ԱՀՀ-ն հույսը չի կորցնում, որ ԱՄՆ ապագա նախագահներից մեկը կճանաչի Հայոց ցեղասպանությունը

Արփի Վարդանյան.

ԱՀՀ-ն հույսը չի կորցնում, որ ԱՄՆ ապագա նախագահներից մեկը կճանաչի Հայոց ցեղասպանությունը

PanARMENIAN.Net - Հունվարի 30-ին ԱՄՆ Կոնգրեսի քննարկմանն է ներկայացվելու Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձեւը: Այս բանաձեւի ներկայացման հարցում մեծ դեր է խաղացել Ամերիկայի Հայկական Համագումարը (AAA)` ԱՄՆ-ի ամենաազդեցիկ լոբբիստական կազմակերպություններից մեկը: Հայոց ցեղասպանության ճանաչման եւ Հրանտ Դինքի սպանության վերաբերյալ իր կարծիքն է PanARMENIAN.Net-ին ներկայացրել Հայաստանում եւ Լեռնային Ղարաբաղում ԱՀՀ-ի տարածաշրջանային տնօրեն Արփի Վարդանյանը:
Հաջորդ շաբաթ ԱՄՆ Կոնգրեսի քննարկմանն է ներկայացվելու 1915 թվականի Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձեւը: Որքանո՞վ է այս հարցը կարեւոր Ամերկայի համար:

Հայոց ցեղասպանության հարցը շատ լուրջ է ԱՄՆ-ի համար, սակայն երկրի արտաքին քաղաքականությունը չի ենթադրում այդ տերմինի օգտագործումը 1915 թվականի հայ ժողովրդի ողբերգության վերաբերյալ: ԱՄՆ ցանկացած դեսպան, ով կօգտագործի «Հայոց ցեղասպանություն» արտահայտությունը, հանդես է գալիս պետության արտաքին քաղաքականության հիմնական ուղղության դեմ եւ անմիջապես հետ է կանչվում: Ինչպես դա կատարվեց Ջոն Էվանսի դեպքում: Ռիչարդ Հոգլանդը չի կարող ասել, որ ճանաչում է Հայոց ցեղասպանությունը հենց այդ պատճառով: Սակայն եթե ԱՄՆ արտաքին քաղաքականությունը փոխվի, այսինքն ԱՄՆ-ն ճանաչի Հայոց ցեղասպանությունը, ապա բոլոր դեսպանները, այդ թվում Թուրքիայում ԱՄՆ դեսպանը, պարտավոր կլինեն ճանաչել այն: Մեր գործը ներկա դրությամբ ուղղված է հենց Ամերիկայի արտաքին քաղաքականության փոփոխմանը, եւ այդ հարցում ԱՀՀ-ն համագործակցում է Ամերիկայի Հայ Դատի Հանձնախմբի (ANCA) հետ: Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձեւը, որը հունվարի 30-ին ներկայացվելու է Կոնգրեսում, եւս հանդիսանում է ԱՄՆ արտաքին քաղաքականության ուղղությունը փոխելու փորձ: Հունվարի 27-ին ողջ աշխարհում նշվելու է Հոլոսքոստի օրը, եւ ես չեմ հասկանում` ինչու ապրիլի 24-ին չպետք է նշվի Հայոց ցեղասպանության օրը: Չէ որ, եթե ժամանակին ճիշտ գնահատական տրվեր 1915 թվականի ողբերգությանը, կարող էր եւ չլինել ոչ Հոլոքոստը, ոչ հետագա ցեղասպանությունները Ռուանդայում, Կամբոջայում, Դարֆուրում: Մենք պայքարում ենք ոչ միայն Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման համար, այլեւ որպեսզի թույլ չտանք ցանկացած ցեղասպանություն աշխարհի ցանկացած կետում:

Յուրաքանչյուր նախընտրական արշավի ժամանակ ԱՄՆ նախագահի թեկնածուները խոստանում են ճանաչել Հայոց ցեղասպանությունը: Ընտրություններն ավրատվում են, խոստումը` մոռացվում: Այս անգամ հնարավո՞ր են փոփոխություններ:

Ինչ վերաբերում է խոստումներին, դա բնական է, յուրաքանչյուրն է ցանկանում ունենալ ընտրողների տարբեր խավերի աջակցությունը, իսկ հայկական համայնքը ԱՄՆ-ում բավականին ուժեղ եւ ազդեցիկ է: Սակայն, կարծում եմ, քաղաքականությունը չպետք է խառնվի պատմությանը: Սենատոր Բարակ Օբաման օգտվում է բավականին մեծ աջակցությամբ, ինչպես նաեւ սենատոր Հիլարի Քլինթոնը, ովքեր արդեն հայտարարել են Ամերիկայի նախագահի պաշտոնի համար պայքարելու իրեց մտադրության մասին: Այսօր դեռ վաղ է խոսել այն մասին` ով կմնա արշավի վերջում, սակայն կարելի է ենթադրել, որ ԱՄՆ պատմության մեջ առաջին անգամ նախագահ կարող է դառնալ կամ կին, կամ աֆրոամերիկացի: Չէ որ ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի նախագահ կին դարձավ, չնայած դրան ոչ ոք չէր սպասում: Այդպես էլ Հայոց ցեղասպանության հարցում. ամեն ինչ կարող է լինել, եւ մենք երբեք մեր հույսը չենք կորցնում, որ ԱՄՆ նախագահներից մեկը, այնուամենայնիվ, կկատարի իր խոստումը:

