Արտակի ամենասիրած տոնը Հաղթանակի օրն է, Էդգարը տպավորված է Իտալիայով, իսկ Մարկոսը նախընտրում է Հայաստանի հավաքականի կարմիր մարզահագուստը

Արտակ Եդիգարյան, Էդգար Մալաքյան և Մարկոս Պիզելի..

Արտակի ամենասիրած տոնը Հաղթանակի օրն է, Էդգարը տպավորված է Իտալիայով, իսկ Մարկոսը նախընտրում է Հայաստանի հավաքականի կարմիր մարզահագուստը

PanARMENIAN.Net - Այս անգամ Հայաստանի հավաքականի և Երևանի «Փյունիկի» ֆուտբոլիստներ Արտակ Եդիգարյանը, Էդգար Մալաքյանը և Մարկոս Պիզելին պատմել են PanARMENIAN.Net-ի թղթակցին այն մասին, թե ինչպես են սկսել զբաղվել ֆուտբոլով, ով է ֆուտբոլիստներից ամենաշատը հարվածում իրենց ոտքերին, ինչպես են նրանք պատկերացնում հայկական ֆուտբոլը 5 տարի անց և ինչպիսին են պատկերացնում աշխարհի իրենց հավաքականը, որտեղ խաղում են, նրանց կարծիքով, մոլորակի ամենաուժեղ ֆուտբոլիստները:
Բոլոր ֆուտբոլիստները հիշում են իրենց առաջին խաղը երկրի ազգային հավաքականի կազմում: Ի՞նչ զգացիք, երբ ձեզ առաջին անգամ բախտ վիճակվեց հանդես գալ Հայաստանի հավաքականում:
Արտակ. Բոլոր ֆուտբոլիստները երազում են հանդես գալ իրենց երկրի ազգային հավաքականում, և ես բացառություն չեմ: Առաջին խաղի սկզբում մի քիչ լարվածություն էի զգում, բայց լավ մեկնարկն օգնեց վստահ խաղալ, հանգիստ լինել և դաշտում ակտիվ գործել: Բարեբախտաբար, Ուզբեկստանի հավաքականի դեմ այդ խաղն ավարտվեց մեր օգտին` 3:1:

Էդգար. Յուրաքանչյուր ֆուտբոլիստի երազանքն է կրել ազգային հավաքականի մարզաշապիկը: 2009-ին, օգոստոսի 14-ին մենք խաղում էինք Մոլդովայի դեմ մեր հանրապետական մարզադաշտում, այդ ժամանակ ես առաջին անգամ էի հանդես գալիս Հայաստանի հավաքականի կազմում: Չեմ կարող նկարագրել զգացմունքներս:

Մարկոս. Իհարկե, հիշում եմ: Դա եղել է 2008-ին Մոլդովայի դեմ խաղը, և ես դարձել եմ գոլի հեղինակ: Ինձ համար շատ հաճելի է, որ Հայաստանում ինձ լավ են ընդունել և սիրում են: Ես երջանիկ եմ, որ հանդես եմ գալիս Հայաստանի հավաքականի կազմում և հասկանում եմ, որ ներկայացնում եմ ողջ երկիր և պետք է դա լավ անեմ:

Քանի՞ տարեկան էիք, երբ սկսեցիք զբաղվել ֆուտբոլով և հիշո՞ւմ եք ձեր առաջին մարզիչներին:
Արտակ. Մեր ընտանիքում շատերը զբաղվել են ֆուտբոլով, ես նույնպես ընտրել եմ այդ ուղին և 6 տարեկանում առաջին քայլերն եմ կատարել ֆուտբոլում: Մարզվել եմ Հովիկ Ղազանչյանի մոտ, մինչև 14-15 տարեկանն աշխատել եմ նրան հետ: Հետո ես սկսել եմ հանդես գալ Հայաստանի տարբեր թիմերում, հայտնվել եմ «Փյունիկ 2»-ում և հետո անցել «Փյունիկի» առաջին թիմ:

Էդգար. 10 տարեկանում: Բակում տղաների հետ սիրում էի ֆուտբոլ խաղալ, և ծնողներս տարան ֆուտբոլի դպրոց, այդպես էլ սկսեցի մարզվել: Ես իմ բոլոր մարզիչներին հարգում եմ և հիշում: Իմ առաջին մարզիչը եղել է Սերգեյ Գալստյանը «Բանանց» պատանեկան դպրոցից:

Մարկոս. Նույնիսկ չեմ հիշում: Մեզ մոտ Բրազիլիայում բոլորը զբաղվում են ֆուտբոլով, ես նույնպես մարզվել եմ, հետո արդեն սկսել եմ ավելի լուրջ զբաղվել: Մայրս մինչև հիմա պահել է իմ առաջին մարզակոշիկները: Հիմա արդեն չեմ պատկերացնում ինձ առանց ֆուտբոլի: Իմ առաջին մարզիչը շատ բարի և լավ մարդ էր: Ցավոք սրտի, նա արդեն մահացել է:

