DigiTec Expo-ի շրջանակներում ՏՏ ոլորտի միջազգային ընկերությունները կհայտարարեն հայկական շուկա մուտք գործելու մասին

DigiTec Expo-ի շրջանակներում ՏՏ ոլորտի միջազգային ընկերությունները կհայտարարեն հայկական շուկա մուտք գործելու մասին

PanARMENIAN.Net - DigiTec Expo ցուցահանդեսի շրջանակներում համաշխարհային ճանաչում ունեցող միջազգային ընկերությունները կհայտարարեն հայկական շուկա մուտք գործելու մասին: Այդ մասին հոկտեմբերի 27-ին լրագրողներին է ասել «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամի տնօրեն Բագրատ Ենգիբարյանը:

Ըստ նրա, արդեն վեցերորդ անգամ անցնող ցուցահանդեսը զարգանում է ոչ միայն քանակական, այլ նաև որակական առումներով: Առանձնակի նշանակություն է տրվում նորաստեղծ կազմակերպությունների, ինչպես նաև կրթական հաստատությունների (այդ թվում նաև դպրոցների) մասնակցությանը, որոնք կներկայացնեն սեփական ինովացիոն մշակումները: «Հայտնի բրենդերը իրենց ելքը շուկա կապում են DigiTec Expo-ի հետ: Ցուցահանդեսի հանդեպ հետաքրքրություն են ցուցաբերում ոչ միայն ՏՏ ընկերությունները, այլ նաև բարձր տեխնոլոգիաների ոլոտրի ձեռնարկությունները»,-ասել է Բագրատ Ենգիբարյանը:

Ինչպես լրագրողներին է հայտնել Հայաստանի տեղեկատվական տեխնոլոգիաների ընկերությունների միության գործադիր տնօրեն Կարեն Վարդանյանը, DigiTec Expo 2010-ին կմասնակցեն տեխնոլոգիաների ոլորտի շուրջ 65 ընկերություններ, կազմակերպիչները ակնկալում են շուրջ 15 հազար այցելուներ: Մինչդեռ, նախորդ տարիներին մասնակիցների քանակը չի գերազանցել 45-ը: «Որոշ չափով մենք հասանք մեր նպատակին՝ DigiTec Expo-ն դարձավ տարածաշրջանի խոշորագույն ցուցահանդեսը, առնվազն՝ Անդրկովկասում»,-ասել է նա:

DigiTec Expo 2010-ը տեղի կունենա հոկտեմբերի 29-31-ը Երևանում: Միջոցառման շրջանակներում կանցկացվեն DigiTec Expo 2010 համաժողովը, Ճարտարագետների համահայկական համաժողովը, DigiТec Start Up forum-ը, DigiLife սեմինարների շարքը, Հայաստանի բաց առաջնությունը համակարգչային խաղերի նախագծողների շրջանում, գիտության «Երևան» փառատոնը և ArmRobotics բաց առաջնությունը:

 Ուշագրավ
Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին
Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը
Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից
Ըստ Քերոբյանի, առնվազն 20 մլրդ դրամ հարկ կհավաքվի
---