Լևոն Արոնյան.Ես միշտ վստահ եմ, իսկ վստահությունը բերում է հանգստություն 6 նոյեմբերի 2012 PanARMENIAN.Net - Թիմակիցներ ու մրցակիցներ, տիտղոսներ ու երկրպագուներ, մեծ ճանաչում և հաղթանակներ. այս ամենը բոլոր աշխարհահռչակ մարզիկների կյանքում էլ կա: Տեսնենք, թե PanARMENIAN.Net-ի այս թեստ-հարցազրույցն ինչպես է հաղթահարել Լևոն Արոնյանը: Գաբրիել Սարգսյան: Ընկեր, եղբայր, ուժեղ թիմակից: Մենք մի ամբողջ կյանք ենք իրար հետ անցկացրել ու իրար շատ ենք օգնել: Ծանոթացել ենք 9 տարեկանում, երբ խաղացինք իրար հետ, ու ես պարտվեցի: Իսկ ավելի մտերմացանք 14 տարեկանում, երբ պատանիների հավաքականում էինք խաղում: Արշակ Պետրոսյան: Մեր թիմի ուրախությունն է, շատ ուրախ ու հաճելի է նման մարզչի հետ: Կարծում եմ` Հայաստանի ամենահայտնի մարզիչն է: Հետաքրքիր է Պետրոսյանի հետ աշխատելը: Կարեն Ասրյան: Շատ տխուր պատմություն, բայց շատ լուսավոր զգացում սրտիս մեջ: Ընտանիք: Մի բառով ասեմ` հանգստություն: Իմ ընտանիքն իմ հաջողություններում շատ մեծ ներդրում ունի: Մայրս շատ է չարչարվել, որ ես շախմատիստ դառնամ:
Հայաստան: Հարազատ երկիր, մյուսներից առանձնանում է նրանով, որ այստեղ են ընկերներս, բոլոր բարեկամներս: Ես Հայաստանում ինձ հանգիստ եմ զգում: Մատ: Մատ որ ե՞ս եմ անում, թե՞ որ ինձ են անում (ծիծաղում է): Դժվարանում եմ պատասխանել: Աշխարհի չեմպիոն: Հարգանք և ձգտում: Տիգրան Պետրոսյան: Մեծ շախմատիստ, առանց որի Հայաստանը շախմատային մեծ հաջողությունների չէր հասնի: Շախմատ: Սիրած գործ, խաղ: Այն մարդու մեջ շատ բան է փոխում:
Թագավոր: Շախմատում թագավորն ավելի թույլ է, քան իրականում: Դժվար է ասել: Մրցակից: Մարդ, ում հետ կարողանում ես հարազատանալ: Շախմատային Օլիմպիադա: Միշտ մեծ ուրախություն, տոն: Մագնուս Կարլսեն: Ուժեղ շախմատիստ: Պարտություն: Կարևոր բան, որն ինձ կապում է ամենօրյա կյանքին: Եթե չլինի պարտություն` չես կարողանա ուշքի գալ, շատ բաներ չես կարողանա հասկանալ: Հաղթանակ: Միշտ ձգտում ես դրան: Լավ հաղթանակից հետո չես կարողանում քնել, իսկ պարտությունից հետո մի տեսակ հանգստանում ես: Տիտղոսներ: Դրանք լավ աշխատանքի վկաներն են: Ես երբեք չեմ մտածում նրանց մասին, տիտղոսներն ուղղակի աշխատանքի վերջն են: ՖԻԴԵ-ի վարկածով աշխարհի երկրորդ համար: Չգիտեմ դա ինչ է: Ես ուշադրություն չեմ դարձնում վարկանշային տեղերին: Լևոն Արոնյան: Շատերն են ասում, որ հասարակ եմ: Բայց ես այդքան էլ համամիտ չեմ: Ես ինձ վրա շատ վստահ եմ` թե խաղատախտակի առջև և թե կյանքում: Վստահությունն էլ բերում է հանգստություն: Երկրպագուներ: Ես իմ աշխատանքն եմ անում և ուրախ եմ, որ ուրիշներին կարողանում եմ ուրախացնել: Հասմիկ Բաբայան, Գոհար Նալբանդյան / PanARMENIAN News | Ըստ Օվերչուկի՝ ՀՀ ու ՌԴ միջև խնդիրները լրատվամիջոցներն են ուռճացնում «Պետք է կարողանալ տարբերել իրականությունը լրատվամիջոցների ներկայացրածից»,–ասել է նա Քաղաքական խորհրդակցություններ` ՀՀ և Տաջիկստանի ԱԳՆ-ների միջև Հայկական կողմը անդրադարձ է կատարել նաև ՀՀ կառավարության կողմից նախաձեռնված «Խաղաղության խաչմերուկ» ծրագրին Օվերչուկն էլեկտրագնացքով Վանաձորից ուղևորվել է Ախթալա կայարան Նա այցելել է Հայաստանի երկաթուղու ջրհեղեղից տուժած հատվածներ Օվերչուկ․ Ապաշրջափակումը հնարավոր է եռակողմ հայտարարության շրջանակում՝ ՀՀ իրավազորության սկզբունքով Նա նշել է, որ Ռուսաստանը միշտ պատրաստ է միանալ այս գործընթացին և օգնել |