Ի՞նչ է նշանակում ֆուտբոլը ձեզ համար և պատկերացնո՞ւմ եք ձեր կյանքն առանց ֆուտբոլի:
Արտակ. Ֆուտբոլն իմ կյանքն է: Դե, մարդիկ տարբեր մասնագիտություններ են ունենում, իսկ սա իմ աշխատանքն է, որը ես փորձում եմ լավ անել:

Էդգար. Կարող եմ մեկ բառով ասել՝ դա կյանք է, և ես չեմ պատկերացնում ինձ առանց ֆուտբոլի:

Մարկոս. Իմ ողջ գիտակցական կյանքի ընթացքում ես զբավում եմ ֆուտբոլով և ուղղակի չեմ կարող պատկերացնել ինձ ֆուտբոլից դուրս:

Ֆուտբոլիստներից ո՞վ է դաշտում ամենաշատը խախտում կանոնները ձեր դեմ պայքարում:
Արտակ. Խաղի ժամանակ ամեն ինչ լինում է, բայց իմ կարծիքով ես ինքս էլ շատ եմ հարվածում հակառակորդի ոտքերին, և ինձանից հաճախ բողոքում են (ծիծաղում է):

Էդգար. Կոնկրետ նման խաղացող չկա, լինում են հարվածներ պայքարի ժամանակ, բայց, փառք Աստծո, լուրջ վնասվածք չեմ ստացել:

Մարկոս. Դե, քանի որ ես հարձակվող եմ, շատ պաշտպաններ հաճախ խախտում են կանոնները, բայց կոնկրետ ինչ-որ մեկի անունը չեմ կարող նշել:

Ո՞ր գույնի մարզահագուստով եք նախընտրում խաղալ՝ կարմիր, թե սպիտակ:
Արտակ. Կարծում եմ` ոչ մեկի համար նշանակություն չունի, գլխավորը, որ խաղում ես ազգային հավաքականում, իսկ հագուստի գույնը կարևոր չէ:

Էդգար. Տարբերություն չկա, գլխավորն այն է, թե ինչ եմ զգում խաղի ժամանակ, և գլխավորը թիմի հաղթանակնէ :

Մարկոս. Գլխավորը, որպեսզի լավ խաղանք, բայց ինձ շատ է դուր գալիս կարմիր գույնի մարզահագուստը:

Ինչպիսի՞ ուժեղ կողմեր ունեք, որոնք օգնում են ձեզ հաղթահարել դժվարությունները:
Արտակ. Ես լավատես եմ և փորձում եմ չմտածել վատ բաների մասին:

Էդգար. Փորձում եմ երբեք չհանձնվել, միշտ ձգտում եմ լավագույնին, և դա օգնում է ինձ հասնել հաջողությունների:

Մարկոս. Ինձ համար հեշտ է հարմարվել տարբեր կոլեկտիվներում և ես սիրում եմ ընկերություն անել բոլորի հետ: Բացի դրանից, ես ուժեղ մարդ եմ և դաշտում փորձում եմ ինձ հնարավորինս լավ ցույց տալ:

Ո՞ր տոնն եք ամենաշատը սիրում:
Արտակ. Ինձ համար մեծ տոն է մայիսի 9-ը՝ Հաղթանակի օրը:

Էդգար. Նոր տարին, որը ես դիմավորում եմ ընտանիքիս հետ, իսկ հետո արդեն ընկերներիս հետ:

Մարկոս. Նոր տարին, շատ եմ սիրում այդ տոնը:

Մարզիկները հաճախ լինում են տարբեր երկրներում, ո՞ր երկիրն է ձեզ ամենաշատը դուր եկել և ի՞նչն է հիշարժան եղել:
Արտակ. Ինձ հատկապես դուր է եկել Իտալիան, Հռոմը, այնտեղ շատ գեղեցիկ և անմոռանալի վայրեր կան: Հիշարժան է եղել Կոլիզեումը:

Էդգար. Իտալիան , որտեղ շատ գեղեցիկ պատմական վայրեր կան:

Մարկոս. Ինձ դուր է գալիս լինել տարբեր երկրներում և ծանոթանալ նրանց մշակույթի հետ:

Ո՞վ է ամենակատակասերը Հայաստանի հավաքականում:
Արտակ. Սարգիս Հովսեփյանը և Արարատ Առաքելյանը:

Էդգար. Մեր հավաքականում տիրում է ջերմ մթնոլորտ, և մենք բոլորս սիրում ենք կատակել:

