Պետք է կարողանաս գնահատել այն, ինչ ունես ու այդ ժամանակ կզգաս, որ երջանիկ ես

Վարդան Մինասյան.

Պետք է կարողանաս գնահատել այն, ինչ ունես ու այդ ժամանակ կզգաս, որ երջանիկ ես

PanARMENIAN.Net - Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանը PanARMENIAN.Net – ին տված հարցազրույցի երկրորդ մասում ներկայանում է մարզչի աշխատանքից դուրս: Մինասյանը պատմում է՝ ինչպես է ծանոթացել իր կնոջ հետ, ինչու չի սիրում «երազանք» բառը, առանց ինչի չի պատկերացնում իր կյանքն ու ինչ է խորհուրդ տալիս լրագրողներին:
Խոսենք Վարդան Մինասյանից առօրեա կյանքում, ինչո՞վ է նա տարբերվում Վարդան Մինասյան մարզչից:
Ավելի շատ նմանություն կա, քան տարբերություն: Ասում են չէ, որ ֆուտբոլիստն ինչպիսին խաղադաշտում է, այնպիսին էլ կյանքում է: Նույնը կարող եմ ասել նաև իմ մասին: Պարզապես ֆուտբոլում էլ ավելի պահանջկոտ եմ:

Մարզչի աշխատանքը շատ ստեղծագործական է, ու շատ կաևոր է ոգևորության աղբյուր ունենալը: Ի՞նչն է Ձեզ մղում նոր գաղափարների ու մտքերի:
Հովհաննես Թումանյանի քառյակները նույնիսկ չգիտեմ էլ քանի անգամ եմ վերընթերցել ու ամեն անգամ նրանցից նոր բան եմ սովորում: Կյանքի տարբեր իրավիճակներում, երբ ընկճվածություն կամ էլ նեղվածություն է լինում մոտս, ես անպայման կարդում եմ Թումանյան: Կարդալով այս հանճարեղ գրողի քառյակները` կյանքին ավելի ռեալ եմ սկսում նայել, զգում եմ, որ շատ ավելի կարևոր բաներ կան: Այսօր կյանքի ռիթմն այնքան արագ է, որ ընկնում ես հոսանքի մեջ ու շատ բաներ մոռանում ես կամ չես նկատում: Թումանյանն ինձ հետ է բերում ռեալ կյանք: Սա է ինձ շատ ոգևորում ու տրամադրում: Կարծում եմ, պետք է մեկ-մեկ էլ կտրվես ֆուտբոլից, որ հետո ավելի կարոտած հետ վերադառնաս:

Ֆուտբոլային ի՞նչ երազանք եք ունեցել, որ արդեն կարողացել եք իրագործել:
Ես երազանք բառը չեմ սիրում: Որ ասում են երազանք, ինձ թվում է, ինչ-որ մեկը նստում է մի տեղ ու պարզապես սկսում է երազել: Ես իմ առջև դնում եմ ռեալ նպատակներ ու փորձում եմ հասնել դրանց: Ասում են, որ պետք է ձգտես անհնարինին, որպեսզի ունենաս մաքսիմումը, բայց ես այդքան էլ համաձայն չեմ այս մտքի հետ: Մեր հավաքականի հետ կապված իմ նպատակներից է, որ այն մասնակցի Եվրոպայի կամ աշխարհի առաջնությունների եզրափակիչ փուլերին ու կապ չունի, թե ով կլինի թիմի մարզիչը կամ էլ ով կխաղա թիմում:

Դուք միշտ այնքան նորաձև ու գեղեցիկ եք հագնվում, հետևո՞ւմ եք նորաձևությանը:
Այո, ես հետևում եմ նորաձևությանը և գտնում եմ, որ մարդու համար կարևոր է կոկիկ ու գեղեցիկ տեսքը: Կարծում եմ, արտաքինն էլ է շատ բան ասում մարդու մասին ու միշտ պետք է հավուր պատշաճի ներկայանալ:

Ասացիք, որ սիրում եք կարդալ: Սովորաբար ի՞նչ գրքեր եք ընթերցում և ո՞ր հեղինակներին եք նախապատվություն տալիս:
Ինչպես նշեցի, Թումանյանն իմ ամենասիրելի գրողն է: Նա հանճար է ու աշխարհահռչակ մտածող: Նրա ստեղծագործությունները միշտ էլ կլինեն ակտուալ, որովհետև ինչ որ գրել է, այսօր մենք տեսնում ենք կյանքում: Վերջերս կարդում եմ արտասահմանյան գրականություն, վերջին գիրքը Կոելյոից եմ ընթերցել:

