Հայաստանում այս օրերին հիշում են Աղասի Այվազյանին

Հայաստանում այս օրերին հիշում են Աղասի Այվազյանին

PanARMENIAN.Net - Այսօր` մարտի 23-ին հայ մեծանուն գրող, հրապարակախոս և սցենարիստ Աղասի Այվազյանը (1925-2007թթ.) կդառնար 87 տարեկան: Այդ կապակցությամբ ասյօր և վաղը Հայաստանի գրողների միությունում անցկացվում են Այվազյանական ընթերցումներ:

«Աղասի Այվազյանին, հիմնականում, ճանաչում են «Եռանկյունի» ֆիլմով, բայց նա առաջին հերթին գրող է, և մեծ գրող է: Մենք այսպիսով օգնում ենք մերձենալ և մոտենալ Այվազյանին», միջոցառումից առաջ PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում ասաց բանասիրական գիտությունների թեկնածու, այվազյանագետ Անի Փաշայանը: Նա նաև ասաց, որ այս տարի ընթերցումներին մասնակցում են նաև Արցախից և Գյումրիից ժամանած մասնագետներ: «Նա, որպես մտավորական, որպես հրապարակախոս և պարզապես որպես գրող` ուղղեցույց է: Նրա երևույթն ինքնին ուղղեցույց է, նրա միտքը, նրա` ապագայի նկատմամբ կանխատեսումները շատ կօգնեն մեր ժողովրդին հասկանալու շատ հարցեր», հավելեց այվազյանագետը:

Այվազյանական ընթերցումներն առաջին անգամ կազմակերպվել են 2008 թ-ին, երկրորդը` 2010-ին: Այդ տարի կազմակերպվեց նաև Այվազյանական փառատոն, որի շրջանակում տարբեր թատերախմբեր ներկայացրել են մեծ վարպետի պիեսները: 2012 թ-ին նույնպես կանցկացվի այդ փառատոնը:

Այվազյանը ծնվել է 1925թ. մարտի 23-ին, Ախալցխայում: Սովորել է Թբիլիսիի Գեղարվեստի ակադեմիայում, Թբիլիսիի համալսարանի բանասիրական ֆակուլտետում, Երևանի գեղարվեստաթատերական ինստիտուտում: Մեծ վարպետի առաջին պատմվածքը տպագրվել է 1954թ. Երևանի «Ոզնի» ամսագրում: Աշխատել է գրական և կինո մամուլում, եղել է «Հայություն» թերթի գլխավոր խմբագիրը: Նրա սցենարներով «Հայֆիլմում» և մոսկովյան կինոստուդիաներում նկարահանվել են 15-ից ավելի գեղարվեստական կինոնկարներ, իսկ Այվազյանը որպես բեմադրող-ռեժիսոր իրականացրել է 4 ֆիլմ: Նրա ստեղծագործությունները թարգմանվել են ռուսերեն, բուլղարերեն, չեխերեն, անգլերեն և այլ լեզուներով: 1967-ին «Հայֆիլմ» կինոստուդիան նրա սցենարով նկարահանել է «Եռանկյունին» կինոնկարը, որը երկրորդ մրցանակ է շահել 1968-ի լենինգրադյան համամիութենական փառատոնում։ 90-ականների սկզբին խմբագրել է «Հայություն» շաբաթաթերթը: Նրա սցենարով «Հայֆիլմը» նկարել է նաև «Հայրիկ» գեղարվեստական կինոնկարը։ 1982-ին «Հայֆիլմ» կինոստուդիան Աղասի Այվազյանի «Կովկասյան էսպերանտո» պատմվածքի հիման վրա նկարահանել է «Լիրիկական երթ» գեղարվեստական կինոնկարը, որի ռեժիսորը եղել է ինքը` սցենարի հեղինակը։ Ա. Այվազյանn իր «Վանոն և գորոդովոյը» պատմվածքի հիման վրա գրել է «Վառած լապտեր» կինոնկարի սցենարը, որը Բեռլինի կինոփառատոնում արժանացել է Ֆիպրեսսի մրցանակի:

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---