Երեւանում բացվել է CSIT-2009 միջազգային գիտաժողովը

PanARMENIAN.Net - Այսօր Հայաստանի Գիտությունների ազգային ակադեմիայում բացվել է «Համակարգչային գիտությունն ու տեղեկատվական տեխնոլոգիաները» CSIT-2009 յոթերորդ միջազգային գիտաժողովը: Գիտաժողովը կշարունակի աշխատանքը մինչեւ հոկտեմբերի 2-ը, որին կմասնակցեն շուրջ 200 առաջատար գիտնականներ ու ՏՏ ոլորտի մասնագետներ աշխարհի 17 երկրներից: Այդ թվում նաեւ 62 մասնագետներ ԱՄՆ-ից, Ռուսաստանից, Նորվեգիայից, Վրաստանից, Բրազիլիայից, Լեհաստանից, Սիրիայից, Արաբական Էմիրություններից, Չեխիայից, Թուրքիայից, Ճապոնիայից, Չինաստանից, Իրանից, Իսպանիայից, Ուկրաինայից, Գերմանիայից, Կանադայից, Ֆրանսիայից, ինչպես նաեւ ՏՏ ոլորտի միջազգային նախագծերի ղեկավարներ, այդ ոլորտի առաջատար ընկերությունների ներկայացուցիչներ եւ ուսանողներ տարբեր երկրներից:



Բացելով գիտաժողովը, ՀՀ ԳԱԱ փոխնախագահ Յուրի Շուքուրյանը նշել է, որ այս գիտաժողովի անցկացումը Հայստանի համար մեծ հեռանկարներ կբացի, ինչպես նաեւ կնպաստի հիմնարար գիտության, մասնավորապես, տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի զարգացմանը:



CSIT-2009-ի շրջանակներում «Synopsys Հայաստան» ընկերության գլխավոր գործադիր տնօրեն Ռիչ Գոլդմանը հանդես է եկել «Կիսահաղորդիչների գլոբալ արդյունաբերություն» թեմայով:



Գիտաժողովի շրջանակներում զեկույցներ կներկայացվեն հիմնարար գիտությունների ոլորտում, ինչպես նաեւ կանցկացվեն կիրառական բնույթի հատուկ աշխատանքային նստաշրջաններ. «Հայաստանի մասնակցությունը Սեւծովյան համագործակցության նախագծին», «Տեղեկատվական անվտանգությունը Հայաստանում` ներկա իրավիճակն ու խնդիրները», «Համընդհանուր ցանցային լեզու (UNL)», ինչպես նաեւ «Հարավային Կովկասի ենթակառուցվածքները»:



Գիտաժողովի հիմնական առաքելությունը համակարգչային գիտության զարգացումն է, ինչպես նաեւ գիտական եւ տեխնոլոգիական տեղեկատվության փոխանակումը մասնագետների միջեւ եւ ՀՀ ու միջազգային գիտական կենտրոնների միջեւ համագործակցության ընդլայնման համար հնարավորությունների ստեղծումը:



Գիտաժողովի կազմակերպիչների թվում են Հայաստանի կառավարությունը, ՀՀ ԳԱԱ, ԳԱԱ տեղեկատվության ու ավտոմատացման խնդիրների ինստիտուտը, Երեւանի կապի միջոցների գիտահետազոտական ինստիտուտի, Ավտոմատ կառավարման գիտահետազոտական ինստիտուտը, ինչպես նաեւ «Synopsys Հայաստան», Unicomp, «Հայլինկ», Virage Logic ընկերությունները, «Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամը» (EIF) եւ Հայաստանի զարգացման գործակալությունը (AAP):



Գիտաժողովի շրջանակներում նաեւ ուսուցողական սեմինարներ կանցնեն, իսկ գիտաժողովի արդյունքները կամփոփվեն «Հայաստանում IT քաղաքականության շուրջ» թեմայով գիտաժողովում:
 Ուշագրավ
Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում
Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը
Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից
Ըստ Քերոբյանի, առնվազն 20 մլրդ դրամ հարկ կհավաքվի
---