Ձեզ երջանիկ մարդ համարո՞ւմ եք ու, ըստ ձեզ, ի՞նչ է պետք լիակատար երջանիկ լինելու համար:
Շատ լավ հարց էր: Այո, ես ինձ համարում եմ երջանիկ մարդ: Հաճախ երջանկությունը մեր կողքին է լինում, բայց մենք դա չենք տեսնում, ուղղակի հարկավոր է գնահատել այն: Միշտ մարդկանց թվում է, որ մի այլ տեղ ավելի լավ է, բայց կարծում եմ դա այդպես չէ: Պարզապես պետք է կարողանաս գնահատել այն, ինչ ունես ու այդ ժամանակ էլ կզգաս, որ երջանիկ ես:

Իսկ որքանո՞վ է ընտանիքը ձեզ աջակցում ու օգնում դժվարին պահերին:
Այնքանով, որ ծանր օրից հետո ես գնում եմ տուն ու այնտեղ ինձ լիակատար հանգիստ եմ զգում: Իմ ընտանիքն ինձ իսկապես շատ է օգնում ու շատ լավ է, որ ես կենցաղային խնդիրներին շատ չեմ խառնվում: Տան հարմարավետությունն ու հանգստությունն ինձ տալիս են նոր լիցքեր աշխատանքիս համար:

Եթե դեմ չեք, խոսենք նաև ձեր կնոջից: Երկրպագուներից շատերին է հետաքրքրում, թե ինչպես եք ծանոթացել նրա հետ ու ամուսնության առաջարկություն անել: Պատմեք նաև ձեր երեխաների մասին:
Ես չեմ սիրում անձնական կյանքից խոսել: Ինչպես ենք ծանոթացե՞լ, դե մենք մի դասարանում ենք սովորել ու դժվար չէր ծանոթանալ կնոջս հետ (ծիծաղում է), 7 տարեկանից ճանաչում ենք իրար: Կինս` Գոհարը, մասնագիտությամբ բանասեր – թարգմանիչ է, ավարտել է Երևանի պետական համալսարանը: Կինս, ի դեպ, Վահագն Դավթյանի թոռն է: Տղաս` Վահեն, հաճախում էր «Փյունիկի» դպրոց, բայց մի քանի ամիս առաջ դուրս եկավ ու իր կրթությամբ է զբաղվում: Նա շատ է սիրում ուսումնասիրել լեզուներ ու պատմություն: Ես իր հետ խոսել ու ասել եմ ֆուտբոլիստի առավելությունները, բայց պարտադիր չէ, որ ինքը ֆուտբոլիստ դառնա, և նա էլ որոշեց իր մասնագիտությունը: Աղջիկս` Նանեն, 11 տարեկան է, նա մեր տան աշխուժությունն է, և երբ տանը չի լինում, մի բան անպայման պակասում է: Ոնց որ ընկերս է ասում, նա մեր տան էներգիան է:

Զգացվում է, որ դուք ձեր սաների հետ շատ ջերմ հարաբերություն ունեք: Որքանո՞վ է այդ մտերմությունը խաղադաշտից դուրս օգնում թիմում առողջ մթնոլորտ ունենալուն:
Մեր հարաբերությունները շատ լավ են, ու դա չի խանգարում, որ ես մարզումների ժամանակ նրանց ասեմ իրենց սխալների մասին: Սակայն շատ բաներ էլ ես եմ նրանցից սովորում, ու շնորհակալ եմ դրա համար: Իրոք իմ բախտը բերել է, քանի որ տարիքային տարբերությունը իմ ու տղաների միջև մեծ չէ, ու մեր նախասիրությունները շատ չեն տարբերվում: Ինչքան թիմում կարողանաս ստեղծել ընտանեկան մթնոլորտ, այնքան ֆուտբոլիստն իրեն անկաշկանդ կզգա: Մարդու հնարավորություններն անսահմանափակ են, ու ինչքան միջավայրը լավ ու առողջ լինի, այնքան նրանք իրենց պոտենցիալը կդրսևորեն:

Հավաքականը գլխավորելուց հետո Ձեր մեջ ինչ որ բան փոխվե՞լ է:
Մի բան եմ նկատել, որ մարդիկ սկսել են ավելի ուշադրություն դարձնել, բայց ճիշտն ասած, չեմ սիրում ուշադրության կենտրոնում լինել: Իսկ իմ մեջ բան կարծես թե չի փոխվել, ես ունեմ սկզբունքներ ու փորձում եմ դրանց չդավաճանել:

