայց հետո ամեն ինչն իր տեղն ընկավ:

Ո՞ր վարժությունը չես սիրում կատարել մարզումների ժամանակ:

Չեմ սիրում ծանրաձող բարձրացնել, ինձ դուր է գալիս, երբ աշխատանքի հիմնական մասը գորգի վրա ենք կատարում:

Ինչպե՞ս է սպորտը փոխել քո բնավորությունը:
Քանի որ բոլոր ըմբիշներն ընկերասեր ու շատ մարդամոտ են, ես էլ եմ այդպիսին դարձել: Բացի այդ էլ սպորտի շնորհիվ ձեռք եմ բերել շատ ընկերներ աշխարհի տարբեր քաղաքներում:

Քո խոսքը Օլիմպիադա մեկնող հայ մարզիկներին:
Բոլորին ցանկանում են լավ ելույթ ունենալ: Մենք այդքան էլ մեծ թվով չենք մեկնելու Լոնդոն, բայց հուսով եմ, որ մեդալներով կվերադառնանք:

Հասմիկ Բաբայան / PanARMENIAN News
Հաջիմուրադ Նուռմագոմեդով

Ազատ ոճի ըմբիշ Հաջիմուրադ Նուռմագոմեդովը (84 կգ) ծնվել է Մախաչկալայում 1987 թվականի ապրիլի 1-ին: Ըմբշամարտով զբաղվում է 12 տարեկանից: Միջազգային կարգի սպորտի վարպետ է և բազմաթիվ միջազգային մրցաշարերի հաղթող:

2010 թվականին ընդունել է Հայաստանի հավաքականի հրավերը և 2011-ից սկսել է հանդես գալ հայկական եռագույնի տակ:

---