Orange-ը հատուկ «Հոգատար հեռախոսներ» է տրամադրել սահմանափակ ֆիզիկական հնարավորություններ ունեցողների և տարեցների համար

Orange-ը հատուկ «Հոգատար հեռախոսներ» է տրամադրել սահմանափակ ֆիզիկական հնարավորություններ ունեցողների և տարեցների համար

PanARMENIAN.Net - Ամանորի նախաշեմին Orange-ը յուրահատուկ նվեր է պատրաստել «Առաքելություն Հայաստան» բարեգործական հասարակական կազմակերպության խնամքի տակ գտնվող 50 միայնակ և ոչ շարժունակ ծերերի համար` տրամադրելով սահմանափակ ֆիզիկական հնարավորություններ ունեցողների և տարեցների համար ստեղծված հատուկ` «Հոգատար հեռախոսներ»: Այս ուրույն հեռախոսը հնարավորինս պարզեցված է, ունի մեծ ստեղներ ու էկրան, հայերեն մենյու, և ամենակարևորը` հնարավորություն է ընձեռում մեկ` «Շտապ օգնություն» կոճակի սեղմումով կապ հաստատել նախապես գրանցված մինչև 5 հեռախոսահամարի հետ: Այս հեռախոսի օգնությամբ միայնակ ծերերն անհրաժեշտության դեպքում կկարողանան հեշտությամբ կապ հաստատել «Առաքելություն Հայաստան» կազմակերպության աշխատակիցների հետ, ասվում է ընկերության մամլո հաղորդագրության մեջ:

«Ընդունված է համարել, որ Ամանորը երեխաների տոնն է, սակայն մենք ցանկանում ենք, որ Ամանորը բոլորի տոնը լինի: Հիշելով ծերերի մասին այս օրերին, երբ բոլորը մանկանալու ցանկություն ունեն` մենք ավելի ենք գիտակցում մեզնից յուրաքանչյուրի սոցիալական դերը, ինչպես նաև` մեր ընկերության դերը` որպես երկրի կյանքում կարևոր դերակատարում ունեցող կազմակերպության: Հաղորդակցվելն առաջնային անհրաժեշտություն է բոլորի համար, և մենք` որպես հեռահաղորդակցության ընկերություն, երջանիկ ենք մեր այս փոքրիկ նվերով հաղորդակցումը հասանելի դարձնել միայնակ ծերերին, որոնք միշտ չէ, որ կարող են օգտվել բջջային կապից և հեռահաղորդակցության ժամանակակից միջոցներից», ասաց Orange-ի գլխավոր տնօրեն Բրունո Դյութուան:

«Առաքելություն Հայաստան» բարեգործական հասարակական կազմակերպությունը հանրապետության 8 մարզերում հիմնել է սոցիալ-առողջապահական ծառայություններ մատուցելու շուրջ 50 համայնքային ենթակառույցներ՝ բարեգործական ճաշարաններ, համայնքային կենտրոններ, ցերեկային կենտրոններ, վերականգնողական կենտրոններ, ծերանոցներ, սոցիալական սենյակներ, բուժկետեր, գրադարաններ, ուսումնական կենտրոններ, սոցիալական տուն: Կազմակերպությունը Երևանում և մարզերում այսօր հոգ է տանում 8000 ծերերի մասին, որոնց տրամադրում է սոցիալ-հոգեբանական, սոցիալ-առողջապահական և իրավաբանական օգնություն, կազմակերպում է տարաբնույթ խնամք, ինչպես նաև իրականացնում է խոցելի խմբերի պոտենցիալ հնարավորությունների ակտիվացում, ինքնագնահատանքի և ինքնավստահության բարձրացում:

«Հոգատար հեռախոսը» լայն տարածում է գտել Եվրոպական բազմաթիվ երկրներում միայնակ ապրող ծերերի շրջանում:

 Ուշագրավ
Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում
Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին
Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը
Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից
---