Հետևո՞ւմ եք մամուլում գրված նորություններին ու Ձեզ վրա կարո՞ղ է այս կամ այն հոդվածն ազդեցություն ունենալ:
Հետևում եմ ինչպես մարզական, այնպես էլ այլ նորությունների: Կարծում եմ, որ մարդ ամեն ինչից պետք է տեղեկացված լինի: Սոցիալական ցանցերից չեմ օգտվում, քանի որ դրա կարիքը չեմ զգում: Ասում են, պետք է նաև նման ձևով շփվեմ մարդկանց հետ, բայց ես ասուլիսներին լրագրողների միջոցով շփվում եմ նրանց հետ: Այսինքն ինչ-որ չափով ձեզ վրա է ընկնում պատասխանատվությունը, դուք էլ այնպիսի հարցեր տվեք, որ երկրպագուների հետաքրքրությունները բավարարվեն (ժպտում է):

Եթե փորձեք ամփոփել 2011 թվականը, Ձեզ համար 3 ամենանշանակալից իրադարձությունները որո՞նք էին:
Մի փաստ կառանձնացնեմ. ես տեսա, թե հավաքականի հաղթանակներից հետո ինչպես են ուրախացել ու ցնծացել մարդիկ: Քանի որ ֆուտբոլի մեջ եմ, շատ բան չեմ զգում, երբ հետո տեսա տեսագրությունները, իսկապես զարմացա: Ֆուտբոլը սոցիալական մեծ ազդեցություն ունի, ու հաղթանակը շատ բան կարող է անել մարդկանց հետ: Ես կառանձնացնեի հենց ֆուտբոլային վերածնունդը:

Ձեր ամենասիրած մուլտֆիլմը:
Հայկական մուլտերն եմ շատ սիրում, հատկապես Ռոբերտ Սահակյանցի: Նաև «Աշխարհի շուրջն 80 օրում», որը միշտ Նոր տարվա ժամանակ էին ցույց տալիս ու շատ էի սիրում նայել:

Իսկ ֆիլմը:
Մեր հայկական ֆիլմերն եմ սիրում, Մհեր Մկրտչյաի կամ էլ ասենք Արմեն Ջիգարխանյանի մասնակցությամբ: Այն ինչ այսօր մենք ապրում ենք, արտացոլված է այդ ֆիմերում: Շատ եմ սիրում խորհրդային ժամանակաշրջանում նկարահանված ֆիլմեր, որոնք ուսուցողական են ու շատ ավելի լավն են, քան այսօրվա հոլիվուդյան ֆիլմերը:

Ձեր ամենասիրելի ուտելիքը:
Տոլմա, օրիգինալ չլինեմ էլի (ժպտում է):

Ձեր ուժեղ կողմը:
Չգիտեմ: Ես շատ եմ կարևորում մարդկային փոխհարաբերությունները: Երբեմն ասում են ինչ-որ բան բացատրելու համար պետք է գոռալ, բայց ես դա չեմ ընդունում: Կա խոսք ու պետք է հասկանալ իրար նորմալ խոսելով, եթե խոսքով չենք հասկանում, ուրեմն չենք կարող միասին աշխատել:

Ի՞նչ երբեք չեք անի:
Կարծում եմ մարդն անկանխատեսելի էակ է: Մեկ-մեկ ասում են, կարո՞ղ ես մարդ սպանել, սա այնպիսի հարց է, որ չես կարող ասել այո կամ ոչ: Երբեք չես իմանա ինչ կանես կամ չես անի: Բայց էլի կկրկնեմ, որ ամեն դեպքում ես չեմ դավաճանի իմ սկզբունքները:

Ես չեմ պատկերացնում իմ կյանքն առանց…
Իմ ընտանիքի:

Ես ուզում եմ, որ մի օր…
Հայաստանի հավաքականը դուրս գա Եվրոպայի կամ աշխարհի առաջնության եզրափակիչ փուլ:

Ես ահավոր չեմ սիրում…
Անպատասխանատվությունը, ոչ պրոֆեսիոնալիզմը:

Ինձ համար ամենատաղանդավոր մարդը…
Միանշանակ չեմ կարող ասել, օրինակ կան մարդիկ, ովքեր վատն են եղել, բայց մեկ է` տաղանդավոր են: Ինձ բախտ է վիճակվել զրուցել Վահագն Դավթյանի հետ, ու ինքն այնքան հետաքրքիր էր խոսում ու պատմում, որ ես նստած ուղղակի լսում էի ու չէի էլ փորձում ընդհատել:

Վ տառով միակ բառը…
Վայ (ծիծաղում է):

Իրականում ֆուտբոլը…
Աշխատանք է, շատ սիրելի աշխատանք:

Հասմիկ Բաբայան, Գոհար Նալբանդյան
---