«Ցեղասպանության կոթող» նոր iPhone ծրագիրը հասանելի է Apple Store-ում

«Ցեղասպանության կոթող» նոր iPhone ծրագիրը հասանելի է Apple Store-ում

PanARMENIAN.Net - Ապրիլի 24-ին գործարկվել է «Ցեղասպանության կոթող» iPhone ծրագիրը՝ նվիրված Հայոց ցեղասպանությանը։ Այս մասին գրում է Լոս Անջելեսում լույս տեսնող «Masis Weekly»-ն։

«Ցեղասպանության կոթող» ծրագիրը կարելի է անվճար բեռնել Apple Store-ից։ Այն բաղկացած է մի քանի էջից՝ վիրտուալ կրակ և ծաղիկներ, «Զանգ ակցիային», պատմություն և վեջին նորություններ։

Յուրաքանչյուր բեռնող կարող է վիրտուալ այցելություն կատարել ցեղասպանության հուշահամալիր՝ Ծիծեռնակաբերդ, որտեղ կտեսնի վիրտուալ կրակ և կլսի դուդուկի երաժշտություն։ «Զանգ ակցիային» էջը ցույց է տալիս, թե քանի հոգի են ակտիվ և մտահոգված ցեղասպանության ճանաչման հարցով։ Օգտագործողը նույնպես կարող է իրեն նշել որպես մասնակից ակցիաներին։ Պատմություն բաժնում բերվում է մինչ օրս Հայոց ցեղասպանությունը ճանաչած երկրների ցանկը, իսկ վերջին նորություններ էջում թարմացվում են Ցեղասպանության ճանաչման գործընթացին վերաբերող նորությունները։

Ծրագիրը ստեղծող սփյուռքահայ Նիսանյանը նշել է, որ ծրագրի վրա աշխատել է շուրջ 2 տարի. «Ես ծրագիրը սկսել եմ ձևավորել 2 տարի առաջ, ապա ընկերներս օգնել են երաժշտության հարցում, վիրտուալ կոթողի ստեղծման հարցում»։

«Ցեղասպանության կոթող» ծրագրի ծավալն է 6.8 MB, լեզուն՝ անգլերեն։ Պահանջում է iOS 3 օպերացիոն համակարգ կամ iOS 3-ից ավելի բարձր տարբերակներ։

Հայոց ցեղասպանություն

Հայոց ցեղասպանությունը, որն իրագործվել է Օսմանյան կայսրությունում 1915-1923թթ., XX դարի առաջին ցեղասպանությունն էր, որի նախաձեռնողները երիտթուրքերն էին: Ցեղասպանության ժամանակ ոչնչացվեց վեց հայկական վիլայեթների բնակչությունը` մոտ 1,5 մլն հայ: Եվս կես միլիոնը սփռվեց աշխարհով մեկ` սկիզբ դնելով հայկական Սփյուռքին:

Դեռևս Ցեղասպանության իրագործման տարիներին` 1915-23թթ. տերությունները ընդունեցին հայերի կոտորածը դատապարտող բանաձևեր: ԱՄՆ-ն երեք անգամ (1916, 1919, 1920) նմանատիպ բանաձևեր է ընդունել, սակայն դա չկասեցրեց Օսմանյան կայսրության գործողությունները: 1915թ. Ֆրանսիան, Մեծ Բրիտանիան և Ռուսաստանը հանդես եկան համատեղ հռչակագրով` դատապարտելով հայերի բնաջնջումը:

Աշխարհի շատ երկրներ և ազդեցիկ միջազգային կազմակերպություններ ճանաչել և դատապարտել են Հայոց ցեղասպանությունը: Պաշտոնապես առաջինը Հայոց ցեղասպանությունն ընդունել և դատապարտել է Ուրուգվայը 1965թ-ին: Հայոց ցեղասպանությունը ճանաչել են նաև Եվրոպայի Խորհուրդը, Եվրախորհրդարանը, ՄԱԿ-ի խտրականության կասեցման և փոքրամասնությունների պաշտպանության կանխարգելման ենթահանձնաժողովը, ՄԱԿ-ի ռազմական հանցագործությունների գծով հանձնաժողովը, Եկեղեցիների համաշխարհային խորհուրդը: Հայերի ոչնչացումը պաշտոնապես ցեղասպանություն են ճանաչել Ֆրանսիան, Ավստրիան, Իտալիան, Գերմանիան, Բելգիան, Լյուքսեմբուրգը, Շվեդիան, Նիդերլանդները, Շվեյցարիան, Ռուսաստանը, Լեհաստանը, Լիտվան, Հունաստանը, Սլովակիան, Կիպրոսի Հանրապետությունը, Լիբանանը, Ուրուգվայը, Արգենտինան, Վենեսուելան, Չիլին, Բոլիվիան, Կանադան, Վատիկանը, Բրազիլիան, Լյուքսեմբուրգը, Գերմանիան, Պարագվայը, Սիրիան և ԱՄՆ-ի 45 նահանգ:

Բելգիայում և Շվեդիայում Հայոց ցեղասպանության ժխտման համար քրեական պատասխանատվություն է սահմանված (45 հազար եվրո տուգանքից մինչև 1 տարվա ազատազրկում): 2006թ. հոկտեմբերի 12-ին Ֆրանսիայի խորհրդարանն օրինագիծ ընդունեց, որի համաձայն Հայոց ցեղասպանության ժխտումը կքրեականացվի, ինչպես Հոլոքոսթը:

Ժամանակակից Թուրքիան ժխտում է Հայոց ցեղասպանության պատմական փաստը և վարում է այդ փաստի ժխտման ներքին և արտաքին քաղաքականություն: Թուրքական պետության գործողությունները ներկայացվում են որպես «բռնագաղթ»` հայերի անվտանգությունն ապահովելու նպատակով: Հայոց ցեղասպանության ճանաչման անհրաժեշտության մասին խոսում են միայն առանձին թուրք մտավորականներ, որոնց թվում են պատմաբան Թաներ Աքչամն ու Նոբելյան մրցանակի դափնեկիր Օրհան Փամուկը:

 Ուշագրավ
Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում
Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը
Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից
Ըստ Քերոբյանի, առնվազն 20 մլրդ դրամ հարկ կհավաքվի
---