Ինչպե՞ս կարող է «Ակոս» թերթի գլխավոր խմբագրի սպանությունն անդրադառնալ Թուրքիայի ներքաղաքական իրավիճակի վրա:

Հրանտ Դինքի սպանությունը Թուրքիային վերջնականապես ընտրության առջեւ կնագնեցրեց` ուր գնալ. Արեւմուտք թե Արեւելք: Եթե Թուրքիան իրոք ձգտում է ԵՄ եւ ընդունում է արեւմտյան արժեքները, ինչպիսին խոսքի ազատությունն է եւ մարդու իրավունքները, նա պետք է վերանայի 301-րդ հոդվածը, որի զոհ դարձավ Դինքը: Քանի դեռ այս հոդվածը գոյություն ունի, Թուրքիայում ամեն տեսակ գործողություններ են հնարավոր` ուղղված ազգային փոքրամասնությունների դեմ. հայերի, հույների, ասորիների, քրդերի: Ես խորապես համոզված եմ, որ «Ակոս» թերթի գլխավոր խմբագրի սպանությունը կորուստ է հանդիսանում ոչ միայն Հայաստանի կամ Թուրքիայի համար, այլեւ ողջ աշխարհի: Ես այդ մասին ասում եմ ամենայն պատասխանատվությամբ, քանի որ այս օրերին Հրանտ Դինքի հիշատակին հարգանքի տուրք էր մատուցվում բոլոր երկրնորւմ, որտեղ հայկական սփոյւռք կա: Իսկ այն, ինչպես գիտեք, կա գրեթե ամենուրեք: Դինքի հուղարկավորությանը ներկա էր մոտ 100 հազար մարդ, եւ դա խոսում է այն մասին, որ ոչ բոլորն են Թուրքիայում կիսում ազգայնամոլների համոզմունքները: Այս օրերին թուրքական մամուլը գրում էր սպանվածի մասին` որպես 301-րդ հոդվածի զոհ, եւ շատ խիզախ էր գրում: Հրանտ Դինքը խոսել է ոչ միայն Հայոց ցեղասպանության ճանաչման մասին, նա գրում էր ազգային փոքրամասնությունների իրավունքների մասին, խոսքի ազատության իրավունքի մասին: Դա անդառնալի կորուստ է եւ ես չեմ կարողանում հասկանալ Հայաստանի եւ Թուրքիայի այն քաղաքական գործիչներին, ովքեր փորձում են շահարկել այս սպանությունը, դա անբարոյական է: Իսկ Հայաստանի համար Թուրքիայի անդամակցությունը ԵՄ-ին դրական կլինի: Մենք եվրոպացի հարեւան կունենանք, որը պարտավոր է որոշակի պարտավորություններ կատարել:

Այո, բայց Ստամբուլը դեռեւս ողջ Թուրքիան չէ...

Այո, դա եվրոպական Թուրքիան է: Ես կարծում եմ, որ կառավարությունը պետք է զբաղվի Թուրքիայի մնացած հատվածի կրթմամբ, հատկապես դրա արեւելյան հատվածի: Եվ այդ տեսանկյունից, կրկնվեմ, 301-րդ հոդվածի վերացումը պետք է իր դրական դերը խաղա: Եթե երկրում իշխում է կրոնական եւ ազգային անհանդուրժողականության մթնոլորտը, ապա դժվար է խոսել ինչ-որ փոփոխությունների մասին: Ճիշտ է, որ կան որոշակի շարժեր. վերականգնված է Աղթամարի եկեղեցին: Դա շատ լավ է, սակայն եթե դրա վրա չգրվի, որ դա հենց հայկական եկեղեցի է, ապա նշանակում է Թուրքիան հերթական անգամ փորձում է թաքցնել ճշմարտությունը: Բոլոր պահպանված հայկական հուշարձանները Թուրքիայի տարածքում պետք է վերականգնվեն` պատկանելիության անպայման նշումով: Թե չէ գրում են. «Բյուզանդական մշակույթի հուշարձան»... Ի՞նչ է դա, եթե ոչ հերթական սուտ:

Ինչպիսի՞ հարաբերություններ են հաստատվել ԱՀՀ-ի եւ Ամերիկայի Հայ Դատի հանձնախմբի (ANCA) միջեւ:

Ինչպես գիտեք, ԱՄՆ-ում ակտիվորեն աշխատում են երկու խոշոր հայկական լոբբիստական կազմակերպություններ` Ամերիկայի Հայկական Համագումարը (AAA) եւ Ամերիկայի Հայ Դատի Հանձնախումբը (ANCA): Երկու կազմակերպությունները աշխատանքի տարբեր միջոցներ եւ մոտեցումներ ունեն: Սակայն մենք ընդհանուր նպատակ ունենք. մենք աշխատում ենք ի բարորություն Հայաստանի եւ փորձում ենք համահայկական հարցերի լուծման գործին կցել որքան հնարավոր է շատ ամերիկացի քաղաքական գործիչների: Շուտով Կոնգրեսում կսկսվի Հայաստանի Աջակցության խմբի նոր ստորագրահավաք: Նոյեմբերի ընտրություններից հետո Խմբի որոշ անդամներ չեն վերընտրվել, նոր կոնգրեսականներ են ընտրվել եւ մեր ընդհանուր նպատակը մեր կողմ որքան հնարավոր է շատ օրենսդիր գրավելն է:
---