Մարկոս. Արարատ Առաքելյանը:

Բացի ֆուտբոլից ուրիշ ի՞նչ մարզաձևերով եք հետաքրքրվում:
Արտակ. Շատ եմ սիրում ազատ ժամանալ խաղալ բիլյարդ, թենիս և բոուլինգ:

Էդգար. Սիրում եմ լող: Ես նաև ըմբիշ ընկերներ ունեմ, որոնց ելույթներին միշտ հետևում եմ:

Մարկոս. Լող և շատ հաճախ գնում եմ մարզասրահ:

Հայաստանի ազգային հավաքականի կազմում քանի՞ խաղերում է հանդես եկել հավաքականի մարզիչ Վարդան Մինասյանը:
Արտակ. Հավանաբար 30:

Էդգար. Չգիտեմ:

Մարկոս. Հավանաբար 25 (11 խաղ՝ խմբ. դիտ)

Մինչև հիմա քանի՞ գոլ է խփել Հայաստանի ֆուտբոլի հավաքականը:
Արտակ. 104:

Էդգար. 104:

Մարկոս. 105: Ոչ, 104, 105-րդը մենք կուղարկենք Ռուսաստանի հավաքականի դարպասը:

Կարո՞ք եք հիշել, թե ում պատվին է կոչվել ֆուտբոլի աշխարհի գավաթը:
Արտակ. Ոչ, չգիտեմ:

Էդգար. Ոչ:

Մարկոս. Չգիտեմ (Անրի Դելոնե՝ խմբ. դիտ):

Ինչպե՞ս է անվանվել ՀԱՀ-ում աշխարհի առաջնությունը:
Արտակ. Ջաբուլանի:

Էդգար. Ջաբուլանի:

Մարկոս. Ջաբուլանի:

Որտե՞ղ է հանդես գալիս Սլովակիայի հավաքականի կիսապաշտպան Մարեկ Գամշիկը, որը 2012-ի Եվրոպայի առաջնության ընտրական փուլում ձեր դեմ է խաղացել:
Արտակ. Հանդես է գալիս իտալական «Նապոլիում»:

Էդգար. «Նապոլիում»:

Մարկոս. Իտալական «Նապոլիում»:

Ո՞ր դիրքերում է խաղացել Հենրիխ Մխիթարյանի հայրը՝ Համլետ Մխիթարյանը:
Արտակ. Նրա խաղը չեմ տեսել, բայց որքան գիտեմ հարձակվողի դիրքերում:

Էդգար. Աջ հարձակվողի դիրքերում:

Մարկոս. Կարծում եմ, որ կիսապաշտպանությունում (հարձակման գծում՝ խմբ. դիտ):

Ինչպե՞ս եք պատկերացնում հայկական ֆուտբոլը 5 տարի անց:
Արտակ. Եթե ֆուտբոլը զարգանա նման տեմպերով, անկասկած, լավ ձեռք բերումներ կլինեն: Մենք հաջող կերպով մեկնարկել ենք ԵԱ ընտրական մրցաշարում, և կարծում եմ, որ հայկական ֆուտբոլի զարգացումը կախված է հավաքականի հաջողություններից: Եվ մենք պետք է հնարավոր ամեն ինչ անենք առաջնության եզրափակիչ փուլ անցնելու համար: Դա դրական կազդի հայկական ֆուտբոլի հետագա ճակատագրի վրա:

Էդգար. Հայկական ֆուտբոլը լավ պոտենցիալ ունի, արդեն շատ երեխաներ մարզվում են մարզադպրոցներում: Կարծում եմ, որ 5 տարի հետո մենք բարձրորակ ֆուտբոլ կունենա:

Մարկոս. Գլխավորը, որպեսզի Հայաստանում զարգանա պատանեկան ֆուտբոլը: Իսկ դա նպաստում է ընդհանուր առմամբ ֆուտբոլի զարգացմանը: Կարծում եմ, որ 5 տարի անց կլինեն լավ ֆուտբոլիստներ և շատ ուժեղ ու հեռանկարային հավաքական:

Արտակը, Էդգարը և Մարկոսը նաև պատմել են, թե ում կցանկանային տեսնել ֆուտբոլի աշխարհի առաջնության կազմում. Իկեր Կասիլյաս, Խուան Կապդեվիլյա, Սերխիո Ռամոս, Ժերար Պիկե, Դանի Ալվեշ, Խավի, Անդրես Ինյեստա, Լեոնել Մեսսի, Կրիստիանու Ռոնալդու, Դիեգո Ֆորլան և Դավիդ Վիլյա:

Գոհար Նալբանդյան, Հասմիկ Բաբայան / PanARMENIAN News
18  26.03.11 - Հայաստան-Ռուսաստան հանդիպում
---